Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես հրաժարվում եմ սերմանել ատելություն, հրաժարվում եմ երազել պատերազմի կամ վրեժի մասին». Նվարդ Մանասյան. media.am

Մայիս 15,2024 11:03

media.am. Տավուշի մարզից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացը գեներացրեց իշխանության նկատմամբ հանրության մի մասում առկա դժգոհությունները և վերածեց դրանք բողոքի ցույցերի։

Ցուցարարների գործողությունները սահմանափակելու համար ոստիկանությունը ուժ է կիրառում, իշխանության ներկայացուցիչներն էլ հորդորում են եկեղեցուն չզբաղվել քաղաքականությամբ։

Թեմայի շուրջ զրուցել ենք Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, ֆեմինիստ Նվարդ Մանասյանի հետ։

Շատերը ներկայիս իրավիճակում նախընտրում են լռել, այն համարելով ավելի արժեքավոր դիրքորոշում, քան՝ դեմ կամ կողմ արտահայտվելը։ Ինչո՞ւ է այդպես։

Առաջինը, շատ կարևոր եմ համարում նշել, որ լռությունս բինար պարզունակությամբ կքած սևուսպիտակի դեմ ընդվզածի լռություն է: Այն չի կարողանում իր ասելիքի հարստությունն այդքան ածանցել, որ դառնա մոխրագույն անվանարկում պայմանական ճամբարային լավուվատի բարիկադներում:

Երկրորդը, ես հրաժարվում եմ վերարտադրել այն բռնությունը, որին ես ու ինձ նման հազարավոր անհատներ ենթարկվել եմ 2018 թվականից ի վեր ողջ կյանքի պայքարի համար ու հիմա օգտվել առիթից թիրախելու այն մարդկանց, որոնք ժամանակին չխորշեցին ոտնահարել ու նսեմացնել պայքարը հանուն մարդու, հավասարության, կնոջ ազատագրման, առանց բռնության ընտանիքի, բազմազանության, չխտրականացման, ներառվածության, կյանքի ու այս տարածաշրջանում խաղաղ ապրելու վտիտ երազանքի:

Ես շատ լավ գիտակցում եմ, որ կա արդարացի դժգոհություն ու հասկանում եմ, որ հիմա այդ դժգոհության վրա ոսկու դղյակներ կառուցողների մի շքերթ կա: Հրաժարվում եմ իրենց անվանարկել այնպես, ինչպես դա իրենք չխորշեցին անել մի քանի ձայն կորզելու ու սեփական ինչպես իրենք կասեին «ընտրազանգվածը» կոնսոլիդացնելու համար: Հրաժարվում եմ նաև իրենց կոչել ագենտներ, ինչպես իրենք արեցին ժամանակին, չամաչելով մարդկանց շրջանում տարածել եզրույթներ, որոնք որևէ քննադատության դիմանալ չէին կարողանում, չնայած ոչնչացնում էին մարդու բարի համբավն ու որոշ դեպքերում գոյացնում իրական վտանգ կյանքի համար:

Հրաժարվում եմ ընդունել բռնությունը գործադրածների ու նրանց ձայնակցողների արդարացումները, որպես կին դրանք լսել եմ լիուլի: Ես հրաժարվում եմ սերմանել ատելություն ու երազել պատերազմի կամ վրեժի մասին: ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ: Ես գիտեմ այդ ամենի գինը հայրիշխանական համակարգում ապրած կնոջ ողնաշարով:

Երրորդը, հրաժարվում եմ կյանքս ու ջանքս ներդնել անհիմն ու կեղծ բինարությունների շուրջ և իմաստ չպարունակող բանավեճերի ամլությանը տրվել, որովհետև ինձ համար չկա հայրենիք առանց պետության ու պետություն առանց հայրենիքի: Այլապես ես ամենայն հաճույքով կխոսեի ռուսերեն ամեն պատեհ կամ անպատեհ առիթով կամ կգնայի ապրելու Շվեդիա, որովհետև ըստ իս, դա լավագույն պետությունն է մարդու կյանքի համար: Եվ դրա համար է, որ մեր օրհներգի առաջին բառերը հենց այդ անքակտելիության ու անկախ հայրենիքում ապրող ազատ մարդու մասին են, միայն թե այն սրտանց երգել, հուզվել ու ամեն գնով պահել է պետք: Այդ օրհներգը մեզնից մեծ է ու խոսուն:

Չորրորդը, հրաժարվում եմ բանավեճից անցնել վիճաբանության ու հետո անխուսափելիորեն անցնել վիճելու, անպատվելու, իրար անվանարկելու, ու միայն այդ կերպ ինքնահաստատվելու տկար ու քայքայող հանգուցալուծումներից, որոնց վրա բացի մեզնից բոլորը կարող են կառուցել աշխարհաքաղաքական շահեկան գործընթացներ ու մեզ հրամցնել դեպքերի մեկնաբանության իրենց տարբերակները, որովհետև վիճաբանող հանրույթը չի կարող ունենալ սեփական պատմությունը, չնայած դպրոցում դասավանդվում է հայոց պատմություն ու անգամ դրա շուրջ վիճաբանում ենք: Ես հրաժարվում եմ լինել ինչ որ մեկի լեզվական մեծ մոդելը:

Հինգերորդը, ես հրաժարվում եմ վրեժխնդիր լինել այն ատելության համար, որով պարուրել, թրմել, ընդարմացրել են մի ողջ հանրույթի՝ չխորշելով այնպիսի ոճրագործությունից, ինչպիսին է երեխայի միտքը զտելը ու քարոզչական պաստառի վերածելը:

Վեցերորդը, այդ ոճրագործությունը իրականացրած հանցագործ համաձայնության եկած խմբի հետ գնալ խաղաղության, որովհետև որպես կին գիտեմ, թե ինչ է նշանակում հաշտեցումը բռնարարի հետ: Չկա հաշտեցում, չկա խաղաղություն, եթե այդ ամենում արժանապատվության ոտնահարման փորձը չի վերականգնվել արդարության վերահաստատմամբ ու այդտեղ չկան կողմեր: Հրաժարվում եմ չհանձնառել այս համակարգային ոտնձգության մեջ մեղադրվողներին դատարաններում տեսնելու ջանքները:

Յոթերորդը, ես հրաժարվում եմ հրաժարվել խաղաղությունից ու դրա վրա կառուցված պետական քաղաքականությունից: Ես հրաժարվում եմ վիճաբանել այն կեղծ ծուղակում հայտնվածների հետ, որոնք խաղաղությունը նույնականացնում են տկար, անպաշտպան ու անզեն կրավորականության հետ: Պատերազմի վերահաս վտանգն ու վախը չեն կարող նպաստել անկախ երկրի ազատ մարդու ձևավորմանը: Հայրենիքն առանց պետության կամ պետությունն առանց հայրենիքի պատկերացնող մարդկանց շարքում երբեք ինձ չեմ պատկերացրել, ու գիտեմ որ այդպիսիք շատ են, եվ հետևաբար նմաններիս համար չկա այլ տարբերակ քան արժանապատիվ առերեսումը սեփական հասցեում: Ես այս դիրքից եմ պնդում խաղաղության այլընտրանքի բացառումը:

Հարցազրույցը՝ Տիգրանուհի Մարտիրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031