«Այդ օրը կախարդական օր չէ, այդ օրը ազնվությամբ, պայքարով, կռվով է գալիս, ու մարդկանց քրտինքով: Շարժումը իրավունք չունի չհաջողելու: Որովհետեւ սատանեական խաղադրույքը մեր երկրի վրա վեց տարի առաջ է դրվել ու դրա դեմ կարելի է պայքարել միայն խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է: Քաղաքացիներին հորդորում եմ՝ չվախենալ, չհուսահատվել, լսել Բագրատ Սրբազանին ու առաջնորդվել խղճով»,- այսօր դատական նիստից հետո երկրում ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հարցերին պատասխանեց Արմեն Աշոտյանը:
Ինչ է պակասում Փաշինյանին հրաժարական տալու համար հարցին, պարոն Աշոտյանը պատասխանեց՝ խիզախություն:
Կարդացեք նաև
Նիստից հետո Աշոտյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ նկատեց. «Գործը միայն այս դահլիճում չէ, որ ընթանում է: Կալանքի որոշման բողոքարկման հարցն է շատ կարեւոր: Մենք Վերաքննիչ դատարանում բողոքարկել ենք կալանքի որոշումը: Գործն ընկել է մի դատավորի մոտ, որը մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեի ղեկավարի հետ ոչ միայն մտերիմ, այլ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են: Եթե նայում ենք նրանց ծառայողական առաջխաղացումները, տեսնում ենք՝ որտեղ Արգիշտի Քյարամյանը գնացել է, իր մտերիմ ընկերոջը այնտեղ էլ փոխադրել է: Մեր պատկերացմամբ՝ սա բացարկի հիմք է, հաշվի առնելով, որ շատ տարօրինակ պայմաններում այս գործը հենց քննել ու ավարտել է Քննչական կոմիտեն: Բացարկ ենք ներկայացրել այն դատավորին, ում վարույթում է այս գործը, հայտարարել ենք՝ եթե բացարկը չընդունվի, վաղը մենք հետ ենք վերցնելու վերաքննիչ բողոքը, որովհետեւ համարում ենք արդարության հասնելու մեր շանսը զրոյական է այդ դեպքում»:
Հիշեցնենք, որ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ