44-օրյա պատերազմում նահատակված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, որ մասնակցում էր Ազգային օպերայի մոտ Բագրատ սրբազանի առաջնորդած բողոքի ցույցին, վրդովված դժգոհություն հայտնեց Նիկոլ Փաշինյանի «հակահայ գործունեությունից» եւ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով Երեւանի կենտրոնական փողոցները շրջափակած հազարավոր ոստիկաններից։
«Ես չեմ ուզում, որ մեր երկիրն այսպես լինի։ Պրծնենք այս ստոր դավաճանից, ազատենք երկիրը, համերաշխ ապրենք։ Դա հնարավոր է։ Նիկոլի նմաննե՞րն են գահից ընկել։ Աստվածաշնչում մի հրաշալի խոսք կա. ամեն մարդ ինքն է փորում իր դիմացի փոսը։ Այս ամեն ինչի բեմադրողը Նիկոլն է։ Ասում է՝ ո՞վ է մեղավոր։ Դու ես մեղավոր…։ Քեզ ո՞նց բերեցին։ Հեծանիվով էիր ման գալիս։ Դուխդ հերիքո՞ւմ է, հեծանվով արի Օպերա։
Նայեք այս ոստիկաններին։ Բա էդ եվրոպացիները, որ հիմա գալիս են, չե՞ն տեսնում ինչ բռնատիրություն է։ Ոստիկանապետություն ես սարքել։ Սա եվրոպական ժողովրդավարությո՞ւն է, որ Հռոմի պապ կոչվածը ասպետի կոչում է տալիս իր ժողովրդի դավաճանին, Եվրոպան բաստիոն է հռչակում Հայաստանը։ Սա՞ է իրենց ժողովրդավարության բաստիոնը։ Նվիրում ենք իրենց։ Թող վերցնեն, տանեն, Եվրոպայում կառուցեն։
Եվրոպան այսօր վերածվել է անսեռ, անկրոն, անազգ մի համույթի։ Եվ ուզում են մեզ էլ էսպիսին դարձնել։ Եվրատեսիլը տեսաք չէ՞։ Եվրոպայի պարզ դեմքն էր։ Էս ոստիկաններից եթե անգամ մեկն ասի, որ ուզում է, որ Եվրատեսիլում հաղթող անսեռի նման զավակ ունենալ, ես իմ ձեռքը կկտրեմ։
Կարդացեք նաև
Ինչի՞ դեմ ենք պայքարում։ Մեզ պետք չէ որեւէ մեկը։ Նիկոլին նվիրում ենք Եվրոպային, Ռուսաստանին, Ամերիկային։ Ով որ բերել է, խնդրում ենք, թող տանեն իրենց երկիր։ Եթե այդքան լավն է, թող տանեն։
Որ ոստիկանապետություն է ստեղծել, եվրոպացիներն, իհարկե, գիտեն։ Հայաստանն այնքան փող ունի՞, որ այդքան ոստիկանի վճարի։ Մեր նման երկրի համար հինգ հազար ոստիկանն էլ է շատ։ Ոստիկանության թիվը հասցրել է 25 հազարի։ Ամբողջ աշխարհում սա աննախադեպ երեւույթ է։
Եվրոպան չի տվե՞լ այդ փողը, որ այսքան ոստիկան է պահում։ Սահմանում զինվորին փամփուշտ չեն տալիս, այսքան ոստիկան են պահում։ Իհարկե, Եվրոպան է տալիս այդ փողը։ Շատ կուշտ ենք այդ Եվրոպայից էլ, Ռուսաստանից էլ, Ամերիկայից էլ։ Բոլորից կուշտ ենք։ Հայն, ի վերջո, պիտի հասկանա, որ ինքը պիտի լինի իր երկրի տերը։ Ինչքան ճկվենք այս ու այն կողմ, նույն վիճակում ենք լինելու։ Մի օր Եվրոպան է փող տալու, մի օր՝ Ռուսաստանը, մի օր՝ Ամերիկան, մի օր՝ Թուրքիան։ Հնարավոր է նաեւ, որ ադրբեջանական փողով է այսքան ոստիկան պահվում։
Մոռացե՞լ եք, թե պատերազմից հետո Ալիեւն ինչ ասաց։ Ասաց՝ մենք փող կտանք, Հայաստանը պիտի ոստիկանություն պահի, Հայաստանը պիտի բանակ չունենա՝ միայն սահմանապահներ։ Եթե կռվել չի ուզում, Հայաստանն ինչո՞ւ պիտի բանակ ունենա։ Հիմա դա չի իրականացնո՞ւմ Նիկոլը։
Մենք ենք ասում, թե իշխանությունը Նիկոլին է պատկանում։ Ոչ, իշխանությունն իրականում Ալիեւին է պատկանում։ Նիկոլն էլ նրա ստրուկն է…
Բայց միեւնույն է, դրա վերջը գալու է»,-ասաց տիկին Տոնոյանը Aravot.am- ին։
Մանրամասն՝ տեսանյութում
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ