Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ գլխադասային հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

Մայիս 14,2024 15:04

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է, կայացել են նաև հանրային լսումներ. «Այս ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները պատշաճ քննարկվել են, և երկրորդ ընթերցման է ներկայացվել արդեն լրամշակված նախագիծը: Օրենսդրական փաթեթում իրականացվել են բավականին զգալի փոփոխություններ, մասնավորապես՝ խմբագրվել են օրենքում օգտագործվող առանձին հասկացություններ՝ հաշվի առնելով մասնագիտական հանրության և միջազգային փորձագետների առաջարկները: Արդյունքում՝ դրանց բովանդակությունն առավել համապատասխանեցվել է միջազգային փաստաթղթերի և մասնագիտական կրթության ոլորտի տերմինաբանությանը»:

Նախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք իրականացվել են օրենսդրական փաթեթում, մասնավորապես՝ խմբագրվել են ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման հասկացությունները, որը նաև հնարավորություն կտա ամբողջությամբ հստակեցնել հավատարմագրման քաղաքականությունը՝ հաշվի առնելով, որ այն նաև պետք է համադրելի լինի բարձրագույն կթրության ոլորտում իրականացվող  քաղաքականությանը:

«Կարևոր խմբագրական և բովանդակային փոփոխություններ են կատարվել ու ֆինանսավորման ձևերի տարատեսակ միջոցների փոխարեն կրթաթոշակի նոր սահմանում է տրվել, որով ուսանողական նպաստի, ինչպես նաև ուսման վարձի փոխհատուցման և զեղչի տրամաբանությունն ամբողջությամբ դրվել է կրթաթոշակի նոր խմբագրված տրամաբանության մեջ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ թիրախային աշխատանք է տարվել նաև ներառականության համատեքստում՝ մասնագիտական կրթության առանձնահատկությունները հաշվի առնելով, և այդ ձևակերպումները նույնպես տեղ են գտել լրամշակված փաթեթում:

Ըստ նախարարի՝ որպես նախնական մասնագիտական կրթության որակավորման տարբերակ ներդրվել է «կրտսեր մասնագետը»՝ կարգավորելու առաջին մակարդակի առանձին մասնագիտությունների համար որակավորման անվանման հարցը, որոնք իրենց բնույթով արհեստավոր չեն դիտվում (օրինակ՝ պարեկը, բուժակը և այլն)։ Հստակեցվել են մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները: Դրանք խմբավորվել են ըստ առաջնահերթությունների, և ձևակերպումների համար հիմք են ընդունվել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», ինչպես նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ և 8-րդ նպատակները և համապատասխան ձևակերպումները։

«Այս առումով ցանկանում եմ ընդգծել այնպիսի նպատակներ սահմանումը, ինչպիսիք են՝ վերացնել անհավասարությունները կրթության ոլորտում և ապահովել հավասար հասանելիություն մասնագիտական կրթության և ուսուցման բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, նպաստել պատշաճ մասնագիտական կարողունակություններ ունեցող անձանց զբաղվածություն ունենալուն, արժանապատիվ աշխատանք գտնելուն և ձեռներեցությամբ զբաղվելուն։ Ընդգծվել է այն հանգամանքը, որ ՄԿՈՒ-ն պետք է միտված լինի ոչ միայն անձի ներկայի, այլև  ապագայի կարիքները սպասարկելուն»,-շեշտել է նախարարը։

Նրա խոսքով՝ հստակեցվել են նաև մասնագիտական կրթական ծրագրերի մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերը, ինչպես նաև դրանք փորձարկելու, գնահատելու և հաստատելու հետ կապված մեխանիզմները։ Փորձարարական ծրագրերի համար սահմանվել են պարզեցված լիցենզավորում և շրջանավարտների դիպլոմավորման ճանաչում: ՄԿՈՒ կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորման նախատեսված պահանջներում կատարվել են որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ մասնավոր ոլորտի  առաջարկով հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող մանկավարժական աշխատողների ընդհանուր թիվը նվազեցվել է առնվազն 30%-ի (նախկին 50-ի փոխարեն)։ «Սա հնարավորություն կտա մասնավոր ոլորտից ավելի մեծ թվով աշխատակազմ ներգրավել դասավանդման գործընթացում, որը հատկապես գործնական հմտությունների համար էական ազդեցություն կարող է ունենալ»,-փաստել է Ժաննա Անդրեասյանը:

Հստակեցվել են նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցման և հատկապես դուալ կրթության կարգավորումները: Հատկապես ուշադրություն է դարձվել առողջապահության, աշխատանքի անվտանգության հետ կապված դրույթներին, որոնք վերախմբագրվել են՝ հաշվի առնելով ոլորտում ՀՀ կոնվենցիոն պարտավորությունները, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել 16-18 տարեկան անձանց առողջության, անվտանգության համապատասխան պայմանների և անհատական պաշտպանության միջոցների սահմանմանը, որպեսզի  աշխատանքի վրա հիմնված ուսուցման շրջանակում  չունենանք վտանգման որևէ ռիսկ: Օրենքի ընդունումից հետո մի շարք վտանգավոր համարվող մասնագիտությունների ցանկում կարվեն համապատասխան փոփոխություններ և կսահմանենլ մուտքային տարիքային համարժեք շեմեր»,-ընդգծել է նախարարը:

Խմբագրվել են տնօրենի լիազորությունների, նշանակման,  դադարեցման, հավաստագրի տրամադրման և կասեցման հիմքերը և ժամկետները, որի նպատակն է դրանք դարձնել առավել կանխարգելող և ամբողջական: «Ցանկանում եմ ընդգծել կրթության ոլորտի ապաքաղաքականացման  և ապակուսակցականացման հստակ վարվող քաղաքականության շրջանակում տնօրենի պաշտոնավարման ընթացքում քաղաքական զսպվածության պահանջը: Առանձին դրույթով ամրագրվել է, որ տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցներն չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար։ Այսպիսով՝ ամբողջացնում ենք այն երաշխիքները, որոնք պետք է օգնեն նաև համապատասխան հետևանքներ սահմանելով՝ համակարգը զերծ պահել նմանատիպ վարքից»,-իր խոսքն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:

Պատասխանելով հանձնաժողովի անդամներին հարցերին՝ ԿԳՄՍ նախարար անդրադարձել է, մասնավորապես, դպրոցների ապաքաղաքականացման և քաղաքական զսպվածության հարցի կարգավորմանը:

«Առաջին ընթերցման ժամանակ արդեն իսկ ունեինք սահմանված հստակ պահանջ, որ տնօրենի պաշտոնի համար չի կարող դիմել մարդ, որը հանդիսանում է որևէ քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ: Ընդ որում՝ կրթական տարբեր մակարդակների համար մեր կարգավորումները համադրելի են: Սակայն ակնհայտ է, որ այստեղ կարիք ունենք առաջին հերթին վարքային սահմանափակում սահմանելու, որը հնարավորություն չի տա տվյալ պաշտոնը զբաղեցնող անձին ունենալ վարքային այնպիսի դրսևորում, որը կարող է մեկնաբանվել որպես որևէ կուսակցության կամ կրոնական միավորման օգտին քարոզչություն կամ դրա շահերից ելնելով՝ որոշակի աշխատանք: Նմանատիպ կարգավորումներ գործում են, օրինակ, դիվանագիտական ծառայողների համար: Այսինքն՝ այն ձևակերպումները, որոնք առաջարկվում են, արդեն իսկ որոշ ոլորտների պարագայում գործում են, և մեզ համար կարևոր է, որ կրթության ոլորտում այն ունենա նաև օրենսդրական ձևակերպում և տա առանձին լծակներ՝ կոնկրետ ահազանգերի դեպքում քայլեր ձեռնարկելու համար: Այս դրույթի ներառումը նախատեսում է նաև համապատասխան պատժամիջոցի առկայության հնարավորություն՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը և GIZ-ի փորձագետներին՝ նախագծի շուրջ իրականացրած մեծածավալ աշխատանքների համար. «ՄԿՈՒ ոլորտում, իսկապես, հնարավոր է կարճ ժամանակում լավ արդյունքներ արձանագրել»:

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031