Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հրաշքով ստանձնեք իշխանություն, բանակցությունների ժամանակ հարցնեն՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելու եք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստվա՞ծ»․Սուրեն Գրիգորյան

Մայիս 14,2024 16:00

Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձավ «Մայր Հայաստան» խմբակցության այսօրվա ցույցին ու ընդդիմությանն ու ընդդիմադիր ուժերի շարժմանը։

Գրիգորյանն ասաց, որ ընդդիմության վերջին ու բոլոր շարժումները խնդիր ունեն՝ չունեն բովանդակություն եւ դիրքորոշում․ «Դուք ունեք լոզունգներ, կենացներ, ականջահաճո հայտարարություններ»:

«Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր Տավուշում սահմանազատման մասին հայտարարություն արեց՝ «Դե՛մ ենք միակողմանի զիջումներին» պաստառներով ու լքեցին նիստերի դահլիճը։

«Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք ուզում եք ստանձնել իշխանություն, լավ, պատկերացնենք՝ ինչ-որ հրաշքով ստանձնեցիք, բանակցություններ են, ձեզ հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը այս կամ այն հարցում, տենց նայելու եք մարդկանց դեմքին ու ասեք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստվա՞ծ։ Լուրջ տե՞նց եք պատկերացնում, այդպե՞ս է պրոցեսը գնալու, եւ ինչ-որ մեկը ձեզ այդ պահին ադեկվա՞տ է ընդունելու։ Բովանդակության բացակայությունը բացառում է որեւէ պրոցեսի հաջողություն, որովհետեւ մարդիկ կարող են մեզնից անվերջ գոհ լինել, անվերջ դժգոհ լինել, բայց մինչև դիրքորոշում չհնչի, հաջողելու ոչ մի շանս դուք չունեք»,- ասաց Գրիգորյանը: Նշենք, որ «հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» կոչերը հնչում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ։

Գրիգորյանի խոսքով՝ ընդդիմադիր շարժումը դիրքորոշումը չի հնչեցնում, քանի որ, եթե նրանք իրենց իրական դիրքորոշումը հնչեցնեն, նույնպես հաջողելու հնարավորություն չունեն. «Այսինքն` ցուգցվանգային իրավիճակում եք հայտնվել ու չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք այդ պայմաններում անընդհատ նույն պրոցեսը, «День сурка» ֆիլմ կա, լրիվ նույն իրավիճակն է՝ անընդհատ նույն թեզերն են, ուղղակի տարբեր մարդկանց դեմքերով»։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ ընդդիմության խնդիրը ՔՊ-ի քաղաքական միավորի հետ չէ, այլ Սահմանադրության մեջ է․ «Ի դեպ՝ անփոփոոխելի հոդվածների հետ դուք խնդիր ունեք: Երբ ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ այդ իշխանության իրացման ձեւը ընտրություններն են, դուք չեք ասում՝ եկեք արտահերթ ընտրություններ անենք, դուք ասում եք՝ իշխանությունը տվեք մեզ։ Վարչապետը լավ ասաց՝ իշխանությունը անտեր ա՞, որ ձեզ տանք, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չենք կարող իշխանությունը տալ ձեզ անգամ ամենամեծ ցանկության դեպքում։ Շատ պարզ է, թե ինչու ընտրություն չեք պահանջում, որովհետեւ ընտրությունների ֆորմատը ձերը չի, դուք բազմիցս համոզվել եք դրանում»։

Գրիգորյանն ասաց՝ գուցե հարց լինի՝ բա ինչպե՞ս եղավ, որ 2018-ին փողոցի պահանջով վարչապետի փոփոխություն եղավ․ «2018 թվականն ու հիման չի կարելի համեմատել, որովհետեւ այն ժամանակ ընտրություններն «ընտրություններ» էին, իսկ հիմա իրական պրոցես է։ Եթե դուք քաղաքական հայտ ունեք եւ վստահության քվե եք ակնկալում, պետք է այդ ընտրությունների ճանապարհով գնաք»։

Գրիգորյանն ասաց, որ 2018-ից առաջ ընտրությունները խեղաթյուրվում էին։

«Այս շարժումն ունի մի տարբերություն՝ արձանագրելով, որ ձեր դեմքերով հաջողության հասնելու հնարավորություն չկա, հիմա չեք խորշել նաեւ խեղաթյուրել եւս մի արժեք, ինստիտուտ։ Այսինքն, այնքան ցածր եք իջել, որ հիմա փորձում եք մարդկանց զգացմունքների, հավատքի հետ խաղալ եւ ձեր քաղաքական դիվիդենտները շահեք։ Բայց էլի չի ստացվում, որովհետեւ չեք հասկանում, որ մարդիկ հիմար չեն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սուրեն, միացեք Բագրատ Սրբազանին, աննկատ միացեք (Барон Мюнхаузен):
    Տեսեք, Սուրեն, այս շարժումը տեղ է տալիս որ Դուք ունենաք հասարակ մարդկային հույզ` ‘ուզում եմ հասկանալ’:
    Մինչդեռ, Ձեր կուսակցությունը տպավորոչ հաջողությամբ ջնջել է հայի մոտ այս հիմնարար, մարդուն բնորոշ բնական հույզը` Ձեր արած-չարածի վերաբերյալ չկա հասկանալու և ոչ մի ակնկալիք: Հայը այսօր առնվազն շշմած է թե ինչ ինքնավստահությամբ, թափով ու ինչ սպեկտրով է գործում ղեկը ամուր բռնած դմբոների ու ապիկարների խումբը: Հարցում արե՞լ եք թե կա քաղաքացի ով հարց ունի Ձեզ ուղղելու: Անիմաստ բան են համարում: Մտահոգիչ չէ՞:

  2. Ինչ վերաբերվում է այն պահին երբ ինքներդ ձեզանից հիասթափված կընդունեք, որ իշխանության ղեկը հարկավոր է հանձնել (հիպոթեթիկ պահ), նորերը դիրքորոշման վերաբերող հարցերին պատասխաններ կհնչեցնեն: Պատասխանների մեջ կներարկվեն ‘հայ’, ‘հայրենիք’, ‘աստված’ և այլ սքանչելի հայկական բառեր: Բա ոնց:
    Որովհետև, իրավացի եք, մարդիկ հիմար չեն (‘Հաղթումենք, ԱրծրունՀովհաննիսյան 44-օրյա պատերազմի էջերից, ‘ԱպագակաԱպագա, ԱլենՍիմոնյան Արցախի հայաթափումից, …նիկոլ…) բումերանգի պես գալու խփելու է Ձեզ:

  3. Զուգահեռների մասին: Ուշադիր ե՞ք նայել День сурка: Նայե՞լ եք այս ելույթում Ձեր դեմքին: Այդ ֆիլմում նաև կա бурундук` իսկ որ Դուք եք: Անվստահ ու վախեցած: Այնպես որ, Սուրեն, միացեք Բագրատ Սրբազանին, աննկատ միացեք (Барон Мюнхаузен):

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031