Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց պետականության կայացման համար այժմ դժվարին շրջան է». ՀՀ-ում Բելառուսի դեսպան

Մայիս 14,2024 19:44

Հայոց պետականության կայացման համար այժմ դժվարին շրջան է. Եվրասիական փորձագիտական ​​ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա՝ «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ, ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: Նրա դիտարկմամբ, թեեւ շատերը նախընտրում են ուշադրություն դարձնել քաղաքականությանը, բայց նաեւ քաղաքականության հիմքում տնտեսությունն է:

«ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է ԵԱՏՄ-ում նախագահությունը եւ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի առաջնահերթությունները համապատասխանում են ԵԱՏՄ առաջնահերթություններին։ Այս տասը տարիների ընթացքում զգալի արդյունքներ են ձեռք բերվել փոխգործակցության բոլոր ոլորտներում։ Վերջին տարիներին Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 4 անգամ, և այս ամենը Բելառուսի եւ Ռուսաստանի դեմ բազմիցս կիրառվող պատժամիջոցների ֆոնին»,- ասաց դեսպանը։

ԵԱՏՄ-ն բավականին երիտասարդ ինտեգրացիոն միություն է, սակայն դրա զարգացման համար մեծ ջանքեր են ներդրվել։ Դեսպանը նկատեց՝ միությունում կան խնդիրներ, դրանք գաղտնի չեն, բայց վստահություն հայտնեց, որ դրանք կհաղթահարվեն։

ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմամբաեւն էլ հայտարարեց, որ Ղազախստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել ԵԱՏՄ արդյունաբերական համագործակցության նախագծերին՝ Եվրասիական տնտեսական միության այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հնարավոր մասնակցությամբ։ Խոսելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանի մասին, դեսպանը նշեց, որ Ղազախստանի համար կարևոր են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության հայտարարած առաջնահերթությունները՝ թվայնացումը և պարենային անվտանգության հարցերը։

«Վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, Ղազախստանի նախագահը հայտարարեց ԵԱՏՄ-ի՝ առանց խոչընդոտների շուկայի կառուցման կարևորության մասին. այս ճանապարհին առկա խոչընդոտների վերացումը միության բացարձակ առաջնահերթությունն է : Այդ համատեքստում շատ կարևոր են թվային լուծումների կիրառումը, ինչը առաջնահերթություն է հայտարարել հայկական կողմը»,- ասաց նա։

Դեսպանին գոհացնում են ԵԱՏՄ-ի գործունեության տասը տարիները. այդ ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունն աճել է 1,7 անգամ՝ 2023 թվականի վերջին հասնելով 28,5 միլիարդ դոլարի։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031