ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին:
Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Սլովակիայի Ազգային խորհրդի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ Դուշան Գալիսը:
Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սլովակիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, եւ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների շրջանակում:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի` 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը, ինչպես նաեւ նշանավորել Մարիան Քերիի անձնական ներդրումը՝ Սլովակիայի խորհրդարանում 2020 եւ 2021 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման գործում:
Հակոբ Արշակյանը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, հանգամանալից ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ հստակ կարեւորելով տարածքային ամբողջականության սկզբունքն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հանձնառությունը:
Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման հեռանկարներին՝ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը եւ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռվող հնարավորությունները՝ ընդգծելով, որ ծրագրի հիմքում դրված են ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության եւ հավասարության առանցքային սկզբունքները:
Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ Սլովակիայի դերը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:
Մարիան Քերին ողջունել է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Սլովակիա եւ գոհունակությամբ արձանագրել Հայաստանի եւ Սլովակիայի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Նա աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ վստահության ամրապնդման գործընթացին:
Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանականների ջերմ աշխատանքային մթնոլորտն ու սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի` Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցը եւ աջակցության պատրաստակամություն հայտնել:
Ազգային ժողով