«Վաղը մենք պետք է մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը»,-այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը։
Բագրատ Սրբազանն անդրադառնալով հետագա ծրագրերին, ասաց՝ ամսի 15-ին, ըստ ծրագրվածի կհասկանանք, թե ինչ է տեղի ունենում, դրանից էլ պարզ կլինի, թե ամսի 16-ին ինչ գործողություն պետք է անել․ «Ամեն դեպքում մենք շատ ավելի մեծ մասնակցությամբ անելիքներ ունենք, դա կապված է ամսի 15-ի հետ»։
Սրբազանին հուշեցին, որ վաղն է ամսի 15-ը։ Զարմացավ՝ արդե՞ն․«Կուզե՞ք օրը փոխենք»։
Նա հայտարարեց, որ վաղը ժամը 17:00-ին Օպերայի դահլիճում միջազգային կազմակերպություններ են լինելու, հանդես է գալու Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Հավաքված մարդիկ բացականչեցին՝ գնացինք, գնացինք։
Սրբազանը հայտարարեց․«Հոծ թվով մարդիկ պետք է այնտեղ լինեն եւ ընդվզում հայտնեն, որ անընդունելի է մեզ համար այս ապօրինի սահմանազատումը»։
Նա նաեւ ասաց, որ հանդիպել է նախկին երեք վարչապետերի հետ՝ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի եւ Խոսրով Հարությունյանի հետ․ «Մեր պատկերացումներ ենք ներկայացրել, առաջարկներ լսել»։
Սրբազանը նաեւ նշեց, որ հանդիպել է ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ․ «Խորհրդարանական խմբակցությունները տնային աշխատանքները սկսել են կատարել։ Կարիք կա գործելու ՔՊ-ի հետ, ես կհանդիպեմ նաեւ իրենց հետ, չնայած իրենք իրենց լավ չեն պահում, բայց ոչինչ»։
Սրբազանն իր խոսքը սկսելուց առաջ դիմեց ծխողներին՝ եկեղեցիների բակերում մի ծխեք, այդտեղից խունկի հոտ պետք է գա․«Շատ ուրախ եմ, որ բավականին երիտասարդներ խոստացել են սափրվել։ Ուրախ եմ, որ սկսել են հավաքականության մեջ, ժողովրդի մեջ քիչ ծխել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ