«Այդժամ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»
Հովհաննեսի Ավետարան 8: 31-32
Ես չեմ ցանկանում խոսել, թե ում ականջներն են երևում Բագրատ Սրբազանի հետևում և ես չեմ ցանկանում խոսել, թե Նիկոլ Փաշինյանը որ երկրի օրակարգն է սպասարկում: Այս ամենի մասին բավականաչափ ամեն օր արդեն իսկ խոսվում է տարբեր հարթակներում, և արդեն տաղտկալի է լսել այդ պարզագույն ամենը:
Բագրատ Սրբազանի այս պայքարն ամեն ինչից զատ, անգամ լավագույն մտադրությունների պարագայում, և անկախ արդյունքից, միևնույնն է՝ հանգեցնելու է մեր արտաքին քաղաքականության մեջ գեոպոլիտիկ որևէ կենտրոնի հետ մերձեցմանը: Բայց այժմ ոչ դրա մասին:
Կարդացեք նաև
Խնդիրն այն է, որ կողմերից մեկնումեկի հաղթանակի դեպքում, միևնույնն է, անորոշությունն ու տուրբուլենտությունը հասարակական-քաղաքական կյանքում շարունակվելու է ու սա անդադար շարունակվելու է, եթե հասարակության ներսում չձևավորվի կոնկրետ 7 հարցի շուրջ կոնսենսուս, որի դեպքում միայն քաղաքական դաշտը կինքնամաքրվի և պարարտ հող կստեղծվի նոր քաղաքական ուժերի և դերակատարների ի հայտ գալու համար:
Ամենևին չաջակցելով ո’չ իշխող ուժին և ո’չ էլ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, այնուամենայնիվ պետք է փաստենք, որ քաղաքական դաշտն այնքան է ամլացել, այնքան է սնանկ, որ արդեն իսկ բարձրաստիճան եկեղեցականներն են փորձում քաղաքական առաջնորդության դրոշակը վերցնել: Ինչպես ասվում է հայտնի ռուսական ասացվածքում՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Սակայն Հայ Առաքելական Եկեղեցին, այս իրավիճակում, երբ բարձրաստիճան հոգևորականությունը չի վայելում այն հասարակական լեգիտիմությունը, որն անհրաժեշտ է հասարակության ներսում ազգային-քաղաքական առաջնորդություն իրականացնելու համար, էլ ավելի է կորցնելու իր լեգիտիմության մակարդակն, անկախ Բագրատ Սրբազանի պայքարի արդյունքներից, և էլ ավելի է մոտեցնելու վերափոխման շրջանը, որը կանգնած է Եկեղեցու դռների առջև և թակում է տևական ժամանակ: Եկեղեցուն պետք են վերափոխումներ, և դրանք, որքան էլ որ առաջին հայացքից թվա աբսուրդային, կենսական են Հայաստանի Հանրապետության արդյունավետ գոյության, նամանավանդ արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Սակայն, կրկին այժմ ոչ այդ մասին:
Տպավորություն է ստեղծվում, որ Արցախի հարցում նշաձողն իջեցնելով, իջեցվել է նաև քաղաքական մտքի նշաձողը հավասարվելով շրիշակի մակարդակին: Ծայրահեղ պարզագույն քաղաքական երկու հիմնական օրակարգի շուրջ են ընթանում ներհասարակական դեբատները, որոնց դժվար է անգամ քաղաքական օրակարգեր կոչել: Դիվանագետների խորհրդի հնչեցված թեզերն, իմ խորին համոզմամբ, ուղղակի թե անուղղակի ՌԴ հետ մերձեցման ճանապարհային քարտեզ են, և ճիշտ դրա հակապատկերն են, իմ ընկալմամբ, իշխանության արդեն գրեթե անթաքույց հնչեցվող թեզերն, որոնք ոչ այլ ինչ են, քան Արևմուտքի հետ մերձեցման ճանապարհային քարտեզ: Մեր գեոպոլիտիկ կողմնորոշման հարցը ինքնաբերաբար կարող է լուծվել ներքոգրյալ 7 հարցերի պատասխանների դեպքում միայն, և այդ կողմնորոշում-ընտրությունը կլինի տևական և կայուն, մի բան, որ մեզ համար այդքան անհրաժեշտ է այժմ` ներսում կայունություն, համախմբվածություն և խաղաղություն:
Այդ 7 հարցի շուրջ պետք է սկսել ներհասարակական երկխոսություն, որպեսզի այս քաղաքական տուրբուլենտությունն ի վերջո կանգ առնի, և Հայաստան կոչվող փոքրիկ նավակը կարողանա դիմագրավել իրեն բաժին հասած մրրիկներին ու չխորտակվել այս ալեկոծ և մոլեգնող ծովում: Ինչպես ասում էր Հովհաննես Թումանյանը «Ներսից է գալու փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:
1.Առաջին հարցը, որի շուրջ պետք է համազգային կոնսենսուս ձևավորել` պատասխանելն է, թե ո՞վ է իրական սեփականատերը Արցախյան հիմնախնդրի սկզբնավորման: Արդյոք դա հայկական պահանջ էր` Հայաստանի կամ Արցախի հայության, թե խորհրդային ՊԱԿ-ի կողմից հրամցվող օրակարգ, որը հաջողությամբ պսակվեց տարածաշրջանում խաղաղության բացակայությունն ապահովելու համար: Հնարավոր է արդյո՞ք մեկ այլ գեոպոլիտիկ կենտրոնին էր դա ձեռք տալիս, կամ անգամ ռեգիոնալ այլ կենտրոնների: Ի՞նչ կլիներ, ինչպե՞ս կընթանար Հայաստանի ընթացքը, եթե Արցախի հիմնախնդիրն ի սկզբանե չլիներ: Արդյո՞ք մենք կարող էինք խաղաղ գոյակցել ու համագործակցել Ադրբեջանի հետ այդ դեպքում: Այս հարցի պատասխանից կախված են շատ այլ հարցերի ինքնաբերական պատասխաններ, օրինակի համար միգուցե մեր հյուսիսային հարևանին ոչ մի կերպ ձեռք չէր տալիս ունենալ կայուն խաղաղություն տարածաշրջանում, որպեսզի Ադրբեջանը չկարողանա ինքնուրույն խաղ վարել և մերձենալ իր բնական դաշնակից Թուրքիայի հետ, և ստեղծել տնտեսական մեծ Թուրանը:
Կամ նույն հյուսիսային հարևանն ուներ որոշակի մտահոգություններ իր հարավային մահմեդական շրջանների թուրքական ազդեցության տակ ընկնելու մասով և իր սեփական երկրի բզկտման սկզբնավորումն էր փորձում կանխարգելել: Իսկ միգուցե Թուրքիային էր դա անհրաժեշտ, որպեսզի Ադրբեջանին էլ ավելի մերձեցնի իրեն: Սրանք վարկածներ են, որոնց շուրջ առկա են տարբեր կարծիքներ Հայաստանում, բայց որոնց շուրջ մենք պետք է ունենանք երկխոսություն, բացահայտենք ճշմարտությունը և ձևավորենք կոնսենսուս:
2.Երկրորդ հարցը, որին մենք պետք է կարողանանք պատասխանել դա այն է, թե ո՞վ է Արցախի առաջին պատերազմի հաղթանակի կերտման իրական սեփականատերը. Մենք ինքներս, մենք Ռուսաստանի հետ միասին, թե մենք ի հեճուկս Ռուսաստանի: Կրկին, մի ստվար զանգված օրնիբուն քարոզում է, որ առանց Ռուսաստանի օգնության այդ հաղթանակը հնարավոր չէր լինի, որով նսեմացվում է մեր հաղթանակը, բայց ինչն ավելի սարսափելի է՝ դրանով իսկ ստորացվում է հայը, որպես մի ազգություն, որն ունակ չէ անկախ և ինքնուրույն հաղթանակներ կերտել:
Չնայած այն հանգամանքին, որ ես խորապես համոզված եմ, որ այդ հաղթանակի կերտողները բացառապես մենք էինք ամեն առումով, բայց երկխոսություն անհրաժեշտ է և ճշմարտության հաստատումը կենսական կարևորություն ունի սեփական ուժերով միայն մեր անվտանգությունը պահպանելու հարցում վստահության կամ դրա բացակայության ձևավորման համար: Մենք պարտավոր են պատասխանել այս ցավոտ և կնճռոտ հարցերին: Առանց պատասխանելու այս հարցին՝ մենք միշտ դեգերելու ենք մեր անվտանգության ապահովման համար արտաքին հովանավորներ փնտրելով:
3.Ամենից երկարակյաց և որոշ ժամանակներին իշխանություն ձևավորած երկու կուսակցությունների դերակատարման հարցին ևս պետք է անդրադառնանք և մենք պարզենք թե, ո՞րն է ՀՅԴ և ՀՀԿ դերակատարումը պետականության կայացման գործում և թե ինչպե՞ս են ձևավորվում նրանց քաղաքական օրակարգերը:
4.Շատ մի պարզ քրեական գործի իրական բացահայտումը աներկբա կարևորություն ունի մեր համար: Ո՞վ է հոկտեմբերի 27-ի իրական շահառուն գեոպոլիտիկ կենտրոններից ու ով է Հայաստանի ներսում դրա կազմակերպման գործի գլխին կանգնած եղել: Չցանկանալով այստեղ անուններ նշել, սակայն հասարակության ներսում առկա են խորը կասկածներ այդ ոճրագործության կազմակերպման մեջ որոշակի անձանց մասնակցության մասով: Եվ այս հարցի շուրջ պետք է պարզություն ձևավորել և տալ դրանց պատասխանները և ձևավորել կոնսենսուս, որը կրկին կօժանդակի հասարակական համերաշխության ձևավորմանը: Ամենևին մեղադրանք չներկայացնելով որևէ մեկին, սակայն սա անկյունաքարային հարց է և պարբերաբար օգտագործվում է զանազան քաղաքական ուժերի կողմից:
5.Հաջորդ հարցը, որից էլ, ըստ էության, թափ է առել մերօրյա տուրբուլենտությունը դա 2020թ.-ի պարտության պատճառների և մեղավորների մասով հստակության ձևավորման հարցն է: Իհարկե, քաղաքագիտական կանոններով ցանկացած երկրում գործող իշխանության ժառանգությունն է հանդիսանում թե’ պարտությունը և թե’ հաղթանակը: Սակայն, երևի թե բոլորիս է պարզ, որ Հայաստանի դեպքում պատկերն այդքան էլ պարզ չէ, որի պատճառով առկա են հսկայական իրարամերժ դիրքորոշումներ հասարակության ներսում: ԱԺ քննիչ հանձնաժողովը, միգուցե ունենալով անգամ լավագույն մտադրությունները, և անգամ եթե իրական պատկերն ամբողջությամբ վերհանի և ներկայացնի, միևնույնն է չի կարող բավարարել հասարակության բոլոր շերտերի համար վստահելի և լեգիտիմ պատասխաններ, այն պարզ պատճառով, որ հասարակության մի մասի մոտ անհրաժեշտ վստահություն չունի քանի որ գլխավորվում է իշխող ուժի ներկայացուցչի կողմից: Իսկ այս հարցի պատասխանն անկյունաքարային է ներպետական համերաշխություն և խաղաղություն ապահովելու համար: Սակայն, թե որ մարմինը կամ որ կառույցը դրանով պետք է զբաղվի կրկին հարցական է, քանի որ գործող կառույցներից ցանկացածի պարագայում դա չի ունենա վստահություն հասարակության այն մասի մոտ, որը չի ընտրել գործող քաղաքական ուժին: Միգուցե անհրաժեշտ է նոր սահմանադրական մարմնի ձևավորում հստակ մանդատով և ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ բարձր անկախությամբ ընդհուպ մինչև անդամների անձեռնմխելիությամբ, որպեսզի այս ծանր բեռը կարողանա կրել:
6.Թերևս երկու առանցքային հարցերից մեկը, որի շուրջ փոքրիշատե եղել է ձևավորված երկխոսություն, բայց որը կրկին չի կարողացել հասնել իր տրամաբանական վերջաբանին, դա նա է թե ո՞րը պետք է լինի սփյուռքի դերը Հայաստանի քաղաքական կյանքում: Այստեղ նաև պետք է ներառվի նաև արցախահայությունը, որպես հայկական երկրորդ պետության հայություն: Արդյոք սփյուռքն ուղղակի կամ անուղղակի պետք է ունենա դերակատարում Հայաստանի քաղաքական կյանքում: Եթե ուղղակի դերակատարումն ի սկզբանե կարծես թե պարզ է, որ անհնար է և անցանկալի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չդառնա գերին թե’ Սփյուռքի և թե’ այն գեոպոլիտիկ կենտրոնների որտեղ գտնվում են մեր Սփյուռքի հիմնական օջախները, ապա անուղղակի դերակատարման դեպքում` ասել է թե ֆինանսավորման զանազան ուժերի, այդքան էլ հստակ չէ: Այս հարցը, չնայած նրան, որ օրինակ ԵԱՀԿ և ԵԽ ստանդարտներով արդեն ստացել է իր բացասական պատասխանը, բայց մենք պետք է ունենանք երկխոսություն և տանք կոնկրետ պատասխաններ:
Ավելի բարդ է Արցախահայության քաղաքական դերակատարության հարցը. Հասարակության մի մասի մոտ առկա է դիրքորոշում, որ արցախահայությունը չպետք է ունենա քաղաքական դերակատարություն, քանի որ նրանք պետք է դիտարկվեն փախստականներ, հետագայում որպեսզի ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա և հնարավոր լինի նվազագույնը վերաբնակեցնել նրանց Արցախում, մի մասը կարծում է, որ արցախահայությունը չպետք է ունենա դերակատարություն, քանի որ նրանց մանիպուլացման մեծ վտանգ է առկա հյուսիսային հարևանի և ՀՀ նախկին իշխանությունների կողմից, և առկա է ևս մեկ դիրքորոշում, որ արցախահայությունը պետք է ունենա հավասար դերակատարություն ՀՀ այլ քաղաքացիների նման: Սա շատ զգայուն, ցավոտ խնդիր է, որի շուրջ պետք է երկխոսել և հասնել համաձայնության և համերաշխության հասարակության բոլոր շերտերի հետ, որպեսզի ձևավորենք համազգային կոնսենսուս:
7.Եվ վերջում, արդյո՞ք մենք ցանկանում ենք ժամանակավոր խաղաղություն, երկարատև խաղաղություն, և արդյոք այս 29800 քկմ տարածքն այն տարածքն է, որը մեզ բավարարում է, թե ցանկանում ենք անկախ Արցախի վերականգնում և միջազգային ճանաչում: Արդյոք մենք այլևս պահանջատիրություն չունենք Արևմտյան Հայաստանի մեր պատմական հողերի հանդեպ:
Այստեղ տեղին է վերհիշել Նիկոլ Փաշինյանի իրական թե պատմական Հայաստանի դիլեման, սակայն պարոն Փաշինյանը մեկ շատ կարևոր հարց չի դիտարկում: Իրական Հայաստանի տեսլականը ևս պետք է քննարկվի և հասարակության շրջանում ստանա որոշակի կերպարանք, այլ ոչ թե մեկ մարդու պատկերացումն իրական Հայաստանի հրամցվի ողջ հանրությանն, որպես միակ մոդել իրական Հայաստանի: Միգուցե հանրային երկխոսության արդյունքում ստացվի այնպես, որ իրական Հայաստանը հենց խարսխված է պատմական Հայաստանի վրա և պետք է մնա խարսխված, կամ միգուցե ընդհակառակը ստացվի, որ պատմական Հայաստանը խոչընդոտում է ապագա Հայաստանի կերտմանը:
Իսկ ցավոք ներկայիս իրական Հայաստանը մի տուն է, որտեղ չկա ներքին խաղաղություն, և վայ այն տանն, որտեղ չկա ներքին խաղաղություն:
Սրանք ընդամենը տարբերակներ են, բայց այս հարցերի պատասխանի տրման միակ իրավունքն ունի Հայաստանի հասարակությունը, նա է միակ լեգիտիմ սուբյեկտն այս հարցի պատասխանի տրման համար, անկախ վերջին լեգիտիմ ընտրությունների արդյունքներից, նամանավանդ հաշվի առնելով ընտրություններին ցածր մասնակցության մակարդակը: Ավելի պարզ, այս հարցի պատասխանի լեգիտիմության միակ սուբյեկտը Հայաստանի հասարակությունն է և պատասխանի լեգիտիմությունը կախված է բացառապես նրանից:
Սրա շուրջ երկխոսության ձևավորումը հղի է վտանգներով, քանի որ թշնամին ի տարբերություն մեզ, երբ մենք էինք հաղթած, ամեն ինչ անում է, որպեսզի մենք այս հարցի շուրջ չերկխոսենք, սակայն համերաշխությունը հասարակության ներսում անհնարին է առանց այս հարցերի շուրջ երկխոսության:
Բացահայտ թշնամին` Ադրբեջանն, ամեն ինչ անում է, որպեսզի հանկարծ հայ ժողովուրդը իր իրավունքների մասին այլևս չխոսի և չբարձրաձայնի, որպեսզի ուշքի չգա անգամ իր ներսում երկխոսելով հասկանալու համար իրերի վիճակն, իր երազանքներն ու իղձերն, չկարողանա սահմանել իր նպատակները և իր անելիքներն այդ նպատակների համար: Սակայն մենք ամեն ինչից անկախ՝ պարտավոր ենք մեր ներսում երկխոսենք և հասնենք համերաշխության ի հեճուկս թշնամու սպառնալիքների, որովհետև չերկխոսելն արդեն իսկ պարտություն է:
Սակայն բախվում ենք կրկին մի կետի, երբ առկա չէ այն հարթակը, որը կարող է մոդերատորի ֆունկցիան վերցնել և իր ուսերին կրել այս առաքելությունը` երկխոսությունը ծավալելու առաքելությունը: Ցավոք Հայ Առաքելական Եկեղեցին չի կարող դա անել, ցավոք հնարավոր չէ ստեղծել նախկին Նախագահների խորհուրդ, որպեսզի այն զբաղվեր այս հարցով, ցավոք նոր ընտրություններով ձևավորված խորհրդարանը ևս ունակ չի լինի այս առաքելության իրականացման համար, եթե ընտրություններին մասնակցությունը լինի ցածր և անցնեն կրկին նույն ուժերը, ցավոք չունենք ձևավորված բարձր վստահություն վայելող շիրազներ, չարենցներ, սևակներ և այլն, հապա ո՞վ:
Այս պատային իրավիճակից ելքը կարող է լինել սահմանադրական նոր մարմնի ձևավորումը: Նման միջազգային փորձ առկա է, թեպետև և ոչ որպես սահմանադրական մարմիններ, օրինակ` Հարավային Աֆրիկայում Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովը (Truth and Reconciliation Commission), Կոլումբիայում Ազգային խաղաղության խորհուրդը (National Peace Council), Քենիայում Ազգային համախմբվածության և ինտեգրացիայի հանձնաժողովը (National Cohesion and Integration Commission) և վերջապես ամենից հաջողվածը Թունիսի Ազգային երկխոսության քառյակը (National Dialogue Quartet), որն անգամ 2015թ.-ին արժանացավ Նոբելյան խաղաղության մրցանակի:
Եվ պետք չէ զարհուրել այս երկրների փորձին հետևելու գաղափարից, քանի որ «Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում իր անձը, կբարձրացվի» (Մատթ. 23:12):
Ազգովի հպարտացել ենք և խոնարհվել այժմ, և եթե խոնարհեցնենք մեզ, ապա կբարձրացվենք:
Ազգային համերաշխության համար համազգային ապաշխարություն է պետք, և երկխոսելն, այլ ոչ բանավիճելն, այդ ապաշխարության սկիզբն է: Թող խաղաղություն լինի Թորգոմի տան մեջ, և Աստված պահապան հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը և Արցախի ժողովրդին:
Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եվս մեկ կարևոր հարց. ‘Պետք է պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւայսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդհանրապետությունը փլուզվեց այսքան արագ ու ողբերգականորեն։’ (Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ)
Ես մտածում եմ, որ վրացական կառավարությունը այս օրերին փորձում է կանգնեցնել փլուզման թափանիվը ընդունելով 20 տոկոսի շեմը օտարերկրյա գործակալ անվանվելու համար: Սա համատարած երևույթ է` թույլ, ծախու կառավարությունները դարձվում են օտարերկրյա գործալալություններ, բնակչությունը դարձվում է սպառողական զանգված, որը կառավարվում է ՆԳՕ-ներով ու ոստիկանական բիրտ ուժով: