Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ինչ այսօր անում է ոստիկանությունը, չի կարող կոչվել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն»

Մայիս 14,2024 19:01

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում հատուկ ընդգծեց, որ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը տարբերվում է բոլոր նախորդներից ոչ միայն զուտ անձով, այլեւ  բավականին հստակ նպատակադրումով, այն մտապաշարով, որով հանդես են գալիս։

«Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ հարթակը վերջապես խոսում է մաքուր հայերեն։

Ինչ որ անում է թշնամական նպատակներով եւ  ֆիզիկական բիրտ ուժի կիրառումով իրեն ոստիկանություն հռչակած ոստիկանությունը, դա չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։ Նրանք հագել են հայ ոստիկանի շորեր եւ իրականացնում են այն գործողությունները, որոնք հստակ ծրագրված են ոչ Հայաստանում, եւ անգամ  ոչ շատ հեռու տեղ։

Ես չգիտեմ նորի՞ց պիտի ապացուցել, որ մեզ զավթել են ներսից։ Սա բնութագիր է այն վիճակի, որի մեջ մենք ընկել ենք 2018 թվականից։ Ցուցարարների ամբողջ գործողությունը իրավական է, բոլորը նախատեսված է մեր օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ»,-ասաց նա։

Ոստիկանության գործողությունների մասին տիկին Ալավերդյանը նաեւ նշեց, որ ինքը որոշ ոստիկանների դեմքին բավարարվածություն է նկատել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց հետո։

«Մենք հասկանում ենք, որ դա չի կարող լինել հայ ոստիկանի պահվածք։ Դրա, այսինքն ցեղասպանական քաղաքականությունը, սպասարկելու մասին, ըստ էության արդեն խոսում են արտերկրում։ Մասնավորապես, Լեմկինի ինստիտուտը, որը միջազգային շատ բարձր համբավ ու հեղինակություն ունի եւ պայքարում է ցանկացած վայրում ցեղասպանությունների կանխարգելման համար։ Իսկ ցեղասպանությունը ոչ թե միայն կոնկրետ ազգի դեմ հանցագործություն է, այլ մարդկության դեմ հանցագործություն։

Այսպիսով, նրանք, ովքեր ոստիկանի շոր հագած հաճույք են ստանում կանանց, անչափահասների, լրագրողների հանդեպ բռնություն գործելուց, հնարավոր չէ, որ ես նրանց անվանեմ Հայաստանի Հանրապետության ոստիկաններ։

Լեմկինի ինստիտուտը ընդգծում է, որ այն բառապաշարը, մտապաշարը, որով հանդես է եկել այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, փաստորեն նշանակում է Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության մերժում։ Ուշադրություն դարձրեք. բոլոր ցեղասպանագետները, այդ թվում եւ Լեմկինի ինստիտուտը, ցեղասպանության մերժումը, դրա արդարացումը, մեղքը այն կողմի վրա գցելը, որը ենթարկվել է ցեղասպանության, դա կոչում են ցեղասպանության փուլ։

Երբ ես ասում եմ ներկայիս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, դա լոկ տեսական բանաձեւ չէ։ Արդեն իսկ այդ անձի շուրթերով այսօր արդարացվում են ցեղասպան Թուրքիայի գործողությունները’ մեղքը դնելով հայերի վրա կամ այլ պետության, մասնավորապես, Ռուսաստանի վրա։

Այն, որ ցեղասպանությունը անցած դարում տեղի է ունեցել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, այսօր ոչ մեկը չի կարող մերժել։ Ապացույցները լեփ-լեցուն են, թե ինչպես է մասնակցել Գերմանիան, ինչպես լուռ որեւէ բան չի կարողացել անել Ֆրանսիան, ինչպես Նահանգները, որի փառապանծ որդի Վիլսոնին մինչ այսօր մենք հիշում ենք մեծ շնորհակալությամբ, ինչպես են նրանք կողքից դիտարկել այդ ամենը։ Ինչու։ Էլի լուծվում էին իրենց’ մեզնից շատ հեռու գտնվող աշխարհաքաղաքական հարցերը։ Այդ պետությունները ունեցել են դիտորդի կարգավիճակ։

Այսօր, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը արդարացնում է Թուրքիային որպես ցեղասպանական պետություն, նա դրանով ուղղակի մասնակցում է ցեղասպանության վերջին փուլին կամ դրանցից մեկին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031