«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե Կոտայքի փոխմարզպետը ցանկանում է աշխատանքից ազատել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին՝ հավելելով, որ «կարիք կա խոսելու մարզերում ու համայնքներում ՔՊ-ական պաշտոնյաների բռնապետական ձգտումների մասին»:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության համար կապվեց Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի հետ: «Անկեղծ տեղյակ չեմ, ինձ որեւէ մեկը նման բան չի հրահանգել…Ուսուցիչներից էլ որեւէ դժգոհություն չենք ստացել: Անկեղծ եմ ասում, բացարձակապես նման բան չկա»,-հեռախոսով փոխանցեց Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը:
Իոաննիսյանն «Ազատությանն» ասել էր՝ իր այդ գրառմամբ արձագանքել է այս օրերին սոցիալական ցանցերում տարածված սքրինշոթին, ըստ որի՝ Կոտայքի փոխմարզպետը ՔՊ-ի փակ խմբում գրել է. «Ովքեր մասնակցել են միտինգին, պետական ու կրթական համակարգում տեղ չունեն»:
Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր, թե դա իր գրառումն է. «Դա լկտի սուտ է, ոնց որ վերջին օրերին տեղադրվում ա մի քանի սքրինշոթեր, նույնը սա ա, սարքած ա, շատ պարզ, հասարակ, փնթի գործ արած սարքած սքրինշոթ ա: Ես այդպիսի բան չեմ գրել, իմ էջերում չի երևում, ոչ մի գաղտնի խումբ չկա ՔՊ-ում, որ գրվի, ես չգիտեմ՝ դա որտեղից են վերցրել և ով ա դրա տարածողը: Ես այդպիսի լիազորություն չունեմ՝ մարդկանց աշխատանքից ազատելու»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ