«Ես ուզում եմ, որ բոլորի համախոհությամբ լինի մեր օրակարգը»,- դեպի Ազատության հրապարակ ճանապարհին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազան Գալստանյանը՝ հավելելով, որ այս օրերին քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների մեջ են եւ առաջիկայում անելիքների ամբողջական ճանապարհային քարտեզը կներկայացնեն։
Բագրատ սրբազանը տեղեկացրեց, որ այսօր արդեն հանդիպել են «Ապրելու երկիր» կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ, եզդիական համայնքի, բժիշկների հետ։
«Առաջիկայում բոլոր քաղաքական ուժերով համատեղ կհավաքվեն եւ քաղաքական որոշումներ կկայացնեն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Սրբազանը դատապարտեց իշխանության գործողությունները․ մասնավորաբար պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատելը՝ քայլերթի ժամանակ իրեն ողջագուրվելու համար, նաեւ՝ Երեւանի փոքր կենտրոնում ոստիկանական ուժերի կենտրոնացումը։
Իր գնահատմամբ, հրաժարական տալու համար, Նիկոլ Փաշինյանին վախն է խանգարում․ «Տեսեք, թե ինչպիսի վախի մեջ են ապրում այս մարդիկ։ Մարդ, որը հեծանիվով էր շրջում, այսքան ոստիկանների է բերել եւ փոքր կենտրոնը պարալիզացրել է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ