Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ն եւ արեւմտյան պատժամիջոցները. Թաթուլ Մանասերյանի կանխատեսումները եւ մտահոգությունները

Մայիս 14,2024 21:15

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ,  «Ընդլայնված Եվրասիական գործընկերություն» նախագծով ԵԱՏՄ-ն կարևոր հայտ է ներկայացրել համաշխարհային տնտեսական գործընթացներում, այնուամենայնիվ, ինտեգրացիոն գործընթացները բախվում են որոշակի խոչընդոտների. «Դրանցից ամենակարեւորը արեւմտյան պատժամիջոցներն են, որոնք որոշակի խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար։ Մասնավորապես սա կարող է մեծապես ազդել Հայաստանի վրա, որը 2024թ․ նախագահում է ԵԱՏՄ-ում և սահմանել է առաջնահերթ խնդիրներ՝ ապահովել էներգետիկ կայունությունը, ներառյալ էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկաների ստեղծումը։ Երկրի համար կարևոր է նաև «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը, որը կօգնի Հայաստանին դառնալ տարածաշրջանի լոգիստիկ կենտրոն։ Նախատեսվում է նաեւ իրականացնել ներմուծման փոխարինման ռազմավարությունը ԵԱՏՄ-ում, ուստի կարևոր է պարզել, թե այսօր Հայաստանից արտահանվող որ ապրանքներն են առավել մեծ պահանջարկ վայելում և ինչպես օրինակ, կազդեն տնտեսական աճի վրա ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրերը Իրանի, Սերբիայի, Սինգապուրի և Վիետնամի հետ՝ երբ միտում կա ընդլայնելու համագործակցության աշխարհագրությունը»։

Իր վերլուծություններն այսօր տնտեսագետը ներկայացրեց, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա՝ «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ:

Անդրադառնալով ԵԱՏՄ գործունեության 10-ամյա արդյունքներին էլ, Թաթուլ Մանասերյանը հայտարարեց՝ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն անվիճելի առաջատարն է առևտրային գործընկերների շարքում. «Միայն 2023 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 43%-ով և բացարձակ արտահայտությամբ կազմել է $7 մլրդ 615 մլն ԱՄՆ դոլար։ Համաձայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​հանձնաժողովի փոխնախագահ Վ․ Հակոբյանի՝ «ԵԱՏՄ-ին անդամակցությունն այս պահին այլընտրանք չունի Հայաստանի համար․ այն թույլ տվեց մեզ հասնել մեծ հաջողությունների»։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթահարել 2013-2022թթ. ներքին տնտեսական լճացումը և ավելի քան 10 անգամ ավելացնել ԵԱՏՄ երկրների հետ արտաքին առևտրի ծավալները։ Ինչպես վկայում են Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի ԵԱՏՄ վիճակագրական տարեգրքի 2023 թվականի տվյալները, Հայաստանի տնտեսության աճն ամենաբարձրն է եղել 2022 թ․ վերջին՝ ԵԱՏՄ երկրների շարքում։ Միայն 2022 թ․ Հայաստանը գրանցել է 12,6 տոկոս աճ, իսկ 2023 թվականին՝ 9,4 տոկոս։

Չնայած դժվարություններին, ԵԱՏՄ-ին անդամակցությունը, այն է` մաքսատուրքերի բացակայությունը, առանց խոչընդոտների համագործակցության միջավայրը, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը, մուտքը դեպի ԵԱՏՄ մեծ շուկա վիթխարի առավելություն է տալիս Հայաստանին և տնտեսական թռիչքի կարևոր գործոն է հանդիսանում»։

Այս համատեքստում, տնտեսագետն ընդգծում է ՌԴ-ՀՀ տնտեսական գործակցության դերը. Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 7 միլիարդ դոլար։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան 40 տոկոսով։ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում դրական դինամիկա է արձանագրվում։ Ռուսաստանը ֆինանսավորում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի կառուցումը՝ Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցների հաշվին։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ կազմում է 150 մլն դոլար։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես է ռուսական գործոնն ազդել ՀՀ տնտեսության վրա՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվության ցուցանիշը, հարկ է հիշեցնել, որ Հայաստանը 3 տոկոսով ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշով երկրորդ տեղում է։ Այս դրական միտումների արդյունքում Հայաստանում միջին աշխատավարձն աճել է 13,7%-ով։ Այսօր Հայաստանի տնտեսության զարգացման համար բարենպաստ իրավիճակը ոչ միայն պահպանվում է, այլ նաև բարելավվում է»:

Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ նաեւ 2024 թվականի զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով արդյունաբերական զարգացումը. մեքենաշինություն, ռադիոէլեկտրոնիկա, ինքնաթիռների արտադրություն, ծրագրային ապահովում, դեղագործական արդյունաբերություն և այլն: Միությունում մրցունակ արդյունաբերության ձևավորումն ամբողջությամբ, ըստ բանախոսի,  կախված է նաև տեխնոլոգիական անկախության մակարդակից և բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ներդրման դինամիկայից։

Իսկ Հայաստանի տնտեսական ակտիվության աճի վրա 2024 թվականին, Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, էական ազդեցություն կունենան բարդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրավիճակը տարածաշրջանում և լարված հարաբերություններն Ադրբեջանի հետ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության անուղղակի ազդեցությունը, ինչպես նաև հավաքական Արևմուտքի պատժամիջոցների բացասական ազդեցությունը, Արցախից 120 հազար փախստականների վերաբնակեցումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի 150 քառակուսի կմ-ի օկուպացիան և Սոթքի հանքարդյունաբերության, սահմանամերձ շրջանների գյուղատնտեսության ոլորտը և Հայաստանի տնտեսության այլ ոլորտների կաթվածահար վիճակը։

«Այսպիսով, հնարավոր է կանխատեսել հակասական միտումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան տնտեսության վրա. 2024թ. հիմնական շարժիչը կարող է դառնալ երկրի մրցակցային առավելությունների իրացման, ինչպես նաև Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ երկրների հետ կապերի հետագա ակտիվացման հնարավորությունները, որոնք առաջացել են Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության զարգացման պարագայում։ Կարևոր է նաև արդյունավետ տնտեսական կառավարումը, ինչպես նաև հայկական սփյուռքի մասնագիտական ​​ներուժի արդյունավետ օգտագործումը։ Այս ուղղությամբ հնարավոր դրական փոփոխությունների արդյունքում կարելի է կանխատեսել գործարար ակտիվության ցուցանիշի աճ 7-8%-ի սահմաններում։ Հակառակ դեպքում՝ առավելագույն աճը, ըստ երևույթին, կտատանվի 3-4 տոկոսի սահմաններում: Համեմատության համար նշենք, որ ԵԱԶԲ Հայաստանի տնտեսության համար 2024 թվականին կանխատեսում է 5,7%, իսկ ԱՄՀ-ն՝ մինչև 5% աճ։

2024 թվականի պետական ​​բյուջեով տնտեսական աճի տեմպը սահմանվել է 7 տոկոս։ Հայաստանի Կենտրոնական բանկը ակնկալում է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով։ Ըստ Համաշխարհային բանկի, 2024 թ․ ՀՀ տնտեսական աճը կկազմի 4,7%, իսկ 2025թ. 4.8%: ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թ․ Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թ. – 4,8%»,- ամփոփեց նա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031