«Միջանձնային տիրույթում ուղիղ իմ աչքերի մեջ նայելով՝ վիրավորանքի փորձ որեւէ մեկը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու «պոլերին», կհաչա, կվնգստա ու կկաղկանձի, ու ես դրան կտամ քաղաքական պատասխան»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանն՝ անդրադառնալով ավագանու նախորդ նիստում տեղի ունեցածին։
Սուքիասյանն անդրադառնալով քաղաքապետի գործունեությանն, ասաց․ «Պարոն Ավինյան, դուք հեղափոխության առաջամարտիկներից եք, բրավո, բայց հեղափոխական լինելը մի բան է, բարձրաստիճան չինովնիկ լինելն՝ այլ բան։
Ցայտուն վիճակագրություն է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ձեր պարետության շրջանը, երբ Հայաստանը գրանցեց հակառեկորդ մահացությունների գծով, հետո պարզվեց կան չարաշահումներ, քրեական գործեր։ Մյուս ձեր փայլուն դրսեւորումը ԱՆԻՖ-ն էր, 2019-2024 թվականներին 5 միլիարդ դոլար է ծախսվել եւ սույն թվականի հունվարին պետական վերահսկողության ծառայությունը ֆիքսեց, որ ծախսերն անարդյունավետ էին, մասնավորապես՝ աշխատավարձերի գծով։ Ձեր ղեկավարած քաղաքում, երբ ձյուն է գալիս, ժամը մեկին-երկուսին թաղապետերի լայվերն ենք տեսնում, որ արդեն իսկ սառած, գետնին կպած ձյան վրա սկսել են աղ ցանել։ Հետո սանմաքրման պետին հանում եք, նորին եք նշանակում, բայց ասում եք՝ ռիսկեր կան, Արեյանին էլ ասում եք, որ հետեւի։ Ձեր ղեկավարած քաղաքում, երբ անձրեւ է գալիս, նավատորմ է պետք քաղաքում երթեւեկելու համար։
Ձեր ղեկավարած քաղաքում դուք եք ասում, որ երկրորդային փողոցների ասֆալտապատման համար մրցույթներին չեն մասնակցում։ Ձեր ղեկավարած քաղաքում տեխհսկիչները թուղթ են ծախում շինարարների վրա»։
Կարդացեք նաև
Սուքիասյանն իր ելույթում ասաց, որ ինքը պայքարել է նախկին իշխանությունների դեմ, եւ դրա համար չի զղջացել․ «Բայց ափսոսանք զգում եմ, քանի որ 2018-ից հետո տեղի չունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար՝ մենք չունեցանք ավելի հզոր Հայաստան։ Ես ունեմ այդ բարոյական իրավունքը՝ նախկինում պայքարած լինելով, երբ շատերն այս դահլիճում նախկինում էլ էին լոյալ իշխանությունների հանդեպ, այս իրավիճակում ես ունեմ իրավունք քննադատելու եւ քաղաքական գնահատական տալու, ու թող որեւէ մեկի մոտ հիվանդագին ռեակցիա չլինի»։
Ավագանու անդամի խոսքերով՝ երկիրը կանգնած է գոյաբանական խնդիրների առաջ եւ քաղաքական լուծումներն անխուսափելի են, ոչ մի իշխանություն հավերժ չէ․ «Սիրելի երեւանցիներ, ցանկացած իշխանություն ենթակա է փոփոխման, եւ այս իշխանությունները հեռանալու են շատ ավելի շուտ, քան իրենք են պատկերացնում»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց․ «Միայն նախավերջին ձեր ասածի հետ եմ համաձայն՝ բոլոր իշխանությունները ենթակա են փոփոխման ժողովրդավարական, արդար ու ազատ ընտրությունների միջոցով եւ այդ ընտրությունների հնարավորությունը ստեղծել է հենց այս իշխանությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ