ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով մեղադրյալ Մարթա Սիմոնյանն այսօր դատական նիստին չէր ներկայացել: Նիստը նախագահող դատավորը հետաքրքրվեց Սիմոնյանի պաշտպանից՝ երբ նա կներկայանա ու բացակայելու ինչ հիմքեր կան: Ի պատասխան՝ դատարանին ներկայացվեց, որ վերջինս օրեր առաջ ծննդաբերել է որոշակի խնդիրներով ու չի կարող առաջիկա 20 օրվա ընթացքում ներկայանալ դատարան: Փաստաբանի խոսքով, նա բժշկի հսկողության տակ է գտնվում, ներկայացվեց համապատասխան բժշկական փաստաթուղթ: Դատարանի որոշմամբ՝ նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 30-ը, որ մեղադրյալն էլ ներկա լինի:
Մինչ նիստի ավարտը, Արմեն Աշոտյանը հայտարարությամբ հանդես եկավ.
«Որպես ՀՀԿ փոխնախագահ, պարտավոր եմ մինչեւ մայիսի 31-ը ներկայացնել եկամուտների հայտարարագիր, ինչի համար կարիք կա համակարգչային կապի ու համապատասխան թույլտվությունների: Հաշվի առնելով, որ խնդիրը հղի է հերթական սարքոցիով, եթե հայտարարագիրը ժամանակին չլրացնեմ, հնարավոր է քրեական հետապնդումներ սարքվեն, ժամանակին գրեցի մեր ՔԿՀ ղեկավարին այս խնդրի մասին, որ դիմի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ու հասկանանք՝ ազատազրկված մարդիկ ինչպես են լրացնում հայտարարագիրը: Լրացման համար պայմաններ չկան, իսկ չլրացնելու դեպքում նախատեսվում է քրեական հետապնդում, հիմա ես ինչ անեմ »:
Արմեն Աշոտյանը դատարանին խնդրեց ապահովել իր պարտականությունները հայտարարագրի մասով պատշաճ իրականացնելու պայմանները: Նա նաեւ նկատեց, որ իր համար միայն համակարգիչը քիչ է, պետք է այն միացված լինի համացանցին, ինչի մասին իրեն պետք է համապատասխան որոշում:
Կարդացեք նաև
Նիստը նախագահող դատավորն ասաց, որ համացանցի մասով կդժվարանա որեւէ բան ասել, որովհետեւ ՔԿՀ-ներն ունեն իրենց ներքին կանոնակարգն ու դրանով պայմանավորված սահմանափակումները, իսկ թղթային տարբերակով տրամադրված փաստաթղթերի տպագրման եւ Աշոտյանին տրամադրելու որեւէ խոչընդոտ չի տեսնում: Ասաց՝ եթե դիմել ու մերժվել եք, դատարանը համապատասխան գրությամբ ՔԿՀ-ից կպահանջի, որ տրամադրեն:
Հիշեցնենք, որ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ