Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ֆինանսավորման հնարավորությունը

Մայիս 15,2024 23:13

Մայիսի 15-ին շարունակվել է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը:

Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների միջև հանդիպումով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի կոշտ թափոնների ծրագրի նպատակի վերաձևակերպման հնարավորությունը և ֆինանսական աջակցությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին, Երևանում ռեզիդենտ գրասենյակի հիմնումը, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը, Սյունիքի շրջանակային վարկը և այլն:

Նախարար Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաև Կոսովոյի պատվիրակության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին: Հաջորդիվ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության հետ:

Կողմերը քննարկել են Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ֆինանսավորման հնարավորությունը, ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցության նոր ուղիները, ինչպես նաև երկու գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքների ընդլայնման ուղղությունները և այլ օրակարգային հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել ՎԶԵԲ համաժողովի՝ Հայաստանի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձությունը՝ «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը: Նիստի ընթացքում ելույթով են հանդես եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստը բացառիկ հնարավորություն է՝ բացահայտելու երկրի առավելությունները գործարարությամբ զբաղվելու և մասնավոր հատվածում ու երկրի ռազմավարական նախաձեռնություններում ներդրումներ կատարելու տեսանկյունից։ Նիստի ընթացքում, մասնավորապես, ընդգծվել է ՀՀ տնտեսության ներդրումային գրավչությունը՝ շեշտը դնելով կրթության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում նախաձեռնությունների և գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու ռազմավարությունների, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկի» դերի վրա՝ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հասնելու համատեքստում:

Նիստի ժամանակ ստորագրվել է «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ փաստաթուղթը: Վերջինս ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայկական կողմից և ՎԶԵԲ Կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիտա Փարշադը ՎԶԵԲ կողմից:

Օրվա ավարտին տեղի է ունեցել ՎԶԵԲ Կառավարիչների նիստի բացման արարողությունը: Նիստին ելույթով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն և Լիտվայի ֆինանսների նախարար, ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն:

Նիստին հաջորդել է Հայաստանի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համաժողովի մասնակիցների համար ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում, որը յուրահատուկ կերպով ներկայացրել է հայկական մշակույթն իր ողջ հմայքով, ինչպես նաև բացահայտել է ՎԶԵԲ համաժողովի խորհրդանիշը՝ հավերժության նշանը: Ներկայացվել է նաև ինտերակտիվ թանգարան, որը ցուցադրել է հայկական մշակույթի ամենատարբեր տարրերը՝ գորգագործությունից մինչև խաչքարերի քանդակագործություն ու գինեգործություն: Այս ամենն ուղեկցվել է հայկական երաժշտությամբ և պարերով:

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031