Բազմիցս նշել եմ, որ «քաղաքականություն վարելու» ՔՊ-ական (նիկոլական) ոճը բանսարկություններն են, շանտաժը եւ պիտակներ կպցնելը: Աչքի անցկացրեք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի, ՔՊ-ականների ելույթների, վարչապետի ասուլիսի ցանկացած տեքստ եւ դրանում կհամոզվեք:
Վերջին օրինակը: Դիվանագետների համահայկական խորհուրդը հակիրճ փաստաթուղթ էր հրապարակել, որում իր նկատառումներն էր հայտնում հայ-ադրբեջանական «սահմանազատման» գործընթացի վերաբերյալ: ՔՊ-ական պատասխանը տիպական էր՝ «այդ դիվանագետները դասալիքներ են» եւ, հետեւաբար, նրանց ասածին պետք չէ լուրջ վերաբերվել:
Ինչ էին ասում դիվանագետները:
1/ Անցկացնել սահմանազատում եւ սահմանագծում երկու երկրների միջեւ, որոնք չունեն խաղաղության համապարփակ պայմանագիր եւ դիվանագիտական հարաբերություններ, աննախադեպ երեւույթ է դիվանագիտական պրակտիկայում:
Կարդացեք նաև
2/ Ալմա-Աթայի հռչակագիրը չի պարունակում սահմանային որեւէ նկարագիր:
3/ Հայաստանի եւ Ադրբեջանի Խորհրդային հանրապետությունների սահմանները որոշվել են երկու օրինական գործընթացներով՝ 1928-29 թվականների երկու հանրապետությունների ԳԽ որոշումներով, ինչպես նաեւ 1984-87 թվականների հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովների որոշումներով:
Նկատառումները, ինչպես տեսնում եք, զուտ մասնագիտական են: Նորմալ երկրում համապատասխան ինտելեկտ եւ գիտելիքներ ունեցող իշխանությունը դրան կպատասխաներ ըստ էության, գուցե առարկություններ ունենար կամ համաձայներ:
Բայց դա ՔՊ ոճը չի: Նրանցը վիրավորական պիտակ կպցնելն է, իսկ համացանցում՝ քարոզիչների հայհոյանքները:
Հիմնական խնդիրն, իհարկե, տգիտությունն է եւ դրանից բխող ինքնասիրահարվածությունը: Բայց՝ նաեւ այն, որ Փաշինյանի թիմն Ադրբեջանի հետ բանակցելու նպատակ չունի: Նպատակը ուժի սպառնալիքի տակ խելակորույս եւ միակողմանի զիջումներ անելն է, Ալիեւի պահանջները արագ-արագ կատարելը՝ դրանով իբր կանխարգելելով պատերազմը: Իրականում այդպիսի քաղաքականությունը ուժեղացնում է թշնամուն եւ, հետեւաբար՝ նաեւ պատերազմի վտանգը:
Այդ համատեքստում կա եւս մի «սպանիչ փաստարկ». դուք ուզում եք, որ մենք հրաժարվենք բանակցություններից եւ դրանով պատերազմ եք հրահրում:
Չգիտեմ, ով ինչպես՝ բայց փաստաթղթի հեղինակ դիվանագետները առաջարկում են ճիշտ հակառակը՝ ՍԿՍԵԼ բանակցությունները եւ վերջ տալ միակողմանի զիջումներին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» (ԴՀԽ) հասարակական կազմակերպության անդամներին։
Մարդու սիրտը փառավորվում է, ունենք «Դիվանագետների համահայկական խորհուրդ» (ԴՀԽ) հասարակական կազմակերպություն, թող նրանց ազգանվեր գործը օրինակ դառնա մեր մյուս հզորագույն մասնագետների համար եւ նրանք էլ ստեղծեն իրենց մասնագիտական համահայկական խորհուրդ հասարակական կազմակերպությունները, այդ թվում նաեւ սպորտի եւ հոգեւոր համահայկական խորհուրդներ եւ կստեղծենք ոչ թե պրոլետարների, այլ մասնագետների Խորհրդային Միություն: Մասնագետների համար խնդիր լուծելն ու դժվարություններ հաղթահարելը նրանց բնական կենսակերպն է: Մասնագետնե՛ր համահայկական խորհուրդների, ձեր կոլեգաների հետ բարեկամ թե թշնամի երկրների, պետական կառավարման ղեկը վերցրեք այս երեսուն տարվա պետական կառավարման գործում անգրագետ պրոլետարների ձեռքից: Ինչպես ժողովուրդների միջեւ չեն կարող լինել գոյաբանական ռազմավարական հակասություններ, այլ լինում են միայն մարտավարական մրցակցություն, նույնն էլ վերաբերում է բոլոր երկրների մասնագետներին՝ միմիայն մարտավարական մրցակցություն: Մասնագետնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք:
Շնորհիւ այս ոճին՝ հասան ու տիրացան իշխանութեան, պահեցին ու ամրապնդեցին իրենց իշխանութիւնը:
Շնորհիւ այս ոճին, անասելի Աղէտից ետ անգամ, դարձեալ ընտրուեցան, քուէների չախչախիչ մեծամանութեամբ:
Շնորհիւ այս ոճին, տեւաբար, անձնական յաջողութիւնների են հասնում: Անվերջ, յաղթում են:
Ինչո՞ւ պիտի փոխուին…