Մայիսի 10-ին «Հայկական ժամանակ» թերթի համացանցային կայքում հրապարակվել էր ՀՀ վարչապետի աջակից Հարություն Մկրտչյանի գրառումը, որով վերջինս իրավապահներին կոչ էր անում նույնականացնել խաղաղ հավաքների մասնակիցներին՝ վարժական հավաքներին ներգրավելու նպատակով։ Հեգնական գրառման մեջ հեղինակը հույս է հայտնում, որ «Ռոբի տերտերի հետ հայրենիք «փրկող» երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի՝ հետույքից գրիպ լինելու հանգամանքով պայմանավորված»:
«Հայկական ժամանակ» թերթը հիմնադրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից և պատկանում է վերջինիս ընտանիքին։ Ն․ Փաշինյանի իշխանության ընթացքում թերթը բազմիցս հրապարակել է արտաքին քաղաքականության վերաբերյալ միայն գործադիր իշխանության վերնախավին հասանելի տեղեկություններ՝ հղում անելով «հավաստի աղբյուրներին»։ Նույն Հ․ Մկրտչյանի խոսքի մեկ այլ մեջբերումով «Հայկական ժամանակ» թերթում հրապարակվել էին ծեծի և հաշվեհարդարի սպառնալիքներ ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ, ով ավելի ուշ, ոստիկանների թողտվությամբ, ենթարկվել էր խոշտանգման։ Այս հանգամանքները հաշվի առնելով կարելի է պնդել, որ իշխանությունը «կիսում է» Հ․ Մկրտչյանի տեսակետը։
Խաղաղ հավաքների մասնակիցներին վարժական հավաքների ներգրավելով սպառնալը իշխանությունների համար նոր գործելաոճ չէ։ 2022 թ․ ընդդիմության բողոքի ցույցերի ընթացքում նման հայտարարություն էր արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Իշխանական պատգամավորը կոչ էր արել ոստիկանությանը և ԱԱԾ-ին, որ հավաքների ընթացքում բերման ենթարկված անձանց տվյալները փոխանցեն Պաշտպանության նախարարությանը, «ենթադրելով», թե ցուցարարները «եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն են»։
Վարժական հավաքները ի սկզբանե նախատեսված էին պահեստազորայինների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու նպատակով։ 2023 թ․ օրենքում ավելացվեց ևս մեկ նպատակ՝ ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավելը։
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, մինչև օրենքի փոփոխությունը վարժական հավաքների մասնակիցները նույնպես ներգրավվել են մարտական հերթապահության մեջ, ինչը նաև նախատեսված էր կառավարության որոշումներուվ։ Ընդ որում, մարտական հերթապահությունը ոչ թե վարժական հավաքների ածանցյալ, այլ հիմնական մասն է։ Մինչև 2023 թ․ անցկացված եռամսյա վարժական հավաքների երեք ամսից երկուսը պահեստազորայինները իրականացնում էին մարտական հերթապահութուն, ներկայում՝ 25 օրից 14-ը։
Վարժական հավաքների ներգրավվման օրենքով նախատեսված միակ չափանիշը ծառայության ժամանակահատվածն է՝ տարեկան երեք ամսից ոչ ավելի։ Այլ հանգամանքները, մասնավորապես կոնկրետ հավաքի ընթացքում պահեստազորային քաղաքացիների ընտրությունը գտնվում է գործադիր իշխանության հայեցողության տիրույթում։
Վարժական հավաքներին ներգրավելը չի կարող կիրառվել որպես «պատիժ», ավելին՝ խաղաղ հավաքների ազատության իրացումը առհասարակ չպետք է պատժվի։ Հաշվի առնելով, որ վարժական հավաքների ներգրավման օրենքով նախատեսված չափանիշներ առկա չեն, իշխանության կողմից նման կոչեր տարածելը և ողջունելը կրում է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ խտրականության և իրավունքի խախտման իրական ռիսկ։
Խաղաղ հավաքների ազատության իրացմանը օրենքով չնախատեսված «պատժով» սպառնալը կապ չունի ո՛չ ժողովրդավարական հասարակության, ո՛չ օրենքի գերակայության և իրավական պետության հասկացությունների հետ։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն ԻՀԿ