Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե շարժումը եկեղեցական չէ, բայց շարժման վարչապետի թեկնածուն հոգևորական է, ուրեմն չկա այն աշխարհիկ քաղաքական գործիչը, ով վստահություն է ներշնչում ժողովրդին ու ընդունակ է ղեկավարել ու հաղթանակին հասցնել պայքարը

Մայիս 15,2024 10:55

2024 թվականի ապրիլի 9-ին հայաստանյան տարբեր լրատվամիջոցներով տարածվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախմբի հայտարարությունը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ՝ հորդորելով Ազգային Ժողովի պատգամավորներին մերժել նախագծի ընդունումը։ «Առավոտ» և «Հրապարակ» օրաթերթերի միջոցով ես հիացմունքով արձագանքեցի Մայր Աթոռի այդ հայտարարությանը նշելով, որ քաղաքականությամբ զբաղվելու հենց այս ոճն ու մեթոդն է, որը պատշաճ է Եկեղեցուն և օրինակելի այն հոգևորականների համար, ովքեր ստեպ-ստեպ հարցազրույցներ են տալիս։

Գենադի Մնացականյան

Նշել էի նաև, որ կարևոր է, որ հոգևորականը չանցնի այն կարմիր գծերը, որոնք Եկեղեցին գծում է իր պաշտոնական հայտարարություններում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տվյալ հոգևորականը թող խիզախություն ունենա, իրեն դուրս հռչակի Եկեղեցուց և ինքնուրույն զբաղվի քաղաքականությամբ։ Ես որևէ մեկին նկատի չունեի այդ ժամանակ, որովհետև այդ ժամանակ դեռ որևէ հոգևորական խոսքերից այն կողմ կարմիր գծեր չէր հատել։ Ես խնդրել էի, որ ասածներս ընկալվեն որպես կանխարգելիչ խոսք և զգուշավորության կոչ, որպեսզի ավելորդ անգամ ագրեսիվ հակաեկեղեցական համայնքների կողմից Եկեղեցուն քարկոծելու առիթ չտրվի։ Ակնհայտ է, որ շարժման առաջնորդը հատել է այն կարմիր գծերը, որն ի սկզբանե իր հայտարարություններով գծել էր Հայ Առաքելական Եկեղեցին և մենք արդեն ականատես եղանք բազմաթիվ աթեիստների ու աղանդավորականների հարձակումներին, որոնք ուղղված էին ոչ թե կոնկրետ որևէ հոգևորականի վրա, այլ հենց թիրախավորված էր Հայ Եկեղեցին։

Չուշացան նաև սատանիզմով տառապողների հոխորտանքները։ Ականատես եղանք նաև Հայ Առաքելական Եկեղեցու վարկով մտահոգված Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցության հայտնի դեմքերի ելույթներին, որտեղ նրանք նշում են իրենց անվերապահ հավատարմությունը Հայ առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հանդեպ, բայց նաև խստորեն դատապարտում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ շեշտը դնելով հատկապես այն հանգամանքի վրա, որ շարժման առաջնորդությունը ստանձնել է Հայ Եկեղեցու հոգևորականը։

Ահա այստեղ է հենց, սիրելիներս, որ մենք պետք է խոհեմ գտնվենք, չընկնենք ինքնախաբեության գիրկն ու դատարկ հույսեր փայփայենք։ Մենք կարող ենք, իհարկե, վերապահումներով վերաբերվել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության առաջնորդների խոսքերին՝ կապված նրանց ՀԱԵ հեղինակության մտահոգություններին, բայց չէ՞ որ այդտեղ ճշմարտություն կա։

Շարժմանը հարող աշխարհիկ և հոգևոր պատկառելի ներկայացուցիչներ փորձել են հասկացնել, որ շարժումը եկեղեցական չէ, բայց հակառակը պնդողների ձայնը ավելի բարձր է հնչում։ Այս հարցի մեջ անհրաժեշտ է հստակություն լինի։ Կա չորս տարբերակ․

Ա) Եթե շարժումը եկեղեցական է և ղեկավարվում է ՀԱԵ կողմից, ուրեմն պետք Հայրապետական սրբատառ Կոնդակով հաստատվի այդ պատմական փաստը և կոչ արվի անխտիր բոլոր թեմակալ առաջնորդներին ու հոգևորականներին լծվելու այս պայքարի մեջ ու միանալ ժողովրդին։ Շարժման կողքին պետք է լինեն անխտիր բոլոր հոգևորականները, որովհետև Վեհափառի խոսքը անբեկանելի է։ Կրկնում եմ, բոլոր հոգևորականները անխտիր իրենց ֆիզիկական ներկայությամբ, ում առողջությունը թույլ է տալիս, ինչպես դա անում է Բագրատ սրբազանը, պետք է դուրս գան փողոց իրենց ծխականներով ու պայքարեն ժողովրդի հետ միասին, կամ Հայրապետական Կոնդակին անհնազանդության համար կարգալույծ հռչակվեն։ Սա իհարկե, պետք է խոստովանեմ, իր մեջ ծայրահեղության էլեմենտներ է պարունակում, բայց հաղթանակին էլ հեշտ չեն հասնում, այն որ շարժման առաջնորդը ասում է, թե մեկ հոգի էլ կողքս լինի ես կհաղթեմ, որովհետև իմ վահանը ուրիշ վահան է, դա մեղմ ասած, անլուրջ է։

Բ) Եթե շարժումը եկեղեցական չէ, բայց վարչապետի պաշտոնին հավակնողը ՀԱԵ թեմակալ առաջնորդ է, ապա տվյալ հոգևորականը պետք պատվով հրաժարվի իր հոգևոր կոչումից՝ հանուն հայրենիքի փրկության և ժողովուրդը պետք է ըստ արժանվույն գնահատի այդ զոհողությունը, քանի որ իսկապես հոգևոր կոչումը բարձր է որևէ քաղաքական պաշտոնից, և առաջնորդի ու հաղթանակին հասցնի այդ շարժումը։ Դա կարևոր քայլ կլինի ՀԱԵ անվտանգության տեսակետից։

Գ) Եթե շարժումը եկեղեցական չէ և վարչապետի պաշտոնին հավակնողն էլ հոգևորական չէ, ուրեմն, սիրելի Վեհափառ Տեր, բարի եղեք Բագրատ սրբազանի նկատմամբ, կարգադրեք նրան գնալ իր հոգևոր ծառայության ու թույլ տվեք շարժումը ղեկավարեն քաղաքական գործիչները։

Դ) Եթե շարժումը եկեղեցական չէ, բայց շարժման վարչապետի թեկնածուն հոգևորական է, ուրեմն չկա այն աշխարհիկ քաղաքական գործիչը, ով վստահություն է ներշնչում ժողովրդին ու ընդունակ է ղեկավարել ու հաղթանակին հասցնել պայքարը։ Իսկ դա արդեն շատ վատ է և միայն մի բան է նշանակում, որ փողոցով իշխանափոխության հասնել հնարավոր չէ։ Դա նշանակում է, որ արդար ու թափանցիկ ընտրություններին այլընտրանք չկա։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031