«Հրապարակի» զրուցակիցն է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
– Միջազգային կազմակերպություններ, ատյաններ կա՞ն, որոնց միջոցով հնարավոր է ճնշել ադրբեջանական բռնապետությանը, եւ դա ո՞վ պետք է նախաձեռնի։
– Մեխանիզմներ կան, իհարկե, ընդհանուր աշխարհաքաղաքականությունը եւ պետությունների կամ միջազգային կառույցների հետ համընկնող շահերը կարեւոր գործոն են, այսինքն՝ միջազգային իրավունքում, կարծում եմ, բավականին կոշտ գործիքակազմ գոյություն ունի, սակայն դրա գործադրումը միշտ ունի քաղաքական կոմպոնենտ եւ նախապայմաններ։ Օրինակ, նման միջոցներ կարող է լինել մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառումը, ինչը ծանոթ է արեւմտյան շատ երկրների, օրինակ, այն ինտենսիվ կիրառվում է Միացյալ Նահանգների կողմից։ Պետության նկատմամբ պատժամիջոցների մեխանիզմներ եւս գոյություն ունեն, բայց դրանք ավելի ներազդող եւ կոպիտ գործիքներ են եւ էապես ազդելու են միջպետական փոխհարաբերությունների վրա: Կարծում եմ, քանի դեռ անհատներին պատժելու կամ հետապնդելու գործընթաց չի եղել, դժվար է սպասել պետության նկատմամբ սանկցիաների կիրառման: Դրա հավանականությունը շատ փոքր է՝ ներկա իրողությունների պայմաններում։ Եվ, իհարկե, կան քվազի դատական գործընթացներ, որտեղ պետության պատասխանատվության հարց էլ կարող է դրվել։ Այդպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի տարաբնույթ մեխանիզմները: Հիմնական դերակատարը, կարծում եմ, պետք է լինի պետությունը․ որոշ ատյաններում անհատական գործողությունների հնարավորություն կա, սակայն, եթե մենք ակնկալում ենք պետության նկատմամբ պատժամիջոցներ կամ այլ կոշտ միջոցների կիրառում, այստեղ երկրի դիվանագիտությունը պետք է հաղթանակ տանի եւ ճիշտ քաղաքական դիրքավորում ունենա: Այս առումով Հայաստանի հրապարակային առաջ քաշած թեզերը որեւէ նախադրյալ չեն ստեղծում պատժամիջոցների կիրառման համար։ Հասարակական կազմակերպությունները կարող են գործել, սակայն Հայաստանի այս քաղաքականությունը խոչընդոտում է կտրուկ գործողությունների կատարմանն Ադրբեջանի նկատմամբ։
– Փաստորեն, ՀՀ իշխանությունները հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելու համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու գործընթացի՞ն են խոչընդոտում։
Կարդացեք նաև
– Խոչընդոտում են Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման գործընթացին, քանի որ հրապարակայնորեն ազդակներ են հղում, որ կա կառուցողական երկխոսություն, եւ հարցերը երկկողմանի բարիդրացիական հարաբերություններում կստանան իրենց լուծումը։ Մինչդեռ միջազգային ընկալմամբ՝ պատժամիջոցները վերջին միջոցն են, եւ այս ճանապարհով միջամտում են, փորձում են ներազդել պետության նկատմամբ, քանի որ այլ մեթոդները, այդ թվում՝ բանակցությունները, արդյունք չեն տվել։ Հայաստանի իշխանությունները նման թեզերի միջոցով նվազեցնում են պատժամիջոցների կիրառման հավանականությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։
– Բայց ռազմագերիներին ազատելու ուղղությամբ որեւէ քայլ անո՞ւմ է ՀՀ իշխանությունը, եւ որքանո՞վ է դա արդյունավետ։
– Քայլեր արվում են, միջպետական գանգատ կա ռազմագերիների եւ այլ անձանց մասով՝ ՄԻԵԴ-ում, բայց, մեր գնահատմամբ, իրավական գործընթացներից զատ պետք է լինեն քաղաքական գործընթացներ, իսկ ռազմագերիների հայրենադարձման հարցով բանակցություններ չեն ընթանում, եւ ռազմագերիների վերադարձի հարցը կապված է քաղաքական օրակարգի այլ խնդիրների հանգուցալուծման, այդ թվում՝ սահմանազատման, տարածքային զիջումների, անգամ սահմանադրական փոփոխությունների եւ այլ պահանջների բավարարման հետ։ Եվ քանի դեռ Ադրբեջանն ամբողջ ծավալով չի ստացել իր քաղաքական պահանջների բավարարումը, հայերն այնտեղ որպես պատանդ պահվում են՝ ապահովելու Հայաստանի իշխանությունների կողմից այդ բնույթի պարտավորությունների, խոստումների կատարումը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: