Օպերայի շենքի շրջակայքը եւ Ազատության հրապարակը շրջափակված են ոստիկանական մեծաքանակ ուժերով, փակ են տարածքի սրճարանները, մարդկանց շարժը դեպի Ազատության հրապարակ սահմանափակված է։
Ոստիկանները պատճառաբանում են, թե միջոցառում կա։ Անցորդների տարակուսած հարցերին էլ պատասխանում են՝ լրատվականներին հետեւել՝ հասկանալու համար, թե ինչ միջոցառում է։
Մուտքը Ազատության հրապարակ թույլատրվում է միայն Հյուսիսային պողոտայի կողմից։ Իսկ Հյուսիսային պողոտան այս պահին բավական մարդաշատ է։ Թումանյան փողոցը Հյուսիսային պողոտային հարող հատվածում ամբողջությամբ փակված է մետաղյա ձողերով։ Ոստիկանները արգելում են քաղաքացիների անցումը Մաշտոցի պողոտայով:
Ազատ տեղաշարժի այս սահմանափակումները բարկացնում են մարդկանց եւ նախատինքի տարբեր խոսքերով դիմում են ոստիկաններին․ «Դուք մեզ համար չեք կանգնում, Նիկոլի համար եք կանգնում, որ Նիկոլին լավ լինի։ Սա է՞ դեմոկրատիայի բաստեոնը։ Սա դեմոկրատական է՞․ թքել եմ այսպիսի ազատության եւ դեմոկրատիայի վրա։ Սա նույնիսկ ոստիկանապետություն չի, ենիչերապետություն է»
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր 16․00-ին հանրահավաք էր հայտարարել Ազատության հրապարակում։ Ցուցարարները սբ․ Աննա եկեղեցու բակից, երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ։
Ըստ «Ազգային ճակատի»՝ Օպերայի շրջակա տարածքում գտնվող «Ատլանտիկ» սրճարանի աշխատակիցը հաղորդեց, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ն հյուրեր չընդունել։ Իսկ «Մեղեդի» սրճարանի աշխատակիցն ասաց, որ սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ։
Կառավարության շենքի առջև պահպանություն իրականացնող ոստիկանները այս պահին տեղում չեն:
ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15:00-20:00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
«Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ