Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել եւ թույլ չի տալիս, որպեսզի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած անձինք շարժվեն դեպի Ազատության հրապարակ։ Ոստիկանների գործողությունները ղեկավարում է անձամբ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը:
Լրագրողների հետ զրույցում Արամ Հովհաննիսյանը հայտարարեց․ «Միջոցառում է, երբ որ վերջացավ, ճանապարհը կբացվի, երբ որ վերջացավ, մենք ավելորդ ժամանակ չունենք ծառայելու»։ Հարցին, թե մարզերի՞ց էլ են ոստիկաններ բերել մայրաքաղաք, նա պատասխանեց․ «Ոստիկանությունում ծառայությունը կարող է Երեւանից տանենք մարզեր, մարզերից բերենք այստեղ, դա այդ խնդիրը չէ»։
Հարցին, թե հիշո՞ւմ է՝ վերջին անգամ երբ է Երեւանի Կենտրոնն այսպես պարալիզացված եղել, նա պատասխանեց․ «Չեմ հիշում՝ վերջին ժամանակներում երբ է եղել, որ տարբեր երկրներից 2000-ից ավելի հյուրեր լինեն այստեղ։ Պատճառը միայն դա է, ուրիշ բան չկա»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ ոստիկանները լրագրողների նկատմամբ էլ են բռնություն գործադրում, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց․
«Լրագրողների նկատմամբ մեծ հարգանք ենք վայելում մենք։ Ծառայողական քննությունները նշանակված են, վարույթը կվերջանա, կպարզենք ինչ է կատարվում՝ իրականում մեղավորություն ունեն ոստիկանության ծառայողները, թե՞ չէ։ Եթե ունեն, իհարկե, կպատժվեն։ Ես ուզում եմ, որ ոչ մեկդ չմտածի, որ լրագրողների հետ կապված ինչ-որ միտում կա, միգուցե իրավիճակի տակ ստացվի հրմշտել, բայց որ միտումնավոր ինչ-որ ոստիկան ցուցում ունենա կամ փորձի կատարել, համոզված եղեք, լրագրողներ ջան, չկա նման բան»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ