«Այն պաշտոնյաները, որոնք այդ փաստաթղթերը ստորագրում են, ուզում եմ նորից իրենց համար կրկնել՝ դուք Սահմանադրություն եք խախտում, վաղ թե ուշ պատժվելու եք եւ կապ չունի, թե ես ձեզ ինչպես եմ վերաբերվում»,- կառավարության շենքի մոտ ընթացող ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ ՀՀ-ի անունից չի կարող փաստաթղթեր ստորագրել մի կառույց, որը ընդամենը կառավարությանը կից խորհրդատվական մարմին է։
Նա պնդում է՝ ՀՀ անունից սահմանագծման և սահմանազատման պարտավորություններ կարելի է ստանձնել միայն պատշաճ կերպով վավերացված միջազգային պայմանագրով, հակառակ դեպքում, դա ապօրինի է։ Իսկ միջազգային պարտավորությունը պետք է վավերացվի և ԱԺ-ի կողմից, և ընդունվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով։
Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել՝ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման-սահմանագծման գործընթացի վերաբերյալ․ ըստ այդմ, հայկական կողմին որոշակի ժամանակ է տրվել սահմանի այդ հատվածում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները ետ քաշելու, որպեսզի այդտեղ տեղակայվեն ադրբեջանական սահմանապահ ուժերը։
Կարդացեք նաև
Ավետիք Չալաբյանը հիշեցնում է, որ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները օրերս հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի, նրա գլխավորած հանձնաժողովի անդամների եւ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ իրենց ապօրինի գործողությունների համար։
Դատախազությունն ընթացք է տվել այս հաղորդմանը՝ հանձնաժողովի անդամների մասով։ Ավետիք Չալաբյանն էլ հավելում է՝ իրենք ամենամեղմ տարբերակն էին ընտրել՝ լիազորությունների վերազանցում, բայց մի փոքր աշխատելու դեպքում, պետական դավաճանության եւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, սահմանադրական կարգի տապալման հանցակազմերն են գալու օրակարգ եւ այն պաշտոնյաները, ովքեր դա անում են, վաղ թե ուշ կանգնելու են դատարանի առջեւ։
Ըստ բանախոսի, այս ապօրինի գործընթացը հնարավոր կլինի ետ շրջել՝ Հայաստանում արագ իշխանափոխության արդյունքում։ Նաեւ խորհրդարանական ընդդիմությանը հորդորում է՝ ստորագրված արձանագրությունն անհապաղ վիճարկել ՍԴ-ում։
Ավետիք Չալաբյանն անդրադարձավ նաեւ երեկ Բագրատ սրբազանի հետ կայացած հանդիպմանը, սակայն դրանից մանրամասներ առայժմ չհրապարակեց։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ