«Ա1+». Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանաշանակիր Տիգրան Կարենի Ավանեսյանն այսօր կդառնար 28 տարեկան։ Տիգրանն անմահացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ թշնամու հրահրած հերթական ագրեսիայի հետևանքով։
Տիգրանն Ասկերանից էր, նոր էր ամուսնացել, երբ պատերազմը սկսվեց։ «Հուլիսի 8-ը իմ կյանքի ամենաուրախ ու ամենաերջանիկ օրն էր, Տիգրանս այդ օրը ամուսնացավ,- հուզմունքը զսպելով ասում է մայրը։ «Հիմա ուրախանում եմ, երբ Եռաբլուր եմ գնում։ Անհամբեր սպասում եմ կիրակի օրվան, որ գնամ տղայիս այցելության։ Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ էնքան ջահել կյանքեր այնտեղ։ Եղբորս տղան՝ Արսենն էլ է նույն օրը զոհվել՝ ցավս կրկնապատկել»։
Տիգրանի ընտրյալը՝ Ալիսան ասում է, որ սեպտեմբերի 12-ին է ամուսնուն դիրքեր ճանապարհել։ «Ու այդ օրվանից սկսում էի հետհաշվարկը՝ անհամբեր սպասում նրա վերադարձին։ Սեպտեմբերի 19-ը փշրեց մեր բոլոր երազանքները, իմ սպասումները հավերժացան… Այդքանից հետո գոնե հայրենիք ունենայինք»։
Ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալագրերով. Արժանացել՝ «Տիգրան Մեծ» մեդալի։ Հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալ։
Կարդացեք նաև
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: