«Սա քաղաքական դատավարություն է, ես Արմեն Աշոտյանին, Նարեկ Սամսոնյանին, Մամիկոն Ասլանյանին… բոլորին համարում եմ քաղաքական բանտարկյալ, ոչ թե որ այդպես եմ ուզում տեսնել, այլ դրա իրավական լուծումը կա: ԵԽԽՎ 2012 թվականի բանաձեւը հստակ նշում է՝ որ ատրիբուտներն են, որ անձին պետք է համարել քաղբանտարկյալ՝ անհամաչափ վարչարարություն, ինչն ակնհայտ է, ու խտրական վերաբերմունք նույն արարքները կատարող տարբեր անձանց նկատմամբ»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը եւ իշխանությունների շահարկումներին, թե Սրբազանի այդ գործունեությունը հակասահմանադրական է, պարոն Պետրոսյանն ասաց. «Այո՛, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ-ն ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայապահպանման գործում: Ավելին՝ ՀՀ-ում գործում է 1991 թվականի հունիսի 17-ի օրենքը, որտեղ հստակ նշված է, որ Հայ Առաքելական եկեղեցին հայապահպանման կարեւոր պատվար է հանդիսանում, հետեւաբար եթե ասում է, որ պետությունը ճանաչում է այսինչ կարգավիճակը, այդ կարգավիճակը միայն իրավունք չի ներառում, ներառում է նաեւ պարտականություն եւ պատասխանատվություն: Եթե Սահմանադրությունն ու այլ օրենքներ ամրագրում են եկեղեցու բացառիկ առաքելությունը, նշանակում է, որ եկեղեցին ոչ թե իրավունք չուներ կամ միայն իրավունք ուներ, այլեւ պարտավոր էր զբաղվել, որովհետեւ իր կարգավիճակը դա պահանջում է: Այնպես որ, այդ անգրագետները՝ այդ քաղաքական պատուհասի ակումբի մանդատակիրները, որ իրենց կյանքում թույլ չեն տալիս օրենք կարդալ, դրա համար էլ այդպիսի կարծիքներ կարող են հայտնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ