Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանությունը մեծ ուժեր էր կենտրոնացրել եւ թույլ չի տալիս, որպեսզի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած անձինք գնային դեպի Ազատության հրապարակ։ Ոստիկանների գործողությունները ղեկավարում է անձամբ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հարցրեց Արամ Հովհաննիսյանին․ «Կարելի՞ է իմանալ, ի՞նչն է խնդիրը»։ Ի պատասխան Արամ Հովհաննիսյանն ասաց․ «Եկեք պայմանավորվենք, այս ճանապարհն արդեն բաց է, կարող ենք հանգիստ քայլել, խնդրում ենք ժողովրդին ընդհարման չտանել»։
«Հիմա հենց դուք ընդհարման տանելու ուղին եք օգտագործում»,- ասաց Բագրատ սրբազանը։ Արամ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ մինչեւ 22։00-ն ճանապարհը փակ է։ Նա առաջարկեց այլ ճանապարհով գնալ։ «Ճանապարհը բաց է, իմանամ ճանապարհ չկա, կասեմ հա, բայց ճանապարհը բաց է»,- նշեց Արամ Հովհաննիսյանը։
Ոստիկանապետն ասաց, որ հյուրեր կան քաղաքում, այդ պատճառով են նման միջոցառումներ ձեռնարկվել։ Հարցին, որ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքում հյուրեր կան, ինչո՞ւ են ուժեղացված ծառայություն իրականացնում, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Հասարակական կարգ ենք պահում, խնդրում եմ էլ հարցեր չտաք»։
Կարդացեք նաև
«Սխալ եք պահում ձեզ»,- ասաց Բագրատ սրբազանը։ «Սխալ չեմ պահում ինձ, ծառայություն ենք անում»։ «Ո՞ւմ եք ծառայում, պարոն գեներալ»,- հարցրեց Բագրատ սրբազանը։ «Ժողովրդին, հայրենիքին»,- արձագանքեց Արամ Հովհաննիսյանը։
Բագրատ սրբազանը հայտարարեց․ «Հստակ ասում եմ՝ եթե այստեղ որեւէ սադրանք, հրահրում տեղի ունեցավ, ուրեմն Նիկոլ Փաշինյանի մեղքն է եւ ոստիկանության, իրենց ղեկավար կազմի եւ իրականացնողների»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ