Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ԵԱՏՄ-ի հիմնական շահույթ ստացող երկրներից է». Սերգեյ Կոպիրկին

Մայիս 14,2024 19:22

«Պետությունների ղեկավարները մայիսի 8-ին, Մոսկվայում հայտարարեցին, որ ԵԱՏՄ-ն, անգամ այս մարտահրավերների եւ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականության պայմաններում, ցույց է տվել իր կայունությունը: ԵԱՏՄ-ն դարձել է արդյունավետ ինտեգրացիոն կառույց, որի գործունեությունն այս միավորման մասնակիցներից յուրաքանչյուրին բերում է կոնկրետ տնտեսական օգուտներ, ինչի մասին խոսում են տնտեսական ցուցանիշները»,- այսօր, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա՝ «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ, ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա գնահատմամբ, Եվրասիական ինտեգրման գործընթացներն այսօր ավելի նշանակալից են դառնում հատկապես տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացների զարգացումների ֆոնին։ Իսկ միության տասնամյա գործունեության արդյունքները, դեսպանի մատուցմամբ, նշանակալի են՝ մանավանդ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին:

Կոպիրկինի խոսքով, 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 2,5 տրիլիոն դոլարի։ Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 60%-ով։ Փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 մլրդ դոլարից հասնելով 89 մլրդ դոլարի, ընդ որում` փոխադարձ առևտրի շուրջ 90%-ն արդեն իրականացվում է ազգային արժույթով։ 2023 թվականի վերջին ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի աճը հասել է 3,7 տոկոսի, ինչը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ Միաժամանակ Հայաստանն ու Ղրղըզստանը ԵԱՏՄ–ում առաջատար երկրներ են. «Հայաստանը ԵԱՏՄ-ի հիմնական շահույթ ստացող երկրներից է: 2015 թվականից ի վեր ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն ավելացել է 14 անգամ»:

Դեսպանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԵԱՏՄ-ի գործունեության սկզբունքը հիմնված է հավասարության և փոխադարձ հարգանքի վրա՝ հաշվի առնելով դրա բոլոր մասնակիցների շահերը։

«Ռուսաստանը հայ գործընկերներին հաջողություն է մաղթում ԵԱՏՄ-ի նախագահի պաշտոնում։ Ռուսաստանը բարձր է գնահատում փոխշահավետ և բազմաշերտ կապերը, որոնք զարգանում են միության գործընկերների հետ: Մենք պատրաստ ենք հետագա համատեղ աշխատանքին՝ ամրապնդելու մեր ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիան»,- ասաց նա՝ հավելելով, որ իր երկրում դրական են գնահատում այն առաջնահերթությունները, որոնք հայտարարել է Հայաստանը` 2024թ–ի հունվարին ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031