Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը ողջունում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայրենանվեր գործունեությունը։ Մենք մեր զորակցությունն ենք հայտնում նրա առաջնորդությամբ կազմակերպվող հանրային միջոցառումներին։ Մեր միավորման անդամները ակտիվորեն մասնակցում են Բագրատ Սրբազանի կողմից համակարգվող հայրենանպաստ գործողություններին։
Սակայն մենք կարծում ենք, որ աննպատակահարմար է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցի քննարկումը գործող ԱԺ-ում: ՔՊ խմբակցությունը ԱԺ-ում ունի բացահայտ մեծամասնություն, եւ նրանք անվստահություն չեն հայտնի իրենց կողմից ընտված վարչապետին եւ նրա ձեւավորած կառավարությանը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ոտքի կանգնած Հայաստանի քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ այս կառավարության հեռացումը եւ գործող Ազգային Ժողովի լուծարումը: Կարճ ժամկետի համար պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի մեր պետությունը, կնախապատրաստի ԱԺ նոր արտահերթ արդար եւ օրինական ընտրություններ:
Բնականաբար մենք ակնկալում ենք, որ Հայաստանի՝ նոր ձեւավորվելիք իշխանությունը ստանձնելով պատասխանատվություն մեր պետությունը ղեկավարելու համար, իրականացնելու է մեր ժողովրդի նպատակները հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն, Հայաստանի սահմանների ու մեր սահմանամերձ բնակավայրերի վրա թշնամու կողմից ոտնձգություն կատարելու դեպքում՝ մենք զինվելու ենք եւ հայոց բանակի զինվորների հետ կողք կողքի պաշտպանելու ենք մեր հայրենիքը:
Կարդացեք նաև
Մենք համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանական իշխանության անկման ժամանակաշրջանին հաջորդելու է մեր պետության վերելքի ժամանակաշրջանը: Մենք հզորացնելու ենք մեր բանակը, ազատագրելու ենք թշնամու կողմից բռնազավթված Արցախը եւ մեր հայրենիքի մյուս տարածքները եւ իրականություն ենք դարձնելու մեր ազգային վերածնունդը: Հայ, Հայաստան, հայրենիք եւ Աստված:
Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման խորհուրդ
Լուսանկարում՝ Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման խորհրդի անդամ Ալբերտ Բազեյանը