Մայիսի 13-ին Լոռու մարզի բնակիչ Մ.Ա-ն ահազանգել է Ոստիկանություն՝ հայտնելով, որ «Բագրատաշենի» անցակետի մաքսային աշխատակիցները չեն վերադարձնում իր փաստաթղթերը և խնդրել է ոստիկաններին մոտենալ դեպքի վայր:
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ իր կողմից վարած «Կռայսլեռ 300» մեքենայով Վրաստանից եկել է Բագրատաշենի մաքսային անցակետ, մաքսային տեսուչին է տվել մեքենայի հաշվառման վկայագիրը և գնացել խորը զննման անգար, նշված անգարում մաքսային տեսուչ Վահե Ավագյանը եւ Նորայր Տիգրանյանը ասել են, որ բոլոր ապրանքները պետք է մաքսազերծվեն, ինչին ի պատասխան ինքն ասել է, որ չի ենթարկվում ապօրինի պահանջին և պահանջել է արձանագրություն կազմել: Ինչից հետո մոտ 2 ժամ արձանագրություն չի կազմվել:
Aravot.am-ի տեղեկություններով՝ Մ.Ա-ն վերցրել է իր անձնագիրը, ձեռագիր հայտարարագիր է լրացրել և տրամադրել Նորայր Տիգրանյանին և մեկ այլ աշխատակից Արմեն Մաթևոսյանի ընթերցմանը, որից հետո մեքենայով դուրս է եկել մաքսակետից և քայլելով հետ վերադարձել անգար, որտեղ իր մասնակցությամբ կազմվել է արձանագրություն և իրեն է վերադարձվել իր անձնագիրը եւ մեքենայի հաշվառման վկայագիրը:
Ըստ Ա.Մ-ի՝ հեռանալիս մաքսային սպասարկման և հսկողության մաքսային ավագ տեսուչ Համլետ Հարությունյանը անցման կետում պատճենահանելու պատրվակով վերցրել է մեքենայի հաշվառման վկայագիրը, ապա հրաժարվել վերադարձնել՝ ասելով, որ ցուցում է ստացել այն վերադարձնել վարույթը ավարտելուց հետո, սակայն մինչ այժմ չեն վերադարձրել: Դեպքով նախաձեռնված վարույթը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում է: