«Վստահաբար կարող եմ ասել՝ այդ պահին Իշխան Գեւորգյանի մոտ զենք-զինամթերք չի եղել։ Եթե նույնիսկ, ասենք, մեքենայի մեջ մոռացված փամփուշտ կամ զենք լիներ, դա օրինական պետք է լիներ։ Անձամբ կարող եմ երաշխավորել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանն՝ անդրադառնալով կազմակերպության անդամ Իշխան Գեւորգյանի ձերբակալմանը։
Իշխան Գեւորգյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ մասնակիցներից էր, այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գեւորգյանը։ Նրանց փաստաբան Վարազդատ Հարությունյանն է, իրավապաշտպանների հայտարարության մեջ վստահեցվում է՝ քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ․ «Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։ Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որևէ հեռանկար»։
Մեզ հետ զրույցում Նաղաշ Բաղդասարյանն ասաց, որ այս ձերբակալության նպատակը անհնազանդության ցույցերին Իշխան Գեւորգյանի մասնակցությանը խոչընդոտելն է՝ հաշվի առնելով նրա ակտիվ մասնակցությունը։
Բաղդասարյանի խոսքով՝ այս ձերբակալությունը զավեշտալի է, Իշխան Գեւորգյանը «Ազատազէն»-ի համահիմնադիրն է եւ խորհրդի անդամ է․ «Մենք բոլորս «Ազատազէն»-ում մշտապես զբաղվել եւ քարոզել ենք զենքի օրինական եւ կարգապահ օգտագործելու մշակույթի տարածմամբ, անօրինական զենքի օրինականացման ուղղությամբ լոբբինգ ենք արել։ Մենք բոլոր քաղաքական գործընթացների ժամանակ, քանի որ մեր կազմակերպությունում զենքին տիրապետող մարդիկ շատ կան, ներքին էթիկայի կանոններ ունենք՝ անկախ գործընթացներից՝ մենք մեր ունեցած գիտելիքներն ու գործիքակազմը չենք օգտագործելու ներքին հարցեր լուծելու համար եւ սա բազմիցս ապացուցել ենք; Իշխանը առաջամարտիկներից է եղել այդ թեմայով, նա մասնակցել է ՆԳՆ-ի եւ ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկումներին ու նրան բռնել այդ հոդվածով, շատ ծիծաղելի է։ Ընդ որում, խոսքը միայն Իշխանի մասին չէ, մեր մյուս տղաների մասին էլ է, որոնց եւս բռնել են»։
Կարդացեք նաև
Ձերբակալվել են նաեւ «Ազատազէն»-ի անդամներ Գարրի Ավագյանը, Անդրանիկ Եղոյանը, Հայկ Տեր-Մեսրոպյանը եւ Հրաչյա Թովմասյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իշխան Գեւորգյանի հետ Վարդենիսի դիրքերում լուսանկարը՝ Նաղաշ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից