Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի մշակած ու թելադրած պայմաններով

Մայիս 16,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագիծ` առանց ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմա՞ն

Երեւանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել էր, թե ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը, ապա հավելել էր, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար, շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։ Ղազախստանի նախագահն ընդգծել էր, թե Ղազախստանը չի հավակնում միջնորդի դերին՝ ընդամենը հարթակ է տրամադրում:

Ապրիլի 19-ին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Այս հայտարարությունից չորս օր անց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Փաշինյանի` Մոսկվա կատարած վերջին այցից երկու օր անց Միրզոյան-Բայրամով հանդիպումն էր ծրագրված, որը Մոսկվան նախապես արդեն ողջունել էր: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հավելել էր նաեւ, որ Մոսկվան պատրաստ է շարունակել այն աջակցությունը, որը «միտված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի արձանագրմանը»։

Միրզոյանն ու Բայրամովը մոտ կես տարվա դադարից հետո խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները վերսկսեցին մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տեւած այդ քննարկումներից հետո, սակայն, Երեւանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին:

Ալմաթիում ծրագրված հանդիպումը ողջունեց նաեւ Վաշինգտոնը: Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել էին. «Ալմաթին կարեւոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը։ Ինչպես բազմիցս նշել ենք՝ մենք ոգեւորված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մինչ օրս արձանագրված առաջընթացից եւ աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»։

Հայաստանը պատրաստ է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, այլեւ առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, մայիսի 10-ին Ալմաթիում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը, որը Ղազախստանում մոտ երկուսուկես ամսվա դադարից հետո սկսում էր բանակցություններն ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ «Կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր վարչական եւ մաքսային ընթացակարգերը կհամաձայնեցվեն երկկողմանի համաձայնությամբ փոխադարձության սկզբունքին համաձայն»,- հայտարարեց Միրզոյանը:

Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել էր, որ համատեղ ջանքերով՝ արդեն ավարտին են հասցվում սահմանային սյուների տեղադրման աշխատանքները Տավուշի հատվածում: Բայրամովի խոսքով՝ վերջին բանակցություններից հետո կարեւոր տարր է ապրիլի 19-ին ստորագրված արձանագրությունը, որով հայ – ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման գործընթացին սկիզբ դրվեց: «Ուրախալի է, որ սույն արձանագրության դրույթները կատարվել են սահմանված ժամկետներում։ Կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ, պետական սահմանի համապատասխան հատվածների ականազերծումն իրականացվել է համատեղ ջանքերով, ճշտվել են աշխարհագրական կոորդինատները եւ ավարտվում է այս տարածքում սահմանային սյուների տեղադրումը», -նկատեց Բայրամովը: Նա Ղազախստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ վստահություն էր հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այդ օրը մեկնարկելիք բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։ Ի դեպ, հանդիպումից առաջ Բաքուն հայտարարել էր, թե այդ օրվա հանդիպումը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ է լինելու:

Միրզոյանն, իր հերթին, Ալմաթիում շեշտել էր բանակցությունները ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։ «Կարեւոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում ե՛ւ Հայաստանի վարչապետը, ե՛ւ Ադրբեջանի նախագահը տարբեր ձեւաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաեւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաեւ վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա», -նշել էր ՀՀ արտգործնախարարը:

Այսպիսով, Ալմաթին նոր կետ դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ բանակցություններում: Մինչ Մոսկվան պնդում էր, թե խաղաղությանը կարելի է հասնել միայն իրականացնելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Վաշինգտոնը Երեւանի եւ Բաքվի միջեւ առանց միջնորդի բանակցությունները ողջունեց:

Նկատենք նաեւ, որ Ադրբեջանի նախագահը կարծիք էր հայտնել, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ առանց միջնորդի, ուղիղ բանակցությունները կարող են ավելի արդյունավետ լինել. «Երբ Երեւանն ու Բաքուն մենակ են շփվում, եւ ոչ ոք չի ցանկանում իրավիճակն օգտագործել իր քաղաքական նպատակների համար, վաղ թե ուշ կարողանում են համաձայնության գալ»։

Հատկանշական է, որ շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմանի ստորագրություններով հաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սակայն դրանից օրեր անց, մայիսի սկզբին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արձանագրեց, որ Բաքուն դժկամություն է ցուցաբերում՝ պայմանագրի նախագծում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելու հարցում, ասել է թե` Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման առումով Երեւանն ու Բաքուն դեռ համաձայնություն չունեն:

Ընդ որում, Միրզոյանը դա նշեց խաղաղության պայմանագրի ադրբեջանական վերջին խմբագրումը ստանալուց հետո: «Մենք տեսնում ենք, որ մեր հարեւանները դեռ դժկամություն են ցուցաբերում՝ Ալմա-Աթայի հռչակագրին հստակ եւ միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, եւ որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները», – ասել էր նա։

Արաբական Al-Jazeera-ին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանը, ըստ էության, կրկին նշեց՝ հղում Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական հիմք, խաղաղության պայմանագրում ամրագրել դեռ չի հաջողվել։ «Սա սկզբունքներից մեկն է, եւ եթե մեզ հաջողվի հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման քաղաքական հիմք եւ որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք խաղաղության պայմանագրի նախագծում, որի շուրջ մենք այժմ բանակցում ենք, ապա կարելի է ասել, որ շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը»,- նշել էր նա։

Ի՞նչ է ստացվում… Եթե պաշտոնական Բաքուն կողմ է սահմանագծման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով, հետագայում էլ այն ամրագրել երկկողմ հանձնաժողովների օրակարգում` ինչո՞ւ է ընդդիմանում նույնը խաղաղության պայմանագրում ներառելուն: Երկու ամիս առաջ էլ Միրզոյանն ասել էր, որ Բաքուն 1991-ին ընդունված այդ փաստաթղթի հղումը հեռացնում է բանակցվող տեքստից:

Այսինքն, խաղաղության պայմանագիրը, որն իր նշանակությամբ շատ ավելի ծանրակշիռ ու կարեւոր փաստաթուղթ է, դրանում տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի ներառելը, բնական է, որ հստակ սահմանում կլինի, որից էլ, փաստորեն, պաշտոնական Բաքուն հետեւողականորեն խուսափում է:

Առհասարակ, սա ամենեւին էլ անսպասելի պահվածք չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ալիեւն օրերս նշեց, թե Հայաստանի հետ բանակցություններն «ընթանում են Բաքվի պատրաստած փաստաթղթերի հիման վրա»: Այսինքն, բանակցվող փաստաթուղթը հենց Բաքուն է առաջարկել: Հետեւաբար, այս իրավիճակում այլ բան Բաքվից սպասելը միամտություն կլիներ:

Ահա, այս մթնոլորտում էլ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպեցին: Երկօրյա բանակցությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում էինք. «Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը եւ այդ ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները: Նախարարները եւ նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»:

Թե կոնկրետ ո՞ր հարցերն են, որոնց շուրջ տարաձայնությունները դեռեւս պահպանվում են, չէր նշվում:

Նկատենք, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ողջունեցին Միրզոյան-Բայրամով հանդիպումը` այն համարելով որպես նոր փուլ։ Ֆրանսիան ընդգծեց 1991թ. Ալմաթիի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը Երեւանի ու Բաքվի հավատարմությունը վերահաստատելու կարեւորությունը՝ 2022թ. հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ։ Փարիզը կոչ արեց Երեւանին եւ Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի ստորագրված արձանագրության սկզբունքների վրա, ինչպես նաեւ շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։ «Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցությունների անցկացմանը», – նշեց Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ շեշտելով, որ գործընկերների հետ կշարունակի աշխատել Հարավային Կովկասում արդար եւ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացին, ճեպազրույցում նշեց ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել էր Պատելից, թե Վաշինգտոնը շփումներ ունեցե՞լ է կողմերի հետ Ղազախստանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո եւ առհասարակ ԱՄՆ-ն այսօր ինչպիսի՞ շփումներ ունի Երեւանի եւ Բաքվի հետ խաղաղության բանակցությունների շրջանակներում։ Պատելը նշել էր՝ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է՝ շեշտելով՝ պետքարտուղարն ու մյուսները խորապես ներգրավված են այս հարցում։ «Ես կողմերի միջեւ բանակցությունների վերաբերյալ նորություններ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին», – եզրափակել էր Պատելը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի սկզբին Միրզոյանը «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում արձանագրեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցում Երեւանն ու Բաքուն դեռ համաձայնություն չունեն, կարելի է ենթադրել, որ Բաքուն շարունակում է ի ցույց դնել իր քմահաճություններն այս հարցում, նույնիսկ այն պայմաններում, երբ պաշտոնական Երեւանը` Միրզոյանի մակարդակով հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, այլեւ առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031