Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու փողոցում ընկած իշխանությունը չեն վերցնում. Էդգար Ղազարյանի մեկնաբանությունը

Մայիս 15,2024 16:31

Հարցին՝ որ հայտնի խոսքով՝ իշխանությունը փողոցում գցած է, ինչու չի հաջողվում այն վերցնել, երբ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն այլեւս վարկանիշ չունի, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսպես արձագանքեց. «Մեծամասնությունը Gallup-ի հարցումներով տվել է հրաժարականի պահանջը, այսինքն` հասարակության մեջ դեռեւս լեգիտիմ ակնկալիք կա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցված որոշում կայացնի եւ հեռանա, չսպասի քաղաքական այլ զարգացումների, ինչը եւ սահմանադրական եւ տրամաբանական է:

Բայց եթե այդ տարբերակը մի կողմ ենք թողնում, որ նա միեւնույն է, չի գնում եւ մինչեւ հիմա չի գնացել այդ ճանապարհով, անգամ հանրային մեծ ճնշումը, երբ մայիսի 9-ին գեներացված էր Հանրապետության հրապարակում եւ Բագրատ Սրբազանը նրան մեկ ժամ ժամանակ տվեց այդ որոշումը կայացնելու համար, բայց նա չկայացրեց, այդ տեսանկյունից որ նայում ենք՝ ամենամեծ ակնկալիքն անվստահության գործընթացից է, տարբերությունը, որ դա ավելի քիչ է, քան հրաժարականինը, պայմանավորված է թերեւս նրանով, որ եւ քարոզչական դաշտում եւ ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններում եւ այլնում վստահություն չկա, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից այս գործընթացին կմիանան»:

Էդգար Ղազարյանի խոսքով. «Դեռեւս այդ գործընթացի իրատեսության հետ կապված անհանգստություն կա, որ միգուցե դա հնարավոր է անել, բայց արդյունքի հասնելու տեսանկյունից դա դեռեւս համարվում է ոչ շատ հնարավոր, եւ դրանով է պայմանավորված, որ դրա նկատմամբ կողմ վերաբերմունք ունեցող մարդիկ շատ ավելի քիչ են, քան հրաժարականի ակնկալիք ունեցողները: Ամեն դեպքում տպավորիչ է, որ իրավական լուծումների հակված մարդիկ կան:

Մենք ունենք մի շարք դիմումներ դատախազությունում՝ զոհված զինծառայողների ծնողների դիմումը , որով պահանջում են Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել ու պատասխանատվության ենթարկել՝ պատերազմի հանգամանքների հետ կապված, կա Արա Զոհրաբյանի եւ Հայկ Նահապետյանի կողմից դիմում, Հայաքվե նախաձեռնությունն է նոր դիմում ներկայացրել՝ կոնկրետ Տավուշի մարզի սահմանազատման գործընթացի հետ կապված: Այսինքն, բազմաթիվ պաշտոնական դիմումներ կան դատախազությունում, որոնցից որեւէ մեկի ընթացքը կարող է հանգեցնել նրա պաշտոնի ժամանակավոր դադարեցմանը: Եվ հասարակությունը դրա հետ կապված ունի սպասումներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031