Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ օրգանիզմը «տանել չի կարողանում» կաթը․ ի՞նչ է լակտոզի անտանելիությունը և ինչպե՞ս վարվել այդ խնդրի դեպքում

Մայիս 16,2024 09:30

Կաթնասունների կաթի կազմում պարունակվող այս երկշաքարը կազմված է գլյուկոզից ու գալակտոզից, կարող է բավականին անհարմարություններ պատճառել մարդուն, որը պարզապես թարմ կաթ է խմում՝ անգամ չկասկածելով, որ իր օրգանիզմը «տանել չի կարողանում» լակտոզը։ Եվ, ինչպես պարզվում է, այդպիսի խնդիր ունի աշխարհի բնակչության ավելի քան 65 տոկոսը․ լակտոզի անտանելիությունը աշխարհում առավել տարածված սննդային անտանելիության տեսակներից մեկն է, որն ավելի բնորոշ է արևելաասիական, աֆրիկական, հրեական, հունական, արաբական ու իտալական ծագում ունեցող մարդկանց համար։

Ի՞նչ է լակտոզի անտանելիությունը

Լակտոզի անտանելիություն է համարվում այն վիճակը, երբ մարսողական համակարգում լակտոզը (կաթնաշաքար) մարսելու համար բավականաչափ ֆերմենտ (լակտազ) չի արտադրվում: Այս դեպքում բարակ աղիքից լիովին կամ մասամբ չմարսված լակտոզը, հայտնվելով հաստ աղիքում, սկսում է փոխազդեցության մեջ մտնել բակտերիաների հետ, ինչի հետևանքով 30 րոպեից 2 ժամ անց առաջանում են այսպիսի ախտանշաններ՝

  • որովայնի ցավ,
  • փքվածություն,
  • գազեր,
  • կծկումներ,
  • փորլուծություն։

Ախտանշանների ծանրության աստիճանն ու լակտոզի նկատմամբ հանդուրժողականության սահմանը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր լինել։

Լակտոզանտանելիության 3 հիմնական տեսակներ կան՝ բնածին, առաջնային ու  երկրորդային։ 

Լակտազի անբավարարությունը հազվադեպ է բնածին խնդիր լինում, ավելի հաճախ այն զարգանում է աստիճանաբար՝ տարիքի հետ (առաջնային) կամ հանկարծակի՝ որևէ վարակից կամ հիվանդությունից հետո (երկրորդային)։ Լակտազի անբավարարությունը կամ լակտոզի անտանելիությունը կարող է լինել ժամանակավոր խնդիր, բայց և կարող է պահպանվել անժամկետ։

Լակտոզի անտանելիությունը չպետք է շփոթել կաթից ալերգիայի հետ։

Լակտոզի անտանելիությունը մեկ կամ մի քանի շաքարի ներծծման խանգարում է, իսկ կաթից ալերգիան որոշ հակագեների կամ սպիտակուցների նկատմամբ իմունային պատասխանն է։ Կաթից ալերգիան վտանգավոր խնդիր է, որը կարող է հանգեցնել անաֆիլաքսիայի և անգամ մահվան։ Լակտոզի անտանելիությունը տհաճ և երբեմն էլ ցավոտ խնդիր է, սակայն առողջական նման լուրջ վտանգներ չի կարող առաջացնել։

Որո՞նք են ռիսկի գործոնները

Լակտոզի անտանելիության զարգացման ռիսկի գործոններն են՝

  • ազգային պատկանելիությունը,
  • տարիքը,
  • ընտանեկան պատմությունը,
  • տրավմայի կամ հիվանդության հետևանքով բարակ աղիքի վնասվածքները,
  • քաղցկեղի բուժման որոշ տեսակները,
  • երկար ժամանակ կաթնամթերք չօգտագործելը և այլն։

Ինչպե՞ս է ախտորոշվում

Լակտոզի անտանելիությունը ախտորոշվում է լակտոզի տոլերանտության, ջրածնի շնչառական թեստերի  միջոցով։

Տոլերանտության թեստի միջոցով լակտոզի բարձր քանակներ պարունակող հեղուկ խմելուց երկու ժամ անց չափվում է արյան մեջ շաքարի մակարդակը, և եթե գլյուկոզի մակարդակը չի բարձրանում, նշանակում է մարդը լավ չի մարսում ու յուրացնում լակտոզը։

Ջրածնի շնչառական թեստը չափում է մարդու արտաշնչած օդում ջրածնի քանակը՝ կաթնաշաքարով հարուստ հեղուկ խմելուց հետո: Արտաշնչած օդում ջրածնի մեծ քանակը ևս ցույց է տալիս, որ լակտոզը լիովին չի մարսվում ու յուրացվում օրգանիզմի կողմից։

Բուժումը

Լակտոզի անտանելիության բուժումն իրականացվում է սննդակարգի փոփոխությունների, լակտազի հավելումների, ինչպես նաև հիմնական խնդրի վերացման միջոցով։

Որ մթերքների օգտագործումն է պետք սահմանափակել

Աղիների առողջությունը պահպանելու, քրոնիկ բորբոքման զարգացումը կանխելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել և, կախված ախտանշանների ծանրությունից, անգամ խուսափել այն մթերքների օգտագործումից, որոնք լակտոզի բարձր մակարդակ են պարունակում, այդ թվում՝

  • կովի, ոչխարի կաթ,
  • չոր յուղազերծ կաթ,
  • խտացրած կաթ,
  • սերուցք,
  • կաթնաշոռ,
  • փափուկ պանրի տեսակներ,
  • թթվասեր,
  • պաղպաղակ։

Մթերքներ, որոնք կարելի է օգտագործել

Կաթնամթերքի որոշ տեսակներ ավելի քիչ քանակով են լակտոզ պարունակում կամ միևնույն ժամանակ պարունակում են այնպիսի բակտերիաներ, որոնք օգնում են յուրացնել լակտոզը։ Այդպիսի մթերքներ են՝

  • պինդ պանրի տեսակները՝ պարմեզան, չեդեր, շվեյցարական պանիր,
  • ֆետա պանիր,
  • յոգուրտ,
  • կարագ։

Բժիշկը կարող է խորհուրդ տալ նաև լակտազի հավելումների օգտագործումը, որոնք լավացնում են լակտոզի յուրացումը։ Այդ հավելումները թողարկվում են փոշու, հաբերի, պատիճների, կաթիլների տեսքով։

Եթե ձեզ մոտ ախտորոշվել է լակտոզի անտանելիություն, և դուք դադարել եք լակտոզով հարուստ մթերքների օգտագործումը, սակայն ախտանշանները  պահպանվում են, ապա հարկավոր է անցնել լրացուցիչ հետազոտություններ՝ մարսողական այլ խնդիրները բացառելու կամ հայտնաբերելու համար։ Երբեմն լակտոզանտանելիությունը կարող է ուղեկցվել այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են ցելիակիան, բարակ աղիքային բակտերիային գերաճը, գրգռված աղու համախտանիշը, աղիների բորբոքային հիվանդությունները։

Լակտոզի օգտագործումը նվազեցնելուց կամ լակտազի հավելումներ ընդունելուց զատ խորհուրդ է տրվում նաև կատարել հետևյալ քայլերը՝ լակտոզի անտանելիության դրսևորումները նվազեցնելու կամ վերացնելու համար

  • Օգտագործել պրոբիոտիկներ․ Lactobacillus и Bifidobacterium աղիքային բակտերիաները կարող են օգնել, որ կաթնաշաքարն ավելի լավ յուրացվի։
  • Կաթնաշաքար պարունակող մթերքներն օրվա ընթացքում օգտագործել քիչ-քիչ, այլ ոչ թե մեծ չափաբաժիններով։
  • Կաթնամթերքի օգտագործումն ավելացնել աստիճանաբար։
  • Նվազեցնել քրոնիկ բորբոքումը՝ կանոնավոր զբաղվելով ֆիզիկական վարժություններով, օգտագործելով բանջարեղենով ու օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ, քնին բավարար ժամանակ հատկացնելով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Healthnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031