Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մենք գիտենք, թե ինչպես է զարգանալու ԵԱՏՄ-ն մինչև 2045 թվականը». Արամ Սաֆարյան

Մայիս 14,2024 20:55

«Այսօր մենք գիտենք, թե ինչպես է զարգանալու ԵԱՏՄ-ն մինչև 2045 թվականը: Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացի զարգացման այդ հիմնական ուղղությունները լուրջ հույս են ներշնչում, որ դա կդառնա հիմք ոչ միայն տնտեսական, այլև լուրջ սոցիալական զարգացման համար: Ճիշտ է, եվրասիական տնտեսական ինտեգրման պարագայում մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակությունները թույլ են տեղեկացված և քիչ են հետաքրքրված ընթացող գործընթացներով: Նույն մտահոգությունն ունեն նաև մեր գործընկերները Ռուսաստանում և այլ երկրներում: Հայաստանի հաջողությունները ԵԱՏՄ-ին մասնակցության գործընթացում ընկալվում են մեզանում իբրև ինքնըստինքյան հասկանալի իրողություն»,- այսօր, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա՝ «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ, կարծիք հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ հավելելով, որ ավելի ու ավելի շատ երիտասարդ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ են հետաքրքրվում եվրասիական ինտեգրման մանրամասներով և հեռանկարներով:

Արամ Սաֆարյանը դրական եւ բազմակողմանի է բնութագրում Եվրասիական փորձագիտական ​​ակումբի գործունեության տասը տարիները. այդ ընթացքում ակումբին անդամակցել են 55 առաջատար մասնագետներ, իսկ վերջին երեք տարիներին, տնտեսական ակտիվության աճի գործակցի և ՀՆԱ-ի վերաբերյալ ակումբի կանխատեսումները՝ շնորհիվ անկախ և որակյալ վերլուծության, իրականություն են դարձել:

«Եվրասիական փորձագիտական ակումբը մտնում է իր գոյության երկրորդ տասնամյակը լուրջ հաջողություններով վերլուծության և փորձագիտական ոլորտներում և մենք պատրաստ ենք լուծելու ավելի բարդ խնդիրներ, այդ թվում այլ երկրների ներկայացուցիչների հետ համագործակցության միջոցով»,- ասաց նա:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աղասի Թավադյանն էլ անդրադարձավ տնտեսական ցուցանիշներին:

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքը գրանցել է զգալի փոփոխություններ։ 2023 թվականին արտահանումը աճել է 55,3 տոկոսով՝ 5,4 միլիարդ դոլարից (2022) հասնելով 8,4 միլիարդ դոլարի։ Միաժամանակ ներմուծումն աճել է 40,2 տոկոսով՝ նույն ժամանակահատվածում 8,8 միլիարդ դոլարից հասնելով 12,3 միլիարդ դոլարի: Վերջին երկու տարիների ընթացքում արտահանումը և ներմուծումը աճել են համապատասխանաբար 2,8 և 2,3 անգամ։ Առկա են նաև զգալի կառուցվածքային փոփոխություններ առևտրաշրջանառության մեջ։ Հատկանշական է, որ 2023 թվականի արտահանման աճի մասը՝ 31 տոկոս կամ 2,6 միլիարդ դոլար, տեղի է ունեցել վերջին երկու ամիսներին, մասնավորապես՝ նոյեմբերին և դեկտեմբերին։ Արտահանման կորը, որը մայիս-սեպտեմբեր ամիսներին արդեն մեծ աճի միտում չէր գրանցում, այս ժամանակահատվածում կտրուկ աճ է գրանցում: Ուշագրավ է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանը հասել է պատմական իրադարձության՝ արտահանումը այդ ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է ներմուծմանը։ Առանց հանկարծահաս աճի 2023 թվականի սեպտեմբերին մեր կողմից կանխատեսվում էր, որ արտահանումը 2023 թվականին կլինի 7.1 մլրդ դոլարի շրջանակներում»,- ասաց նա։

2023 թվականին Հայաստանի արտահանման 34,4 տոկոսը՝ ավելի քան 1/3-ը, եղել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Հոնկոնգ։ Ամենամեծ արտահանման ուղղությունը եղել է Ռուսաստանը՝ կազմելով 40,6 տոկոս. 2023 թվականի արտահանման 75 տոկոսը բաժին է ընկել այս երեք պետություններին։ Նշենք, որ 2021 թվականին արտահանման 2.8 տոկոսն էր գրանցվել դեպի ՄԱԷ և Հոնկոնգ (84 մլն դոլար)։ Փաստացի դեպի ՄԱԷ և Հոնկոնգ ունենք արտահանման 35 անգամյա աճ 2 տարվա ընթացքում։

Թեև 2023 թվականին ներմուծման և արտահանման ընդհանուր աճը գերազանցել է 40 տոկոսը, իրականությունը այլ է։ Եթե բացառենք Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Հոնկոնգը առևտրաշրջանառությունից, ապա դեպի այլ պետություններ 2023 թվականին արտահանումը նվազել է 12,2 տոկոսով, ինչը, տնտեսագետի համար մտահոգիչ է. սա նկատելի շեղում է ընդհանուր աճի միտումից։ Վերջին 2 տարիների համար բացառությամբ այս 3 պետությունների արտահանման աճը կազմել է ընդամենը 0,6 տոկոս՝ ընդհանուր 2.8 անգամ աճի համեմատ: Աղասի Թավադյանի դիտարկմամբ՝ այս փաստը չի վկայում արտահանման կայուն աճի մասին։

Թեև ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս առևտրաշրջանառության զգալի աճ, բայց, տնտեսագետի փաստմամբ, մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է տարբեր մտահոգիչ միտումներ. «Ընդհանուր առաքմամբ առկա է արտահանման և տնտեսական ակտիվության աճ, սակայն սա իրականում պայմանավորված է ոսկու վերաարտահանման զգալի աճով: Առանց այս ցուցանիշի աճի նշված տնտեսական ցուցանիշները անկում են գրանցում: Ընդհանուր առմամբ այս հանգամանքի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ տնտեսության աճը այս պահին կապված է արտաքին ազդակների հետ և արտաքին ազդակներից որևէ մեկի փոփոխման և ոսկու վերաարտահանման էական նվազման պարագաներում տնտեսությունը դառնում է խոցելի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031