Ելնելով Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցում հասարակական դիվանագիտության և առկա գիտական ներուժի հնարավորությունների մեկտեղման օգտակարության գիտակցումից, ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը նպաստում է հասցեական թեմատիկ ծրագրերի իրականացման համար գիտական ստեղծագործական միավորումների ձևավորմանը։
Նման գիտական միավորումներից մեկի հետ մայիսի 10-ին Երևանում համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Այն միտված է միջազգային գիտա-վերլուծական և հասարակական-քաղաքական միջավայրերում տարբեր լեզուներով Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ներկայացման աշխատանքների ուժեղացմանը։
Փաստաթուղթը ստորագրել են ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և թեմատիկ ծրագրի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը։
Համաձայն պայմանավորվածության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ներկայացման աշխատանքների գործնական մակարդակի բարձրացման նպատակով առաջիկա տասը ամիսների ընթացքում պատմագիտական բազայի հիման վրա կստեղծվի գիրք-ալբոմ գիտական թեմաներից մեկի վերաբերյալ, որը նաև հասարակական և դիվանագիտական հրատապություն ունի։ Նախատեսվում է ստեղծվող աշխատանքը հրատարակել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Կարդացեք նաև
Այս ծրագրի գործընկերները համակարծիք են, որ պատմագիտական բազայի հիման վրա գիտա-վավերագրական ուսումնասիրության ստեղծումը և տարբեր լեզուներով դրա հրատարակումը պատմական կեղծարարության դեմ պայքարի ազդեցիկ միջոց է հանդիսանում։
Մամուլի հաղորդագրություն