Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես Ֆրանսիա եկա ուտոպիստական գաղափարներով, բայց…»

Մայիս 16,2024 12:30

Հարցազրույց Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի հետ։

Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանը Ֆրանսիայում է ապրում արդեն շուրջ 10 տարի։ Նրա նոր վեպը՝ «Ապաստանը», վերջերս լույս տեսավ «Ակտուալ Արվեստ» հրատարակչությամբ։ Սա հեղինակի արդեն երկրորդ գիրքն է, որ լույս է տեսնում Հայաստանում իր մեկնելուց հետո։ Առաջինը «Երրորդ սեռն» էր՝ «Էջ» հրատարակչությամբ։

Թեքգյոզյանը 7 գրքի հեղինակ է։ Նրա «Փախչող քաղաք» վեպը հրատարակվել է անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ սերբերեն, իսկ «Երրորդ սեռը»՝ ֆրանսերեն:

– Արդյո՞ք ձեր գրականությունը փոխվեց, երբ փոխվեց միջավայրը։ Դուք հիմա գրում եք նաեւ ֆրանսերեն։ Ի՞նչ տվեց ֆրանսերեն սովորելը ձեզ՝ որպես գրող։

– Հիմա, որ հետ եմ նայում, տեսնում եմ, որ ինչ-որ տարօրինակ բան կատարվեց: Իմ հեռանալը սկիզբ էր, որը տարբեր ենթասկիզբներ ուներ: Իսկ սկիզբը միշտ տարօրինակ է լինում: Ժամանակի բաժանման մեջ, ես բառերի հավաքագրող դարձա: Սկզբում ինձ թվում էր, թե դրանք սոսկ բառեր էին՝ լեզուն յուրացնելու հնար կամ փորձ: Բայց հետագայում բառերը ձեւափոխվեցին, երեւի թե մարդացան: Հստակ հիշում եմ, թե որտեղ, ինչ միջավայրում եմ այս կամ այն բառը սովորել: Ավելին՝  տեսնում եմ մարդկանց, որոնք ինձ տվել են այդ բառերը: Այլ կերպ ասած՝ ֆրանսերենի յուրացումը ինձանում հարաբերությունների ստեղծման հետ է զուգորդվում: Բառը լոկ բառ չէ, այն մարդ է, հարաբերություն, զգացմունք, ճանապարհ: Եվ որպեսզի խոսեմ, գրեմ կամ նիշային այդ հսկայական համակարգում ապրեմ՝ իմ մտքում բազմաթիվ դետալներով սխեմա է գործում:

Մյուս կարեւոր հարցը լեզուների՝ հայերենի եւ ֆրանսերենի ապրումակցումն է: Պատահական չէ, որ հենց ապրումակցում տերմինն ընտրեցի: Ի՞նչ լեզվով գրել: Ի՞նչ փոխհարաբերություններ կունենան այս երկու երբեմն խանդոտ, զգայուն օրգանիզմները: Թարգմանե՞լ, թե՞ գրել:

– Բայց շարունակում եք գրել հայերեն…

– Որպեսզի պարզ դառնա, նշեմ, որ իմ՝ Ֆրանսիայում եղած գրեթե ինը տարիների ընթացքում չորս վեպ եմ գրել, արձակ բանաստեղծությունների շարք, էսսեներ, պոտքաստի տեքստեր, հոդվածներ եւ միջոցառումների սցենարներ: Չհաշված՝ թատերական ներկայացումներում եւ տարբեր միջոցառումներում իմ մասնակցությունը:

Ես Ֆրանսիա եկա ուտոպիստական գաղափարներով՝ գրել, խաղալ, թարգմանվել, թարգմանել, արտիստական միջավայրում լինել, բայց ի զարմանս ինձ՝ հրաշքի պես բան կատարվեց: Ես շարունակեցի… Երեւի վերսկսեցի… Քառասունից հետո արվեստում լինելը գրեթե անհնար է… Բայց…

Վերադառնամ լեզուների համագործակցության թեմային: Մտածում էի՝ հայերենը պահեմ էն ամենի համար, ինչն առավել թանկ է ինձ, իսկ պոտքաստի տեքստերը, հոդվածները, միջոցառումների սցենարները գրեմ միայն ֆրանսերեն: Ֆրանսերենը լինելով սարսափելի խանդոտ՝ հայերենի հանդեպ միանգամայն հանդուրժող գտնվեց: Ավելին՝ էս երկու լեզուները սկսեցին համագործակցել: Ես տեքստը գրում եմ հայերեն, հետո՝ ֆրանսերեն, հետո հայերենը վերանայում եմ… Հիմա կարող եմ հստակ ասել, որ ֆրանսերենն օգնեց ինձ ազատվել իմ հայերենում առկա ավելորդ ճյուղավորումից: Բայց վերջերս մեկ այլ տարօրինակ բան կատարվեց: Մի հրաշալի լուսանկարչուհու հետ ես ծրագիր ունեմ, որի իրագործումն ընթացքի մեջ է: Հանկարծակի արձակ բանաստեղծությունների մի շարք ծնվեց… ֆրանսերեն… Որեւէ կերպ այդ տեքստը ես չկարողացա հայերեն վերաշարադրել…

– Բացի գրելուց, ինչո՞վ եք զբաղվում հիմա։

– Ֆրանսիան ինձ աննկարագրելի տարբեր ու անընդհատ վերաձեւավորվող զգացողություն է պարգեւում: Օրինակ՝ Մեծ շրջանի մասին պոտքաստի տեքստերը գրելու համար չորս հեղինակ էր հրավիրված՝ երկուսը գերմանացի, երկուսը՝ ֆրանսիացի, որից մեկը ես էի: Ինձ համար մի քիչ տարօրինակ սկիզբ էր, երբ իմ տեքստերը սկսեցին ֆրանսերենից այլ լեզուներով՝ գերմաներեն եւ հոլանդերեն թարգմանվել:

Ինչ վերաբերում է «Ապաստան» վեպին, սա հենց այդ տեքստերի հավաքագրումն է: Իրական միջադեպեր, իրական մարդիկ, ովքեր վեպի տարածք բերեցին ինձ նվիրած բառերը: Էս վեպը մինչեւ հիմա ինձանում կենդանի զգացմունքներ է առաջացնում, ինքը ապրում է, երբ ամեն անգամ ես հանդիպում եմ հերոսներին, քայլում եմ նրանց անցած ճանապարհով: Իմ ճանապարհով…

Մյուս կարեւոր իրողությունը, որը ես Ֆրանսիայում զգացի, ինձանում եղած մշակույթների առկայությունն էր: Ինձ համար եւս անակնկալ էր այն փաստը, որ ես վեց տարբեր մշակույթի կրող եմ, մի բան, որ Հայաստանում չէի զգացել:

– Ինչի մասին է «Ապաստանը»։

– «Ապաստան» վեպը ներկայիս Եվրոպայի պատկերի ուրվագծումն է: Լրահոսը կոպիտ, դետալներից զուրկ պլակատ է: Կործանվող Արեւմուտքի պատկեր, խռովություններ, էմիգրացիոն դժվարություններ, ֆլան-ֆստան… Իրականում… Ես շաբաթական յոթանասունից ութանասուն տարբեր երեխաների հետ եմ աշխատում, տարբեր թաղամասերում տեղակայված չորս տարբեր դպրոցներում: Երեխաների միջոցով հստակ տեսանելի է հասարակության մեջ առկա խոցերը, շտկելու ու բարելավելու բացերը: Դեմոկրատիան դափնիներ տանել չի կարողանում: Այն մշտական աշխատանք ու հոգածություն է պահանջում: Բայց լավն ու վատը, բացն ու բարին տեսնելով՝ ես որպես անձ, մի քիչ էլ՝ արվեստագետ, ֆրանսիական ներկայիս հասարակության հետ դաժան հակամարտության մեջ չեմ: Իսկ առանց էս զգացողության՝ անհնար է երջանիկ լինել…

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031