Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակ «ճանապարհային քարտեզի»՝ ժամանակի ընթացքում հայկական կողմը ոչինչ չձեռնարկեց, որ բանակցային գործընթացը տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. «Փաստ»

Մայիս 16,2024 09:18

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր «ճանապարհային քարտեզը», որն իբր ներկայացնում էր ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիները։ Ու ամենակարևոր անելիքների 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզի առաջին կետում նշված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին։

Բայց համանախագահության հովանու ներքո այդպես էլ բանակցային գործընթացը չվերականգնվեց՝ չնայած Հայաստանի իշխանությունները փորձում էին ցույց տալ, թե հատուկ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ։ Երբ Ադրբեջանը ներկայացրեց Հայաստանի հետ բանակցությունների համար առաջնահերթություն հանդիսացող 5 կետը, հայկական կողմն էլ 6 սկզբունք ներկայացրեց, որի 6-րդ կետում նշվում էր բանակցությունների կազմակերպման համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմելու մասին։

Բայց ժամանակի ընթացքում հայկական կողմը ոչինչ չձեռնարկեց, որ բանակցային գործընթացը տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները ներգրավվեցին Ադրբեջանի հետ առցանց բանակցությունների մեջ։

Իսկ հետո Ադրբեջանը պահանջեց, որ երկու երկրների միջև բանակցությունները ընթանան առանց միջնորդների՝ երկկողմ ձևաչափով։ Ու, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի այդ պահանջը ևս կատարվում է։ Ի՞նչ է դա նշանակում այն պարագայում, երբ Հայաստանը բանակցություններում ներկայացնում է պարտված ղեկավար: Դա նշանակում է, որ Բաքուն ինչպես ուզի, կարող է այնպես էլ իրեն պահել, անընդհատ պահանջներ ներկայացնել, սանձարձակություն դրսևորել և այլն։ Բայց փոխանակ հանդիպումներ կազմակերպելու համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, ներկայացնելու իրավիճակը և փորձելու նրանց ներգրավել պրոցեսում, Փաշինյանն անընդհատ այն թեզն է առաջ մղում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև հակասություններ կան, դրա համար էլ չի ստացվում վերականգնել բանակցային ձևաչափը։

Այդ դեպքում կարելի էր գոնե յուրաքանչյուր կողմի հետ առանձին աշխատել։ Իհարկե, այնպես չէ, որ նախկինում մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից էլ՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջև հակասություններ չեն եղել, բայց ՄԽ համանախագահության այս ինստիտուտը տարիներ շարունակ գործել է։ Ավելին, սա այն եզակի հարթակներից է, որտեղ Արևմուտքը և ՌԴ-ն միասնական ձևաչափով են հանդես եկել։ Նույնը կարող է լինել հիմա, ու որքան էլ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված լինեն, որոշակի հարցեր կան, որոնց շուրջ այս կողմերը համագործակցում են։

Ի՞նչ ունենք այսօր: Իսկ ունենք այն, որ արդեն Ալիևն ու Բայրամովը նոր պահանջ են առաջ քաշում, այն է՝ հայկական կողմը պետք է հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտից, ու Հայաստանից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա այս հայտարարություններին։ Իսկ այս ինստիտուտի լուծարումը նշանակում է, որ վերջնականապես միջազգային հարթակում փակվում է Արցախի հարցը, որի կարգավորման մանդատը տրված էր Մինսկի խմբին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031