Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել միջոցառում ֆրանսահայ մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և այլ հրավիրյալներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության կողմից ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, և ողջ տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում իրականացվելու են բազմաթիվ միջոցառումներ։ «Անդրադառնալու ենք Շառլ Ազնավուրի ժառանգությանը, այն արժեքներին, որը նա թողել է, և որը մենք պետք է շարունակենք»,- ասել է նախարարը։
Նախարարը կարևորել է նման ձևաչափով իրականացվող միջոցառումների դերը՝ ընդգծելով, որ մշտապես ուշադրությամբ է հետևում մարզային դպրոցների կողմից կազմակերպված միջոցառումներին։
Կարդացեք նաև
Թատրոնի նախասրահում ցուցադրվել են Արտաշատի գեղարվեստի դպրոցի սաների ՝ Շառլ Ազնավուրին նվիրված թեմատիկ նկարները։
Միջոցառման ընթացքում Արարատի մարզի մեկ տասնյակից ավելի դպրոցների աշակերտներ հայերենով և ֆրանսերենով ներկայացրել են դրվագներ Շառլ Ազնավուրի կյանքից, հանդես են եկել պարային կատարումներով, ներկայացրել են շանսոնյեի ստեղծագործությունները՝ սեփական մեկնաբանությամբ։
Միջոցառման ավարտին մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհակալագրեր է հանձնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակից դպրոցների տնօրեններին։
Արարատի մարզպետի աշխատակազմ