Շիկահողը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից է: Այնտեղ մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Բնակիչներից որոշներն աշխատում են գյուղի կարի արտադրամասում, «Շիկահող» պետական արգելոցում և դպրոցում։
Դպրոցում հիմնականում աշխատում են Շիկահողի բնակիչները, սակայն, դպրոցն ունի մեկ աշակերտ: «Մեր դպրոցը գործում է հարակից Սրաշեն գյուղի դպրոցի հետ մեկտեղ, սակայն, այնտեղ ևս աշակերտների թիվը քիչ է»,- նշում է Շիկահողի բնակիչ Սոնա Ղազարյանը:
Սոնան ծնվել է Շիկահողում, շատ է սիրում իր գյուղն ու գյուղի մարդկանց, սակայն, աշխատանքի բացակայության պատճառով, այժմ աշխատում է Կապան քաղաքում. «Աշխատանքի բերումով միշտ չէ, որ կարողանում եմ օրվա ավարտին գյուղ վերադառնալ, ցավոք, հիմնականում ոչ աշխատանքային օրերին եմ կարողանում գյուղում լինել»,- նշեց զրուցակիցս:
Կարդացեք նաև
Սոնայի խոսքով, սահմանամերձ գյուղերում միշտ էլ առաջնային է անվտանգության խնդիրը, հատկապես սահմանային հատվածներում այգիներ ունեցող և վարուցանքի հետ առնչվող գյուղացիների համար։ Իսկ առօրյայում հաճախ են լինում ականների պայթյունի ձայներ կամ կրակոցներ, ինչը հոգեբանական մեծ և բացասական ազդեցություն է թողնում յուրաքանչյուր բնակչի վրա. «Յուրաքանչյուր սահմանամերձ գյուղում ապրողի մոտ առկա են շատ տնտեսական խնդիրներ, քանի որ ապրելով սահմանին մոտ և ունենալով անվտանգության խնդիր, գյուղացին չի կարող ոչ մի ոլորտում ներդնում անել, բիզնես ստեղծել կամ մտածել առաջ շարժվելու մասին։ Բավական է մի փոքր սահմանային ընդհարում և ամբողջ ունեցածը կարող է հայտնվել լինել-չլինելու խնդրի առաջ»,- նշեց Սոնան:
Նրա խոսքով, նախքան Շիկահողի սահմանամերձ դառնալը, մարդիկ բազմաթիվ աշխատանքներ էին իրականացնում, սակայն, հիմա դադարեցրել են` հեռանկար չտեսնելու պատճառով:
Սոնան գյուղի ապագան կապում է խաղաղության ու անվտանգ միջավայրի հետ, որովհետև անվտանգ միջավայրում ցանկացած բնակիչ կարող է աշխատել և ապահովել իր ընտանիքը. «Գյուղի ապագայի հետ կապված մեծ նպատակներ ունեմ, որոնք հուսով եմ, մի օր կկարողանամ իրականացնել։ Ես ավարտել եմ «Զբոսաշրջություն» մասնագիտությունը։ Հատուկ էի ընտրել այս մասնագիտությունը, որ կարողանամ օգնել իմ գյուղին ավելի ճանաչված և առավել զարգացած դառնալու հարցում, բայց պատերազմը գլխիվայր շրջեց իմ բոլոր նպատակներն ու երազանքները… Սակայն, հույսս դեռ չեմ կորցրել, որ մի օր կկարողանամ անել գյուղիս համար այն ամենն, ինչի մասին ամեն օր մտածում եմ: Սահմանի անկայուն լինելու պատճառով, գյուղացիները՝ մասնավորապես երիտասարդներս, չենք կարողանում ներդրումներ անել գյուղում և ստիպված աշխատանք են փնտրում հարակից քաղաքներում, ինչը մեծ ցավով եմ ասում։ Կարծում եմ, եթե իսկապես ունենանք անվտանգային խնդիրների լուծում, ապա մարդիկ ավելի մեծ ոգևորությամբ կսկսեն աշխատել արարել ու շենացնել իրենց հողն ու ջուրը»,- նշեց Սոնան:
Հավելում է. «Ցավով եմ ասում, բայց գյուղը «ծերանում» է, երիտասարդ ընտանիքներ չկան, դրա համար էլ աշակերտներ ևս չունենք։ Մանկապարտեզ ունենք, բայց երեխա չունենք… »:
Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ