Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիս Ավետիսյան. «Հանձնվել ոչ մի պարագայում չի կարելի»

Մայիս 16,2024 00:03

«Մարտական եղբայրություն» միաբանությունը այսօր բացօթյա քննարկում էր կազմակերպել` նվիրված Արցախյան պատերազմի հաղթանակի 30-ամյակին, որին մասնակցեցին Արցախյան  պատերազմների մասնակիցները, շարքային քաղաքացիներ։

«Մարտական եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը Aravot.am-ին ներկայացրեց միջոցառման նպատակները եւ թե ինչ ուղերձներ են ուզում փոխանցել հանրությանը։

«Մայիսի 12-ին լրացավ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի  30-ամյակը։ Եվ հետաքրքիրն այն է, որ ես չեմ հիշում, որ անցած երեսուն տարիներին այդ օրը երբեւէ նշենք պատշաճ շուքով։ Մինչդեռ, դա եղել է հաղթանակ, որի նմանը մենք 1918 թվականից հետո  երբեւէ չենք ունեցել։

Այսօր փորձում ենք հիշեցնել հասարակությանը, որ այդպիսի հաղթանակ ենք ունեցել։ Հիմա միայն պարտություններն են մեր աչքը մտցնում, թե մենք պարտվող ենք, արդեն չենք կարող հաղթել։ Ոչ, հաղթել ենք ու նորից կարող ենք հաղթել։ Իշխանությունն է պարտվել, բայց մենք ենք այդ պարտության ամոթալի բեռը, դառը համը տանում մեր ուսերին։

Այս միջոցառման եւ ընդհանրապես մեր առաջնային ուղերձներից մեկը չհանձնվելն է ու պայքարելը, եղած իրավիճակի հետ չհաշտվելը։ Սա ճակատագիր չէ։ Այդպես ստացվել է։ Այո, պարտվել ենք։ Բայց հնարավոր է, դրա ներուժը կա մեր մեջ, որպեսզի մեր մեջքը շտկենք եւ նորից դեպի հաղթանակները գնանք»։

Մեր հարցին, թե դրա ճանապարհը որն է, զրուցակիցը պատասխանեց. «Առաջին հերթին այս ապիկար իշխանությունից ազատվելը։ Իշխանությունը պետք է հեռանա։ Պետք է գան նոր մարդիկ, որոնք ունակ են իրենց ուսերին վերցնել այդ ծանր բեռը եւ առաջ գնան»։

Ավետիսը եւ նրա ընկերներն ու համախոհները նոր պատերազմով սպառնալիքներից չեն վախենում։ «Միշտ էլ պատերազմի վտանգը կա։ Բոլոր երկրներն էլ ունեն պատերազմի հետ բախվելու վտանգ։ Իշխանությունը  միշտ վախերի մեջ պահելով, ահաբեկելով ժողովրդին պահում է հնազանդության մեջ։ Իրականում պատերազմը չի լինի միայն մի դեպքում, եթե մենք պատրաստվենք պատերազմի, երբ թշնամին տեսնի, որ իր դիմացը ուժ կա ու ինքը կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ։ Առավել եւս, որ դրա առիթներ բազմիցս ունեցել է։ Բայց երբ տեսնում է դեմը ուժ չկա, պատերազմ կսկսի։ Իսկ եթե պատերազմ պետք է լինի, ավելի լավ է կանգնել եւ կռվել։ Հանձնվել ոչ մի պարագայում չի կարելի։

Իշխանությունը անունը դրել է խաղաղություն, բայց այս քայլերով տանում է նոր եւ ավելի աղետալի պատերազմի։

Մեր ամուր դիրքերն անընդհատ զիջելով` թշնամին մեր համար ավելի վատ, իր համար` ավելի լավ դիրքերից է վաղը հարձակվելու մեր վրա»,-ասաց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031