Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կիսագրագետ և հակաեկեղեցական տեքստերը մե՞կ անձի մտքի ծնունդ են, որ բաշխվում են համեմատաբար թույլ ունակություններով անձանց՝ արտասանելու համար, թե՞ կա Հայ Եկեղեցու դեմ Ատելության խոսքի տարածման առընթեր մարմին». Տեր Աբրահամ Մարտիրոսյան

Մայիս 16,2024 14:53

Օրերս ուղղորդված մեծ հարձակում կա Հայ Եկեղեցու դեմ՝ պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժմամբ։ Իշխանական մամուլը, և, ինչը որ ցավալի է, բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ անհիմն և չփաստված հայտարարություններով ու գրառումներով փորձում են ստվերել Հայ Եկեղեցու պատմական դերն ու նշանակությունը մեր ազգային կյանքում, պետությանն ու պետականությանը վերաբերող խնդիրներում։ Եվ կարծես թե Հայոց Եկեղեցու՝ իբրև ինստիտուտի հանդեպ ատելության խոսքի տարածման և հայ հոգևորականի հավաքական կերպարի թիրախավորման ապազգային շքերթը դեռ շարունակվում է…

Անհիմն դատողություններն ու կիսագրագետ հայտարարություններն իրենց գագաթնակետին են հասել ի դեմ Ռուստամ Բաքոյանի մտքի կցկտուր առկայծումների: Սույն անձնավորությունը ջանք չի խնայում ետ չմնալ որոշ կուսակցական ընկերներից և իր հավատարմությունը ցույց տալու համար պատրաստակամ է ողջ ուժով քծնել Հայոց Եկեղեցու դեմ գեներացվող կեղծ թեզերի գաղափարախոսներին: Սա շարունակում է քպ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանների, Հրաչյա Հակոբյանների և նմանօրինակ որոշ անձանց արդեն դասական դարձած ունայնախոսությունը։ Բաքոյանն ուզում է հասկանալ՝ «Աստծո տանը ծառայողները բիզնեսմեննե՞ր են, Աստծո տանը պետք է ծառայե՞ն, զբաղվեն բիզնեսո՞վ, թե՞ քաղաքականությամբ»։ Մենք էլ ուզում ենք հասկանալ՝ այս կիսագրագետ և հակաեկեղեցական տեքստերը մե՞կ անձի մտքի ծնունդ են, որ բաշխվում են համեմատաբար թույլ ունակություններով անձանց՝ արտասանելու համար, թե՞ կա Հայ Եկեղեցու դեմ Ատելության խոսքի տարածման առընթեր մարմին։ Բայց ավելի կարևոր է հասկանալ՝ ո՞վ է այս տղային թույլ տվել վիրավորել Հայ Եկեղեցու հոգևորականներին։ Լինելով եզդիական համայնքի անդամ նա խոսելուց առաջ պիտի ծանր ու թեթև աներ, թե ինչ բարոյական իրավունքով է մտնում այդ պատասխանատու բեռի տակ: Հայտնի է, սակայն, որ այս մարդը չգիտի, թե ինչ ասել է պատասխանատվություն սեփական խոսքի հանդեպ:

Հայոց Եկեղեցին և հայ մարդն առհասարակ միշտ հարգանքով է վերաբերվել մեր երկրում ապրող ազգային բոլոր փոքրամասնություններին՝ անկախ այն բանից, թե ինչ կրոնական պատկանելություն ունեն նրանք: Ուրախ ենք նաև, որ հայ-եզդիական եղբայրական հարաբերությունները միշտ ջերմ են եղել և այսօր էլ շարունակվում են նույն ոգով:

Անհասկանալի է, թե Ռուստամ Բաքոյանն ինչ նպատակով, կամ թե ինչի դիմաց է լծվել հայ-եզդիական հարաբերությունները խաթարելու անպտուղ առաքելությանը: Եվ այսպիսի մեկին պատգամավորական աթո՞ռ է վստահվել: Հայոց Եկեղեցու, կամ թե հայ հոգևորականի հավաքական կերպարի հանիրավի թիրախավորմամբ Ռուստամ Բաքոյանը վիրավորել է Հայոց Եկեղեցու հետևորդների կրոնական զգացմունքները, աշխարհասփյուռ հայության գերակշիռ մեծամասնությանը:

Չցանկանալով անդրադառնալ Բաքոյանի մտքի մյուս փայլատակումներին՝ ակնկալում ենք, որ ինքն անդրադառնա իր իսկ հնչեցրած մտքերին, խորհուրդ հարցնի իրենից ավագ, կյանքի փորձ ունեցող մարդկանցից և օր առաջ ներողություն խնդրի հայ և եզդի ժողովուրդներից։

Հ.Գ. Կուզեինք հասկանալ. Հայ Եկեղեցու և հայ հոգևորականի թիրախավորումը և վերջինիս հանդեպ ատելության խոսքի տարածումը որքա՞ն են դեռևս շարունակվելու, և արդյոք իմաստություն և քաջություն կունենա՞ն համապատասխան ղեկավար մարմիններն ու քպական մյուս պատգամավորները՝ դադարեցնելու հակաեկեղեցական այս արշավը։

Տեր Աբրահամ Մարտիրոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031