Ինչպես են բարոյական օրինակները փոխում աշխարհը
1968 թվականի օգոստոսի 25-ին խորհրդային (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հակախորհրդային) 8 այլախոհներ բողոքի ցույց արեցին Կարմիր հրապարակում՝ խորհրդային բանակի՝ Չեխոսլովակիա ներխուժելու դեմ: Ցույցը երկար չտեւեց, մասնակիցները ձերբակալվեցին: Այդ ակցիայի հետեւանքով խորհրդային զորքերը դուրս չեկան Չեխոսլովակիայից: Բայց արդյո՞ք 8 հոգու ձեռնարկած այդ գործողությունն անիմաստ էր: Կարծում եմ՝ ոչ. եթե անիմաստ լիներ, մենք այսօր դրա մասին չէինք հիշի:
…Դրանից մոտ 3 տասնամյակ առաջ Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող կանանց վանքերից մեկի (Дивеевский
Серафимовский женский монастырь) բոլոր միանձնուհիներին ազատազրկել էին «պորտաբուծության» եւ «թափառաշրջիկության» մեղադրանքներով: Դե, քանի որ վանքը փակել էին եւ բոլոր հարստությունները՝ թալանել, միանձնուհիներն էլ պետք է դառնային «թափառական»:
Բանտում այդ կանանց վզներից պոկեցին խաչերը: Բայց նրանք մետաղի ինչ-որ կտորներից նոր խաչեր սարքեցին եւ կախեցին: Դրանք էլ պոկեցին: Սակայն քանի որ միանձնուհիները համառ էին, նրանք ձեռքի տակ ընկած ինչ-որ նյութերից էլի խաչեր էին սարքում: Մինչեւ որ դաժան եւ արյունարբու բանտապահները տեղի տվեցին ֆիզիկապես թույլ, բայց հավատով ուժեղ կանանց:
Կարդացեք նաև
Ի՞նչ արեցին այդ կանայք: Տապալեցի՞ն խորհրդային կարգերը: Ո’չ, նրանք լուսավորեցին ստալինյան զնդանը հավատի լույսով:
…Երբ օրերս 2024 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, զսպելով վիշտը, ընթերցեց Ռուբենի ուղերձը Բաքվի բանտից, դա, գոնե ինձ համար, հուզիչ էր: Ի դեպ, շատ ճիշտ էր, որ ուղերձը հնչեց Երեւանից, որպեսզի աշխարհին պարզ լինի, թե որ ազգի եւ որ երկրի ներկայացուցիչն է Ռուբեն Վարդանյանը:
Նա իր ուղերձում գրում է, որ իր՝ Արցախ տեղափոխվելու որոշումը կայացրել է «Ավրորայի» հերոսների շնորհիվ, այսինքն՝ այն մարդկանց, որոնք դժվարին պայմաններում ձեռք են մեկնել կարիքավորներին: «Ցավոք, – գրում է Ռուբենը, – աշխարհն ավելի բարի չի դարձել ձեր լավ գործերի արդյունքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա ավելի կարեւոր է, քան երբեւէ»:
Կարծում եմ, թե՛ «Ավրորայի» մրցանակակիրների, թե իր՝ Ռուբենի օրինակը բոլոր նորմալ մարդկանց ոգեւորում է՝ ի հեճուկս ցինիկների եւ քաղաքական քարոզչությամբ զբաղվողների: Ինչպես եւ իմ նկարագրված նախորդ դեպքերում, հույժ կարեւոր է բարոյական օրինակը: Այդ մարդիկ մեզ հուշում են, որ կան բաներ, որոնք շատ ավելի էական են, քան փողը, ազատությունը, կյանքը: Եվ, ինչպես Ռուբենն է նշում իր ուղերձում, մենք բոլորս կարող ենք անել ավելին:
…Ինձ հարցնում են՝ կարո՞ղ է, արդյոք, Բագրատ սրբազանը Հայաստանում իշխանություն փոխել: Չգիտեմ: Համենայնդեպս, կարծում եմ, որ իշխանությունը փոխելը եպիսկոպոսների խնդիրը չէ: Դրանով պետք է զբաղվեն քաղաքական ուժերը: Բայց հոգեւորականները կարող են անել ավելի կարեւոր բան՝ հասցնել մեր հասարակությանը, որ ծայրահեղ նյութապաշտությունը, գեդոնիզմը կբերի պետության կործանման:
…«Նեղ դռնով ներս մտեք, որովհետեւ լայն է եւ ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, եւ շատերն են դրանով գնացողները: Մինչդեռ նեղ է այն դուռը եւ դժվար է այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, եւ քչերն են այն գտնողները» (Մատթ 7։13-14):
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2024