Մազերը սպիտակում են մազերի ֆոլիկուլներում առկա մելանինի կորստի պատճառով, և դա անդառնալի, միևնույն ժամանակ անխուսափելի գործընթաց է՝ տարիքի հետ մազերը գնալով ճերմակում են, սակայն սպիտակ մազեր կարող են հայտնվել անգամ շատ երիտասարդ մարդկանց մոտ։ Դիտարկենք մազերի՝ վաղաժամ ճերմակելու հիմնական պատճառները։
1․ Ժառանգականություն
եթե ձեր ծնողները, տատիկները կամ պապիկները բավականին վաղ են ճերմակել, ապա մեծ է հավանականությունը, որ դուք էլ կունենաք այդ խնդիրը, քանի որ գեներն այս հարցում մեծ դեր են խաղում։
2.Սթրես
Քրոնիկ սթրեսի հետևանքով մարդու մոտ կարող են առաջանալ քնի խանգարումներ, անհանգստություն, ախորժակի փոփոխությունն, զարկերակային ճնշման բարձրացում և այլ խնդիրներ, այդ թվում և մազերի հետ կապված։ Օրինակ՝ 2013 թ․-ի հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսն առաջացնում է մազերի ֆոլիկուլների ցողունային բջիջների հյուծվածություն։ Քրոնիկ սթրեսի ու ճերմակ մազերի միջև կապի մասին է խոսում նաև այն դիտարկումը, որ շատ առաջնորդներ ավելի արագ են ճերմակում իրենց կառավարման տարիներին։
3. Աուտոիմունային հիվանդություններ
Աուտոիմունային հիվանդությունը ևս կարող է մազերի վաղաժամ սպիտակեցման պատճառ դառնալ։ Ալոպեցիայի (տեղային մազաթափություն) և վիտիլիգոյի դեպքում իմունային համակարգը կարող է գրոհել մազերի վրա՝ առաջացնելով պիգմենտի կորուստ։
Կարդացեք նաև
4. Վահանաձև գեղձի հիվանդություններ
Վահանաձև գեղձի խնդիրների պատճառով առաջացող հորմոնալ փոփոխությունները ևս կարող են ժամանակից շուտ ճերմակ մազերի առաջացման պատճառ դառնալ։ Վահանաձև գեղձի գերակտիվության կամ թերակտիվության ետևանքով կարող է նվազել մելանինի արտադրությունը։
Հետազոտություններից մեկի համաձայն, վահանաձև գեղձի խնդիրների պատճառով առաջացող ճերմակ մազերի դեպքում հորմոնալ թերապիայից հետո պիգմենտացիան կարող է որոշակիորեն վերականգնվել։
5. Վիտամին B-12-ի, այլ սննդանյութերի անբավարարություն
Երիտասարդ տարիքում մազերի ճերմակելը նաև կարող է հուշել վիտամին B-12-ի անբավարարության մասին։ Այս վիտամինը շատ կարևոր դեր է խաղում օրգանիզմում, այն անհրաժեշտ է առողջ էրիթրոցիտների համար, որոնք մարմնի, այդ թվում և մազերի ֆոլիկուլների բջիջները թթվածնով են ապահովում, ուստի այդ վիտամինի անբավարարությունը կարող է ազդել մելանինի արտադրության վրա։ Կան որոշակի տվյալներ, որ այս վիտամինի պակասը լրացնելուց հետո մազերի բնական գույնը որոշակիորեն կարող է վերականգնվել։ Իսկ 2018-ի մի հետազոտությունում նշվում է կապը ճերմակ մազերի և D3, B12 վիտամինների, պղնձի, ցինկի, կալցիումի պակասի հետ։
6. Ծխելը
Հետազոտություններից մեկով կապ է հայտնաբերվել ծխելու և մինչև 30 տարեկան անձանց շրջանում մազերի սպիտակեցման միջև։
Հայտնի է, որ ծխելը մեծացնում է թոքի քաղցկեղի ու սրտի հիվանդությունների վտանգը, սակայն ծխախոտի երկարատև օգտագործումը վնասակար է դառնում ողջ օրգանիզմի համար՝ անգամ ազդելով մազերի վրա, քանի որ ծխելը նեղացնում է արյունատար անոթները, ինչը կարող է նվազեցնել արյան հոսքը դեպի ֆոլիկուլներ՝ առաջացնելով մազաթափություն, ճերմակած մազեր։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Healthline