Լրահոս
Օրվա լրահոսը

Նուարդ Վարդանյանը Բագրատ սրբազանին․ «Ձեր կապերով ազնիվ կլինի մտնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցել ընտրություններին»

Մայիս 14,2024 15:15

«Ուզում եմ անդրադառնալ վերջին օրերի հավաքներին, որոնք գլխավորում են եկեղեցու որոշ սպասավորներ։ Ինձ անհանգստացնում է, որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես են երիտասարդները կապում եկեղեցին նախկին որոշ ուժերի հետ եւ հետեւություններ անելով՝ հրաժարվում եկեղեցուց»,-այս մասին Երեւանի ավագանու այսօրվա նիստում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը։

«Սիրելի երիտասարդներ, նրանք բոլորը եկեղեցու պաշտոնյաներ են, այլ ոչ թե եկեղեցին կամ կրոնը։ Եթե դուք չեք ընդունում հանրապետության որեւէ պաշտոնյայի, դա չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք պետությունից, նույնը եկեղեցու դեպքում է, եկեղեցին բոլորինս է, այլ ոչ երբեք որոշ սպասավորների մենաշնորհը»։

Վարդանյանն անդրադարձավ Բագրատ սրբազանի ելույթներից մեկին, որտեղ սրբազանը մեկնաբանում է իր երկքաղաքացիությունն ու իրեն որպես վարչապետի թեկնածու ներկայացնելու կոչերը։

«Վերջերս ականջովս ընկավ սպասավորներից մեկի՝ Վազգեն կամ Բագրատ Գալստանյանի խոսքը, որում նա ասում է՝ «․․․ երկքաղաքացի եմ ես Կանադայի ու Հայաստանի, էնքան գնահատել են ինձ, որ ուղղակի քաղաքացիություն են տվել Կանադայի, հիմա ի՞նչ, սրանց կտա՞ն։ Ես երբեք չեմ ուզել, իրենք տվել են։ Որպես Կանադայի թեմի առաջնորդ ես էլ ընդունել եմ։ Անմիջապես արձագանքել են՝ Բագրատ սրբազանը իրավունք չունի, երկքաղաքացի է։ Ի՞նչ եք խառնվել իրար, այ մարդու որդիներ։ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդն է ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը։ Հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ, երբ երկքաղաքացի մարդուն ասեն՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է»,-մեջբերումներ արեց Վարդանյանը։

«Ձեր վարչապետի, սրանց․․․ արդյոք սա եկեղեցու ծառայողի խոսույթ է, արդյոք սա քրիստոնյա մարդու կամ քրիստոնեական արժեքներ կրող մարդու խոսույթ է, թողնում եմ Աստծո դատողությանը։ Սակայն նման պահվածքով ու խոսքով եւ ձեր կապերով շատ ավելի ազնիվ կլիներ օգտվել ձեր սահմանադրական իրավունքից ու մտնել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցել ընտրություններին»,-ասաց Վարդանյանը։

Նա իր ելույթն ամփոփելով՝ ասաց․ «Հայաստանը չի լինում նոր կամ հին, Հայաստանը չի լինում հոգեւոր կամ ոչ հոգեւոր, Հայաստանը մեկն է, որը քրիստոնյա, անկախ, ինքնիշխան պետություն է, որն ունի Սահմանադրություն։ Ականջներիդ օղ արեք»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031