Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից «հեռանում են», բայց մնում են

Մայիս 15,2024 12:00

Ռուս սահմանապահները դուրս կգան ՀՀ մի շարք մարզերից, սակայն կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին, այսինքն, ողջ «տեղեկատվական» բազային ռուսական կողմը շարունակելու է տիրապետել

Անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր։ Վերջին անգամ նա Ռուսաստան էր մեկնել 2023թ. դեկտեմբերի վերջին, մասնակցել Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Ապրիլին տված հարցազրույցում Փաշինյանը բառացի կրկնել էր այն, ինչ դեկտեմբերի վերջին ասել էր Սանկտ Պետերբուրգում, երբ Երեւանը ստանձնում էր ԵԱՏՄ նախագահությունը՝ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է առանց որեւէ քաղաքական եւ հատկապես աշխարհաքաղաքական օրակարգի։ Փաշինյանը նաեւ իր վերջին ասուլիսում հայ-ռուսական հարաբերություններում կուտակած եւ լուծում պահանջող խնդիրների մասին խոսեց:

Հայ-ռուսական հրապարակային պաշտոնական դժգոհությունների ֆոնին՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, թե Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է եւ սպասված երկու կողմերի համար։ Իսկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր. «Այդ երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի, շատ հարցեր կան քննարկելու։ Վերջին շրջանում Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ կուտակվել են խնդիրներ, որոնք մենք հույս ունենք, թափանցիկ կերպով կքննարկեն առաջնորդները։ Հենց ինքը Փաշինյանն է ապրիլին ասել, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չենք ապրում: Վերջին շրջանում նկատելիորեն նվազել են մեր երկրների միջեւ շփումները տարբեր մակարդակներում։ Քննադատության է ենթարկվում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ-ը»:

Ահա, մայիսի 8-ին Կրեմլում, Փաշինյանի նախագահությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում նա Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համատեքստում անդրադարձավ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ «Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում եւս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության, հավասարության եւ փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա», ասաց Փաշինյանը:

Նկատենք, Փաշինյանը շեշտեց, որ հայկական կողմը հետեւողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին եւ իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության։ Կրեմլում գործընկերներին հյուրընկալող Պուտինն, որը նախօրեին հինգերորդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի լիազորությունները, բացման խոսքում գովեստով էր արտահայտվել ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթի նշանակության մասին եւ կարեւորել էր կառույցի աշխատանքը. «ԵԱՏՄ-ն այսօր արդյունավետ, դինամիկ կառույց է, որի գործունեությունը նպաստում է առեւտրի զարգացմանը, փոխադարձ ներդրումներին, գործնական կապերի ակտիվացմանը, համագործակցության կապերի ընդարձակմանը»: Նրա խոսքով, տնտեսական ցուցանիշներն ինքնին վկայում են ԵԱՏՄ կենսունակության եւ մեծ օգտակարության մասին: «Փոխադարձ առեւտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 միլիարդ դոլարից հասնելով 89 միլիարդ դոլարի: Ավելին, հաշվարկների ավելի քան 90 տոկոսն արդեն իրականացվում է ազգային արժույթով: Եվրասիական միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ն, ըստ առկա գնահատականների, 1.6 տրիլիոն դոլարից հասել է 2.5 տրիլիոն դոլարի, իսկ երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 60 տոկոսով՝ 579 միլիարդ դոլարից հասնելով 923 միլիարդ դոլարի: Տնտեսական դրական միտումները շարունակվում են»,- ըստ «Ազատության», նշել էր Պուտինը:

Այնուհետեւ նա հավելել է, որ թեպետ ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը, երկրների առաջնորդները որոշել էին, որ հոբելյանական գագաթնաժողովը կգումարվի Մոսկվայում: Դրանից հետո Պուտինը խոսքը փոխանցեց ՀՀ վարչապետին, որը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ առաջարկեց միանգամից դռնփակ ձեւաչափով անցնել օրակարգի հարցերի քննարկմանը:

Այսպես, պաշտոնական Երեւանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, վերջին շրջանում ՀՀ-ն բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձեւաչափերի հանդիպումները, բարձրաձայնում է այդ կառույցի անբավարար աշխատանքի եւ անդամ պետությունների կողմից Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մասին: Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։ Radar Armenia-ին նա ասել էր, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց եւ դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ Դրա հետ մեկտեղ, ըստ ԱԳՆ մամլո խոսնակի, Հայաստանը չի առարկում կազմակերպության 2024թ. բյուջեի սահմանափակ ձեւաչափով հաստատման դեմ։

Երեւանը, հիշեցնենք, մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Երեւանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, եւ չի բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։

Մայիսի 3-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել էր, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ կառույց կմնա նաեւ առանց Հայաստանի: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Նրա փոխանցմամբ, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա՝ կազմակերպության կանոնադրության համաձայն, պետք է այդ մասին դուրս գալուց կես տարի առաջ պաշտոնական ծանուցում ներկայացնի:

Հայաստանը բազմիցս դատապարտել է ռուս խաղաղապահների անգործությունը Լեռնային Ղարաբաղում, անցյալ տարվա սեպտեմբերին ադրբեջանական բանակի նախաձեռնած եւ ռուս խաղաղապահների կողմից չկանխված ռազմական գործողությունների արդյունքում արցախահայության տեղահանմանը նպաստելու մեջ: Դե իսկ ըստ ռուսական կողմի` ճգնաժամի պատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է: Մոսկվան հերքում է մեղադրանքները եւ պնդում է, թե այդ ամենը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի փաստաթղթով ճանաչելու հետեւանք է:

Պաշտոնական Երեւանը, ինչպես հայտնի է, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ Տավուշում սահմանազատումը սկսելու նպատակը հռչակել է` նոր պատերազմի կանխումը:

Գումարած այս ամենին, Մոսկվայի քննադատության առանցքում է ՀՀ-ում Եվրամիության դիտորդների տեղակայումը, սույն փաստով էլ Հայաստանը մեղադրվում է «Արեւմուտքի հրահանգով` Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու» մեջ:

Կարելի էր ենթադրել, որ մայիսի 8-ին՝ ուշ երեկոյան Փաշինյան-Պուտին բանակցությունների առանցքում հենց այս հարցերն էին: Նկատենք, որ Պուտինը գովեստով խոսեց Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության մասին. «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում, մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը»,- ասաց Պուտինը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մակարդակով հայտնի դարձավ, որ Եվրասիական «հնգյակի» առաջնորդները Կրեմլում այդ օրը կայացած գագաթնաժողովում չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։ «ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական խնդիր է»,- ասել էր Օվերչուկն, որը, հիշեցնենք, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Կրեմլի հանձնարարությամբ մասնակցում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման խնդրով եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին:

Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում իսկապես որոշակի դժվարություններ կան, սակայն դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երեւույթ է, արդեն մայիսի 9-ին հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պետք չէ չափազանցնել զրույցի բարդությունը։ Իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց, մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների համալիրը, այնքան հաճախ են տարբեր խնդիրներ հանդիպում եւ առաջանում», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նշել էր Պեսկովը՝ հավելելով, թե Մոսկվան հիմնականում դրական է վերաբերվում Երեւանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարներին։ Պեսկովը միեւնույն ժամանակ շեշտել է՝ «առաջնորդներն ունեն քաղաքական կամք՝ դրանք քննարկելու համար»։ «Սպասենք [բանակցությունների] արդյունքներին. կա երկխոսություն, կա քաղաքական կամք այս երկխոսությունը շարունակելու համար, կողմերի միջեւ կա փոխադարձ հետաքրքրություն, երկկողմ հարաբերությունների ներուժ կա, ուստի ավելի հակված ենք լավատես լինելուն», – ասել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Փաշինյան-Պուտին բանակցություններն ավելի քան մեկ ժամ էին տեւել, հանդիպման ժամանակ Փաշինյանը նախ շեշտել էր, որ վերջին հանդիպումն անցյալ տարվա դեկտեմբերին է կայացել, ապա ընդգծել, որ «դրանից հետո, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն»՝ հույս հայտնելով, որ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարեւոր, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր։ Պուտինն իր հերթին նկատել էր, որ տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան, սակայն դրա մասին հանրային կերպով չեն խոսի։ Նա հավելել էր, որ հնարավորություն կա Եվրասիական համայնքի աշխատանքի «կողքին» խոսել հարաբերությունների ողջ համալիրի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգությունը։

Փաշինյան-Պուտին բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Ըստ ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի` բարձրագույն մակարդակում հաստատվել էր նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ մայիսի 9-ի ուշ երեկոյան հաստատեց, որ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել է Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների եւ սահմանապահների դուրսբերումը, սակայն նրանք կմնան Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանին: «2020թ. աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականները եւ սահմանապահները տեղակայվեցին մի շարք հայաստանյան մարզերում: Փաշինյանն ասաց, որ այսօր փոփոխված պայմանների հետ կապված նման կարիք այլեւս չկա, հետեւաբար նախագահ Պուտինը համաձայնեց, եւ մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվեց», – «Ինտերֆաքս»-ին ասել էր Պեսկովը՝ հավելելով, որ «նույնպես հայկական կողմի խնդրանքով՝ մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին եւ կշարունակեն իրականացնել իրենց գործառույթները»:

Ապրիլի 20-ին Փաշինյանն, «Ազատության» հարցին պատասխանելով, փաստացի առաջին անգամ ակնարկեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո նրանք պիտի դուրս գան։ «… սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», – ասել էր նա:

Ինչ վերաբերում է օդանավակայանից ռուսների դուրս գալուն, ապա մարտի 6-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին եւ տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։ Պաշտոնական Երեւանը դեռ շաբաթներ առաջ հայտնել էր, որ օգոստոսի 1-ից հայկական կողմը ծառայությունն ինքնուրույն կիրականացնի:

Այսպիսով, ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, սակայն կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին: Այսինքն, ողջ «տեղեկատվական» բազային ռուսական կողմն, այսպես թե այնպես, շարունակելու է տիրապետել:

Փաշինյան-Պուտին հանդիպումն առաջինն էր անցած չորս ամիսների ընթացքում, որը տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատման ֆոնին։ Հիշեցնենք, որ Մոսկվան պարբերաբար հայտարարում էր, թե պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ դելիմիտացիային՝ ակնարկելով, որ անհրաժեշտ քարտեզները միայն իրենք ունեն։ Երեւանն ու Բաքուն, սակայն, փաստացի համաձայնության եկան առանց Ռուսաստանի:

Սակայն արդյո՞ք Մոսկվան չի տիրապետում գործընթացի ողջ մանրամասներին` նաեւ այս ուղղությամբ:

Ի դեպ, ռուսաստանյան մամուլն էլ արձագանքել էր Փաշինյան-Պուտին հանդիպմանը, նկատել, որ ՀՀ վարչապետը չշնորհավորեց Պուտինին նախագահությունը ստանձնելու առթիվ, սակայն որեւէ խոսք չասաց Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ։ «Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն առայժմ հետաձգվում է», – գրել էր «Մոսկովսկի կոմսոմոլեցը»-ը։ Իսկ «Կոմերսանտը» նկատել էր՝ «Նիկոլ Փաշինյանը խաղաղ ելույթ ունեցավ, ցույց տալով, որ Հայաստանը մտադիր է հետագայում էլ մնալ ԵԱՏՄ անդամ եւ անգամ հնարավոր է՝ մասնակցի այդ կառույցի ֆինանսավորմանը»։

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031