Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու շիշ գարեջրի գործը» ինչպես «ծանրաբեռնվեց» դատարանում

Մայիս 15,2024 13:30

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է Էդուարդ Բաբլումովի քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2021թ. ապրիլի 26-ին, ժ. 15:00-ի սահմաններում, մուտք է գործել Ֆ.Կիրակոսյանին պատկանող Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ պողոտա 8Ա/1 հասցեում գործող «Ջանդազ» վաճառատուն, «գիտակցելով, որ գործում է բացահայտ, վաճառողուհիներ Լ.Դիլանյանի, Հ. Գրիգորյանի եւ Հ. Սարգսյանի ներկայությամբ, վաճառատան սառնարանից ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցրել է Ֆ.Կիրակոսյանին պատկանող յուրաքանչյուրը 550 ՀՀ դրամ արժողության 2 շիշ «Բալթիկա 9» տեսակի գարեջուր, հրաժարվել է վճարել դրանց դիմաց, ինչից հետո գարեջրերից մեկը վերադարձրել է, իսկ մյուս գարեջուրը «փաստացի դարձնելով իրենը՝ բացել եւ օգտագործել է, այդ կերպ բացահայտ հափշտակելով Ֆ. Կիրակոսյանին պատկանող մեկ շիշ «Բալթիկա 9» տեսակի գարեջուրը՝ վերջինին պատճառելով 550 ՀՀ դրամի գույքային վնաս»:

Բաբլումովը մեկ այլ օր նույն վաճառատան սառնարանից «Գյումրի» տեսակի գարեջրի համար հրաժարվել է վճարել, գարեջուրը փաստացի դարձնելով իրենը՝ բացել եւ օգտագործել է, այդ կերպ վաճառատանը պատճառել 420 ՀՀ դրամի գույքային վնաս: Գործը դատարանում է 2021թ. հոկտեմբերից: Անդրանիկ նիստը տեղի է ունեցել 3 տարի առաջ նոյեմբերի 12-ին: Դատավոր Ն. Բեգլարյանը նշանակել է գործով անդրանիկ նիստի օրը, ապա վերապատրաստման մեկնել Արդարադատության ակադեմիա: Եկավ դատավոր Ռ.Սմբատյանը, ով էլ 2022թ.-ին գործը վերսկսելու մասին որոշում կայացրեց:

Այդ ընթացքում մեկ այլ գործ՝ 2 դրվագով` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով միացվեց «գարեջրի գործին», միացյալ գործը հանձն առավ երրորդ դատավորը՝ Ա. Մարտիրոսյանը, ով հետո նշանակվեց Երեւան քաղաքի դատավոր:

Գործը բաշխվել է մեկ այլ դատավորի՝ Հ. Իսրայելյանին: 2023թ. նորից գործի քննությունը վերսկսելու մասին որոշում է կայացվել: Հ. Իսրայելյանի օրոք 4 նիստ է կայացել: Գյումրու նստավայրից գործը հանգրվանել է Մարալիկի նստավայր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031