Լրահոս
Օրվա լրահոսը

Էնիո Մորիկոնեի որդին կղեկավարի աշխարհահռչակ նվագախմբի համերգը Երևանում

Մայիս 15,2024 12:30

Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ կհնչեն հայտնի ֆիլմերի սաունդթրեքեր

«Երեւանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը՝ Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ: Համերգի ընթացքում կհնչեն համաշխարհային կինոյի լավագույն սաունդթրեքերը՝ The Good, the Bad and the Ugly. Once Upon a Time in America. Malena եւ այլն, իսկ համերգը կղեկավարի Էնիո Մորիկոնեի որդին՝ աշխարհահռչակ դիրիժոր Անդրեա Մորիկոնեն:

«Մեր օրերում շատ տարածված է ֆիլմերի երաժշտության ներկայացումը, բայց  դա հաճախ շատ խառը բնույթ է կրում մեր իրականության մեջ: Քանի որ մենք միշտ ամենաբարձր որակն ենք ներկայացնում, հենց Մորիկոնեի ընտանիքի պատրաստած օրիգինալ ծրագիրն ենք բերում Հայաստան՝ իտալական Roma Sinfonietta նվագախմբով: Ես կուզեմ հատուկ նշել, որ Roma Sinfonietta-ն այն նվագախումբն է, որը  Էնիո Մորիկոնեի հետ մասնակցել է բոլոր հայտնի ֆիլմերի ձայնագրություններին: Այսինքն՝ նույն երաժիշտներն են գալիս Հայաստան, որ հենց մաեստրոյի ղեկավարությամբ նվագում էին բոլոր սաունդթրեքերը: Սա իր ընտանիքի կողմից  հաստատված ծրագիր է, որի համակարգողը հենց Անդրեա Մորիկոնեն է: Օրիգինալ որակ ենք բերում  Հայաստան, որը կարծում եմ շատ մեծ բավականություն կպատճառի մեր երաժշտասեր հանրությանը»,-«Առավոտի» հետ զրույցում  նշեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով. «Անդրեա Մորիկոնեն հանձն է առել Էնիո Մորիկոնեի  ամբողջ ժառանգության պահպանությունն ու  տարածումը, որդին է իրականացնում աշխարհով մեկ եւ համերգները, եւ պահպանելը, եւ քարոզելը, եւ հեղինակային իրավունքներով զբաղվելը: Մյուս եղբայրը՝ Ջիովանին, եւս զբաղվում է դրանով»:

Սոնա Հովհաննիսյանը հավելեց, որ Մորիկոնեին Հայաստան բերելն իր կենդանության օրոք իրենց համար միշտ եղել է  ցանկություն, նպատակ. «Անընդհատ բանակցել ենք, վերջին տարիներին նա վատառողջ էր, բայց կապը ընթացքում հաստատվում էր ընտանիքի հետ: Ուրախ ենք, որ մեր հոբելյանական տարում ստացվեց  հեղինակային ծրագիրը ներկայացնել Հայաստանում»:

Մեր զրուցակիցը  նշեց, որ իրենց փառատոնի նշաձողը 2000 թվականից շատ բարձր է դրվել փառատոնի հիմնադրի՝ Ստեփան Ռոստոմյանի կողմից. «Փորձեցինք ջանք ու եռանդ չխնայել եւ պահել այն առաքելությունը, ինչի համար փառատոնը հիմնեցինք, որպեսզի Հայաստանում փոխվի միջավայր, աշխարհի մեծերը գան Հայաստան: Սա է եղել մեր նպատակը, որը մինչեւ հիմա՝ անգամ այս բարդ ու ցնցումներով լեցուն ժամանակներում փորձում ենք շարունակել եւ երկար կյանք ապահովել «Երեւանյան հեռանկարներ» փառատոնին, որովհետեւ այն  ակնհայտորեն վերածվել է ազգային արժեքի, Հայաստանի համար ապահովել է տարածաշրջանի մշակութային լիդերի դիրք: Ինչպես ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչն էր մեր փառատոնի 15-ամյա հոբելյանի առիթով ասել, «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը Հայաստանը դրել է Եվրոպայի մշակութային քարտեզին: Ուրախալին այն է, որ մեկ արտիստի այցով բազմաթիվ ոլորտներ են շահում, եթե այստեղ  գալիս է մեկ կոմպոզիտոր, մեկ նվագախումբ կամ մեկ մենակատար, հայ երաժիշտների  կյանքում տեսանելի փոփոխություններ են լինում, կոմպոզիտորները ստանում են պատվերներ, երաժիշտները մեծ բեմեր են գնում, համագործակցության նոր հեռանկարներ են բացվում, եւ զբոսաշրջության իմաստով  եւս փոփոխություններ են լինում: Օրինակ, հիմա Մորիկոնեի համերգի առիթով մեծ թվով հյուրեր են գալու Հայաստան: Մեր փառատոնը համերգաշար չէ, այլ կոնցեպցիա ունեցող ինստիտուցիոնալ կառույց է,  նաեւ զուգահեռ կրթական գեղեցիկ միջավայր է զարգացել Բյուրականի մեր ակադեմիայում, որտեղ հարյուրավոր վարպետության դասեր են անցկացրել անվանի երաժիշտները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ andreamorricone.org կայքից եւ Սոնա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
14.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031