«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց օրն ու ներկայացրեց հետագա անելիքները։
Նա նշեց, որ քաղաքական ուժերի հետ հանդիպումներ են ունենում․ «Վաղը նորից հանդիպումներ կլինեն։ Մեր նպատակն է քաղաքական ամբողջ ներկապնակին հանդիպել։ Եվ առաջիկա մի քանի օրերի ընթացքում բոլորի հետ միասին պետք է հանդիպենք, եւ այն մատնանշած ծրագիրն ու ուղեգիծը, որ կա, մենք ցանկանում ենք, որ այս շաբաթվա մեջ ավարտենք։ Առաջիկա շաբաթվա մեջ հանդիպենք՝ ձեզ տեղեկացնելու, թե կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու։ Շատ կարեւեր է սա, ես գիտեմ, որ դուք որոշակիության եք սպասում, շոշափելիության եք սպասում, էս մարդու որդիների ճամբարն էլ իրար է խառնվել, որ մենք տեղեկություն չենք տալիս»։
Բագրատ սրբազանը հիշեցրեց, որ այսօր՝ մայիսի 15-ը ապօրինի սահմանազատման գործընթացի առաջին փուլի վերջնաժամկետն է։ «Այսօր տեղեկություններ ենք ստացել, որ Տավուշում հանդիպում է տեղի ունեցել։ Մինչեւ հիմա տեղեկատվություն դեռ չենք ստացել, փորձում ենք մեր աղբյուրների միջոցով ստանալ, բայց գիտենք, որ փակ է եղել։
Հետեւյալն եմ ուզում ասել՝ այսօր հատվածական, միակողմանի եւ այդ ապօրինի սահմանազատման ու սահմանագծման այդ գործընթացի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել, եւ չգիտենք՝ մեր ժողովրդի կյանքի վրա էքսպերիմենտը ուր է հասել։ տեղեկություններ չունենք, բայց ըստ այդմ պետք է այդ տարածքները, դիրքերը զիջվեն, չակերտավոր սահմանագիծ լինի եւ սահմանապահ զորքեր գան։
Կարդացեք նաև
Այս պահին տեղեկություն չունենք, թե ինչ է եղել արդյունքում, բայց այս պահին զորքերը տեղում են, եթե, իհարկե, գիշերը չտեղափոխեն։ Սա նշանակում է, որ մինչեւ այս պահը, սիրելի ժողովուրդ, դուք գործ ունեք անելու այս երկրում։ Այս ընդվզումը, անհամաձայնությունը նշանակում է, որ դուք եք իրական գործոնը, ինքներդ ձեզ գնահատեք, այդ արժեքը գնահատեք։
Մինչեւ այս պահը որեւէ տեղեկություն չունենք՝ այդ արձանագրությունները ստորագրվել են, թե՞ ոչ, սակայն այս շարժումը, որը Տավուշից սկիզբ է առել ու հասել է Երեւան, ոչ միայն խախտել է այս մարդու եւ իր գործընկերոջ ծրագիրը, այլ նաեւ խառնել է արտերկրում գտնվող բոլոր շահառու ուժերի ծրագիրը։ Ժողովուրդ, սա այս պահի դրությամբ մեծագույն ձեռքբերում է եւ այն հաղթանակը, որի վրա մենք պետք է կանգնենք ու շարունակենք մեր աշխատանքը։ Այս շարունակվող հանցագործությունը միայն մեր պայքարի միջոցով է կասեցվելու»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա նշեց, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պետք է լինի ՀՀ օրենքների համապատասխան եւ միջազգային սկզբունքների հիման վրա՝ երաշխավորների ներգրավմամբ։ Եվ մինչեւ դա իրականացնելը պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Բայց խաղաղության պայմանագիրը պետք է բխի հայ ժողովրդի շահերից։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ