Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահայոց թեմի ստեղծած կամուրջը եւ «Հույսի կամուրջ» թատերախմբի ելույթը

Մայիս 15,2024 13:00

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս Եպիսկոպոս Դավթյանի հրավերով եւ թբիլիսահայ Գալոյան ընտանիքի հովանավորությամբ ու գործուն աջակցությամբ, Երեւանի «Հույսի կամուրջ» ներառական թատերախումբը Հասմիկ Խաչերյանի ղեկավարությամբ վերջերս ելույթ ունեցավ Թբիլիսիում` Հայարտուն կրթամշակութային կենտրոնում։ Ներկայացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ Գագիկ Եկմալյանը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության տասնյակ տարիներ շարունակ տարաբնույթ ծրագրեր հովանավորած եւ այժմ էլ համագործակցող` Վրաստանում Դանիայի Թագավորության դեսպանությունը` ի դեմս աշխատակցուհի Աննա Սարգսյանի, Վիրահայոց թեմի հոգեւոր ծառայության ներկայացուցիչ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը, հայկական պատանեկան կազմակերպությունների խմբեր, հայ համայնքի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանճարեղ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացումը, որի սուր կատակերգական խայթը ինչպես միշտ այժմեական է, բնորոշ բոլոր ժամանակներում եւ բոլոր տեղերում ապրող հայկական համայնքներին, ընդունվեց ե՛ւ ծիծաղով, ե՛ւ ժպիտով, ե՛ւ թախիծով, ե՛ւ տաղանդավոր գործերին բնորոշ մեծագույն սիրով, որի արտահայտությունը դարձան բուռն, ջերմ ու երկարատեւ ծափերը:

Մեր զրուցակիցը` ռեժիսոր Լեւոն Իվանյանը, որ «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացման բեմադրողն է եւ պատվիրակության ղեկավարներից մեկը, հայտնեց, որ՝ «Հույսի կամուրջ» թատերախմբի մեր պարզ ելույթը  մշակութային իրադարձություն դարձավ մեր բարդ ժամանակներում: Պարզ տեսանելի է, թե ինչպես ամեն մի ելույթ եւ ամեն հանդիպում ամուր եւ սպասված կապ է հաստատում հայրենիքում եւ սփյուռքում ապրող հայության միջեւ: Պարզ տեսանելի է նաեւ, որ նման մշակութային կապերն ու մշակութային կամուրջները կենսական նշանակություն ունեն աշխարհում սփռված հայության համար եւ օր առաջ այս մասնավոր նախաձեռնողական բնույթի կամուրջ-կապերը պետք է դառնան մշտական գործող պետական գործելակերպ` մասնավոր մասնակի գործողությունները պետական հաստատուն գործունեություն դարձնելու հրամայականով»:

Լեւոն Իվանյանը շեշտեց մի կարեւոր հանգամանք եւս. «Ինչ խոսք, չափազանց մեծ է հայրենի երկրից ժամանած  մշակութային ցանկացած օջախի ելույթը ցանկացած հայկական համայնքում, սակայն դա ամենեւին միակողմանի նշանակություն չունի, այն երկկողմանի խոր ազդեցություն է ունենում մշակութային հանդիպման բոլոր մասնակիցների վրա: Վստահ եմ, եւ արդեն իսկ տեսանելի է, որ Վրաստան, Թբիլիսի, հայ համայնք այցելությունը կենսագրական նշանակություն կունենա «Հույսի կամուրջ» թատերախմբի պատանի արտիստների համար` իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Բանն այն է, որ պատանի դերասանները  հայ համայնքի եւ Գալոյան ընտանիքի հոգատար անդամների կողմից` միշտ ուրախ Գագիկի, գործարար եւ ամեն տեղ հասնող Էլենեի եւ պայծառ ու կենսախինդ երգչուհի Մարգարիտայի կողմից հայտնվեցին անհավանական թվացող ուշադրության ու հոգատարության  կենտրոնում, որն արտահայտվեց «Վրաստանի հայ համայնք» պատանիների հետ հանդիպման ընթացքում, Թբիլիսիում եւ Թբիլիսիից դուրս մեկը մյուսից ավելի հետաքրքիր էքսկուրսիաների կազմակերպմամբ եւ ընտանիքի անդամների միշտ անձնապես ուղեկցությամբ, ամենատարբեր ազգային ուտեստների  մեկը մյուսից ավելի համեղ հյուրասիրություններով, Թբիլիսիի հայկական պատմական ճարտարապետության ճանաչողությամբ, 29 հայկական եկեղեցիներից  այսօր միայն 2 եկեղեցի մնացած դառնացած փաստով, բայց միեւնույն ժամանակ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հետ տպավորիչ հանդիպմամբ եւ հուշանվերների փոխանակմամբ, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի եւ նույն եկեղեցու գավթում գտնվող Սայաթ-Նովայի հուշարձանին այցելությամբ, Թբիլիսիում գործող սուրբ Էջմիածին եկեղեցու այցելությամբ, որտեղ գտնվում է Հայարտուն կրթամշակութային կենտրոնը` Եվգենիա Մարկոսյանի ղեկավարությամբ եւ որտեղ էլ խաղացվեց ներկայացումը,  ինչպես նաեւ Թբիլիսիից դուրս գտնվող Կուր եւ Արագվի գետերի հատման տեղում գտնվող պատմական Մցխեթ քաղաքի Ջվարի վանքի  այցելությունով, ի վերջո` Թբիլիսիի «դիմագիծը» հանդիսացող «ֆունիկլյորի» եւ ճոպանուղու այցելություններով, այդ ամենը մեծագույն եւ անփոխարինելի նշանակություն ունի մարդու եւ իր աշխարհայացքի ձեւավորման անծրագրավորելի գործընթացում: Արդյունքում դժվար է ասել, թե հանդիպման ո՞ր կողմն ավելի շատ շահեց՝ «վրացահայկակա՞ն», թե՞ «հայկական», բայց միանշանակ է, որ երկու կողմերն էլ կենսական ու կենսագրական երջանկություն ստացան: Իմ համոզմունքն է, որ  հայկական եւ ներհայկական մշակութային կամուրջները պետք է հաստատուն, ֆինանսապես ապահովված եւ մշտական գործող «պետական» ամրություն ստանան: Կուզեմ անպայման հավելել երջանկություն ստացող եւ երջանկություն պարգեւող պատանի արտիստների անունները` Դենիս Վարդանյան, Վահե Սարգսյան, Էլեն Սարգսյան, Գրիգոր Սարիբեկյան, Համլետ Փիլթոյան,  Էլեն Ավետիսյան, Համբարձում Սարգսյան, Վանեսա Ղուկասյան, Լեւոն Հովհաննիսյան, եւ  իհարկե, այս ամենը, 27 տարի շարունակաբար գործող թատերախմբի հիմնադիր Հասմիկ Խաչերյանի շնորհակալ եւ հետեւողական  ղեկավարությամբ»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներ «Հույսի կամուրջ»-ի թբիլիսյան ուղեւորությունից։

«Առավոտ» օրաթերթ
14.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031