Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը

Մայիս 16,2024 12:54

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։

Նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա խոսքով՝ ծրագրի բաղադրիչներն են՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումն է:

«2020-ի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ձեռքբերվող բնակարանի մակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով: Ձեռքբերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը»,-ասաց նախարարը։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից, աջակցության գումարը եւ դրա տոկոսագումարները վճարելու է կառավարությունը: Նախարարի խոսքով․ «Եթե հավաստագրի տրամադրման արդյունքում դրական մնացորդ է մնում, ապա մենք հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի կարողանան այդ դրական մնացորդն ուղղվեն հետեւյալ 3 ուղղություններով՝ առաջինը գյուղնշանակության հողամասի գնում՝ մինչեւ 5 մլն դրամ, երկրորդ՝ եթե ձեռքբերված անշարժ գույքը ունի վերանորոգման կարիք, կարող են վերանորոգել մինչեւ 4 մլն դրամի չափով, ինչպես նաեւ կահույքի եւ տեխնիկայի գնման հնարավորություն մինչեւ 2 մլն դրամի սահմաններում»։

Ըստ Մկրտչյանի՝ այս ծրագրի շահառու չեն կարող լինել Քաշաթաղի ծրագրի շահառուները, նաեւ այն դեպքերում, կամ եթե ընտանիքի անդամներից առնվազն մեկը դիմելու դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։

«Բնակելի տան կառուցման առանձնահատկություններն են՝ բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված եւ հրապարակված տիպային նախագծերից որեւէ մեկը: Բնակելի տան կառուցումն իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված շինկազմակերպության կողմից: Եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու համար այդպիսի նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս այս աջակցության գումարից մինչեւ 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ, քան 400 քմ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Ծրագիրը կիրականացնի երեք փուլով, ինչպես ասաց նախարարը, առաջին փուլում կընդգրկվեն 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները կամ ցանկացած այլ ընտանիք, որոնք կլինեն վարկունակ եւ աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից:

Իսկ երկրորդ փուլում կընդգրկվեն երկու անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ մեկ անչափահասով ընտանիքները, մեկնարկը ոչ ուշ, քան 2026-ի հունվարի 1-ն է:

Եվ երրորդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքները եւ մեկնարկը ոչ ուշ, քան 2027-ի հունվարի 1-ը։

Մկրտչյանն ասաց, որ ծրագիրը կմտնի գործնական փուլ մինչեւ հուլիսի 15-ը՝ ծրագրի կարգը հաստատելուց հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ գումարը ոչ թե ընտանիքին է տրվում, այլ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031